Նախընտրական շրջանը որոշակի իմաստով ձանձրալի շրջան է: Զբաղմունք գտնելն ահագին բարդ գործ է, եթե բավարար չափով քաղաքականացված չես: Խոսք ու զրույցի հիմնական թեման շուրջբոլորն ընտրություններն են: Ում միօրինակ ու տաղտկալի են թվում նախընտրական ելույթներն ու միջոցառումները` ինտերնետի հայկական տիրույթում կարդալու նոր բան գտնելը բարդ է: Մյուս կողմից՝ կարելի է ընթերցել այն, ինչին նախկինում ժամանակը չէր հերիքում: Օրինակ, կարելի է կարդալ «ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը»: Պիտանի գիրք է, խիստ ստվարածավալ (903 էջ): Բայց կարող է օգտակար լինել ամենատարբեր տեղեկություններ համադրելիս: Այս կարծիքին ես հանգեցի «Քաղաքացիական օրենսգրքի» տնտեսական կյանքը կարգավորող հատվածն ընթերցելիս: Նախ՝ հասկացա, որ ՀՀ հարկատուները Ազգային ժողովին իզուր չեն կերակրում: Մեր պատգամավորները ձեռքից եկածն արել են, որ կարողանան Հայաստանը հայտարարել տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունը: Օրենսգրքում հստակ սահմանված է, թե ինչ է բանկային ավանդը, եւ այլն: Ավելին` 902 հոդվածի 1 կետը սահմանում է, որ բանկային ավանդ ներգրավողը պարտավոր է «պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից»: Այսինքն՝ ոչ մի բանկ իրավունք չունի ավանդատուից գումար ստանալ՝ առանց դրա դիմաց տոկոսավճար սահմանելու եւ վճարելու: Համարյա միատեսակ պահանջ է նախատեսված փոխառություն վերցնելու համար: Տնտեսավարող սուբյեկտներն իրավունք չունեն անտոկոս փող վերցնել որեւէ մեկից: Տեսնո՞ւմ եք՝ մեր խորհրդարանականներն ինչքան մտահոգ են դրամական ազատ միջոցներ ունեցող մարդկանց դարդ ու ցավով: Կոռուպցիայի կամ պարզ կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում մեր իշխանությունը, համաշխարհային փորձն աչքի առջեւ ունենալով, փորձում է հնարավորինս սահմանափակել կանխիկ դրամաշրջանառությունը: Փորձում է ու խրախուսում բանկային կրեդիտ քարտերի համակարգի ներդրումը: Պետական ու ոչ պետական շատ հիմնարկներ աշխատավարձերի վճարումն արդեն իրականացնում են այդ քարտերով: «Սուպերմարկետ» կոչված խանութներն արդեն վաղուց առեւտուրն իրականացնում են նաեւ այդ քարտերով: Երեւանի կենտրոնը մեկ քառակուսի մետրին ընկնող բանկոմատների թվով շուտով եվրոպական ցուցանիշներ կարձանագրի: Նման քանակությունը պաշտոնական միջին 75 հազար դրամ աշխատավարձ ունեցող երկրում կարող է չափազանցություն թվալ, բայց ի՞նչն այդպիսին չէ մեր երկրում: Հայաստանի տարածքում գործող բանկերը իրար հերթ չտալով՝ փորձում են առավել նպաստավոր պայմաններ առաջարկել իրենց քարտերից օգտվողների համար: (Բանկերի հեռուստագովազդները զիջում են միայն գազի երկկողմանի կաթսաների գովազդին): Մինչեւ անցած տարի այս ոլորտում բավական զուսպ քաղաքականություն էր վարում HSBC բանկը: Միջազգային բարձր հեղինակություն վայելող ֆինանսական այս կառույցը Հայաստանում ամենացածր տոկոսադրույքներն էր սահմանում ավանդների դիմաց: Եվ հակառակը` ամենաբարձր վարձավճարներն իր ծառայությունների համար: Դրանով ակնհայտ էր, որ այս բանկը նպատակադրված էր աշխատել միայն հարուստ հաճախորդների հետ: Բայց անցած տարի HSBC-ն կարծես փոխեց իր քաղաքականությունը: Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում նոր գրասենյակներ բացվեցին, իջան սպասարկման վարձավճարները` համարյա բոլոր ծառայությունների գծով: Հեղինակավոր կառույցի գործունեության ակտիվացումը բոլոր տնտեսագետները դրական են գնահատում: Իսկ իշխանամետ մասնագետներն այն համարում են տնտեսական միջավայրի բարելավման հետեւանք: Դրական գնահատականների ստվերում աննկատ է մնում մի բան: HSBC-ն աշխատավարձային հաշիվները սպասարկող քարտերի տրամադրման պայմանների մեջ մի տարօրինակ պնդում ունի: Բանկի բոլոր հաճախորդներն իրենց աշխատավարձային հաշվի վրա պիտի ունենան առնվազն 100 հազար դրամ: Եթե եռամսյակի ընթացքում միջին օրական մնացորդը 100 հազար դրամից պակաս է, բանկը հաճախորդից յուրաքանչյուր եռամսյակ գանձում է վեց հազար դրամ: Տույժ կամ տուգանքի գանձման այս ձեւը կարծես հակասում է մեր «Քաղաքացիական օրենսգրքին»: Բայց դա, հավանաբար, մանր խնդիր է, որ արժանանա ՀՀ Կենտրոնական բանկի ուշադրությանը: Հատկապես այս օրերին, երբ բոլորի ուշադրության կենտրոնում նախագահական խնդիրներն են: Իսկ ընտրություններին նախորդող ու հատկապես հաջորդող շրջանում ԿԲ-ն էլ, իշխանության մյուս կառույցների նման, ավելի կարեւոր գործեր ունի: Շատ ավելի կարեւոր՝ քան օրենսդրության պահանջների կատարմանը հետեւելը: Ճիշտ այնպես, ինչպես հին ու տափակ անեկդոտում` «Բա քեռին հիմա բան ու գործ թողնի ու թիթեռ նկարի՞»: