«Խնդրում եմ, օգնե՛ք, մի բա՛ն արեք, չեմ դիմանում»

04/02/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Օգնե՛ք ինձ, աղջիկս, օգնե՛ք, աղաչում եմ: Քուչեքն եմ մնացել, սառցակալում, ցրտից մեռնում եմ, էլ ուժ չունեմ, չեմ դիմանում: Ինչքան կարելի ա հարեւաններին խնդրել՝ թույլ տալ իրանց տանը քնել, ամաչում եմ, էլ չեմ կարում»,- խնդրում է նա ու իրար վրայից հագած բազմաթիվ շորերը վեր քաշելով՝ ցույց է տալիս մարմնի կապտուկներն ու սեւացած հետքերը: Ձեռնափայտով տեղաշարժվող տարեց կնոջ ոտքը փտախտի պատճառով անշարժացել է, իսկ մարմնի տեղ-տեղ սեւացած հետքերը հուշում են, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է: Տիկին Ռոզան ապրում է Վարդաշենի հանրակացարանում, իսկ նրա սենյակի սառնությանը դիմանալու համար առնվազն պիտի պատրաստ լինես մահվան: Էլեկտրաէներգիայի համար 18.000 դրամ պարտքի պատճառով` արդեն 20 օր է` զրկվել է հոսանքից, ինչի պատճառով այս կինը բառիս բուն իմաստով ցրտից խելագարվում է: Անթարթ աչքերով խոսում է, ինքն իրեն հարց է տալիս, լաց լինելով պատասխանում է, բղավում, ցնցվում է: Տիկին Ռոզայի հոգեկան վիճակն անկայուն է, հուզմունքից խեղդվում է: Ասում է` «Խնդրում եմ` օգնե՛ք, մի բան արեք՝ լույսս միացնեն, չեմ դիմանում էս ցրտին: Խոստանում եմ, որ պլիտա չեմ միացնի, հոսանք չեմ վառի, մենակ ջուր կտաքացնեմ, շշի մեջ կլցնեմ ու կդնեմ ոտքիս, որ ցավերս մի քիչ մեղմվի: Ես ցրտին կդիմանամ, սովին էլ կդիմանամ, բայց ցավերիս չեմ դիմանում: Ախր ես շաքար էլ ունեմ, վատանում, կոմայի մեջ եմ ընկնում: Դուք կարաք, աղջիկ ջան, մեկին խնդրեք, ձեր կապերով միջամտեք՝ թող հոսանքս միացնեն»: Միայնակ թոշակառու այս կինը ստանում է ընդամենը 6000 դրամ թոշակ, որը վերջին ամիսներին չի էլ տեսնում. «Խանութներից պարտքով հաց եմ վերցրել, ու ահագին գումար ա կազմել: Էս քանի ամիս ա՝ թոշակ չեմ էլ ստանում, պարտատերերս են ստանում: Մենակ ցամաք հաց եմ վերցրել, 20.000՝ մի խանութին, 18.000 էլ մյուս խանութին եմ պարտք: Ես եմ իրանց խնդրել, որ թոշակս իմ փոխարեն ստանան: Էնքան են գնում-գալիս, խայտառակ եմ լինում: Ասեցի` Նորո ջան, 6000 թոշակ եմ ստանում, էն էլ դու ստացի իմ տեղը, մենակ թե ինձ ցամաք հաց տուր»: Տիկին Ռոզան նորից գիտակցելով իր անօգնական վիճակը՝ բղավում է. «Քուչեքն եմ քնում, բալես, քուչեքը… Էս սառույցի մեջ փետանում եմ, վախենում եմ մենակության մեջ ցրտից մեռնեմ»: Տիկին Ռոզան հաշմանդամ երեխա ունեցող հարեւանուհուն խնդրել է թույլ տալ՝ իր սենյակում գետնին գիշերել, այլապես ցրտին չի դիմանա: Նրա մարմինը ցրտից սեւացել է, հավանաբար ցրտահարվել է: Ասում է` մի քանի օր էլ հարեւանուհի Բելա տատիկի տանն է գիշերել, սակայն նրա տղայի այցելության պատճառով չի կարող փոքրիկ այդ սենյակում մնալ նրանց հետ: «Ամոթու խեղդվում եմ, էլ երես չունեմ, որ մեկին խնդրեմ: Երեկ մտածեցի՝ մտնեմ տեղերս, բայց վախեցա, դուռս փակ, ես էս մառոզին կմեռնեմ` չեն իմանա»,- ասում է Ռոզա տատն, ով արյան զեղում է ստացել, բայց անգամ տրանսպորտի գումար չունի, որ հասնի հիվանդանոց: Ողբալով ասում է` «Գնայի հիվանդանոց՝ գոնե տաք կլիներ, բայց ինձ տիրություն անող չկա, ինձ շան տեղ դնող չի լինի: Տեր չունեմ, երեսիս եկող չի լինի: Եթե հոսանքս միացնեին` ես ոչ մեկին նեղություն չէի տա: Ախր 6000 դրամ թոշակով ո՞նց 18.000 դրամ պարտք տամ, մենակ ցամաք հաց էլ չեմ կարում առնեմ: Երդվում եմ, որ քանի օր ա՝ հաց չեմ կերել»:

Միայնակ թոշակառու տիկին Ռոզային երկար լսել հնարավոր չէ. նա չի դադարում լաց լինելուց ու բղավելուց: Տարեց կինը սոցիալական ծայրահեղ վատ վիճակից կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, չի դիմանում այլեւս: Նա մեր երկրում ապրող բազմաթիվ այն տարեցներից մեկն է, որին պետությունը տալիս է 6000 դրամ կենսաթոշակ: Հարցնում եմ` «Բայց թոշակները բարձրացրել են, չէ՞»: Պատասխանում է` «Չէ՛, չգիտեմ, իմ թոշակը խանութի Նորոն ա ստանում»: