Հացադուլ

04/02/2008

«168 Ժամը» երեկ ահազանգ է ստացել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ բանտարկության դատապարտված կալանավորների հարազատների կողմից: Վերջիններս տեղեկացնում են, որ ցմահ բանտարկված վեց դատապարտյալներ հացադուլ են հայտարարել` պահանջելով վերանայել իրենց գործերը: Մեկուսարանում պահվող հացադուլավորները համարում են, որ իրենց անարդար են դատել, եւ պահանջում են դատավճիռները վերանայել: ՀՀ ԱԴ «Նուբարաշեն» ք.հ-ի պետ պրն Առաքելյանն ի պատասխան մեր հարցման՝ ասաց, որ ոչ թե վեց, այլ չորս դատապարտյալներ են հացադուլ հայտարարել: Նրա խոսքերով` կալանավայրի ղեկավարությունն ընդունելություն է կազմակերպել` դատախազի, հոգեբանների մասնակցությամբ: Ինչ վերաբերում է հացադուլավորների գործերի վերանայման պահանջին, ապա պրն Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նրանք հինգ տարի առաջ դատապարտված մարդիկ են ու հանկարծ աղմուկ են բարձրացնում, թե իրենց անարդար են դատել: Դե՛, բոլորս էլ գիտենք, որ ընտրություններ են, ուզում են շահարկել, որ իրենց խնդրին ինչ-որ ընթացք տրվի»: Ի դեպ, դատապարտյալների հարազատները մեզ փոխանցեցին, որ հացադուլավորները խնդրել են նաեւ լրագրողի ներկայություն, սակայն քրեակատարողական հիմնարկի պետն ասաց, որ նման պահանջ չի եղել: