Տաքսու վարորդները սկսել են կողմնորոշվե՞լ

04/02/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ նախագահական ընտրությունների մասին խոսելիս շատերն ասում են, թե հասարակության մեծ մասը չի կողմնորոշվել, թե թեկնածուներից ում է տալու իր ձայնը: Տաքսիների վարորդները, սակայն, որպես ՀՀ քաղաքացիներ՝ բավական ակտիվ են եւ տեղեկացված, ծանոթ են եւ հետեւում են ներքաղաքական դաշտի բոլոր զարգացումներին:

Արթուր Բաղդասարյանը պիտի բացատրություն տա

Վարորդ Վահեն կոչով դիմում է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին. «Ես միշտ էլ էդ երիտասարդին բարձր եմ գնահատել եւ համարել եմ, որ նրա ուղեղը մեր երկրին շատ պետք կգա, բայց… Արթուր Բաղդասարյանը մոռանում ա, որ ժողովրդին պիտի դեռ բացատրություն տա, որովհետեւ մարդիկ երբեք չեն մոռանում անցյալում կատարված բաները: Ես իրան կընտրեմ միայն էն դեպքում, եթե բացատրություն տա, թե ինչի՞ էին իրան հայրենիքի դավաճանության համար մեղադրում: Ամեն օր լուրերին հետեւում եմ` սպասելով, որ մի երկու խոսքով կբացատրի էդ աղմուկի պատճառը, բայց մեկ ա` ինքը նենց դիրք ա բռնել, իբր ոչ մի բան էլ չի եղել: Չգիտես ինչի` մեր թագավորներին թվում ա, թե իրանց արարքները մոռացվում են, բայց տենց չի, մարդիկ ամեն մի փոքր բանից հիասթափություն են ապրում ու սպասում են, որ կփորձեն ինչ-որ բան բացատրել: Էն ժամանակ Արթուր Բաղդասարյանը բողոքում էր, թե իրան եթեր չեն կանչում, որպեսզի էն եվրոպացու (անգլիացի դիվանագետի հետ «Մարկո-Պոլո» սրճարանում տեղի ունեցած հանդիպման մասին է խոսքը. -Լ.Ս.) հետ ունեցած զրույցի խոսակցությունները հերքի, բայց հիմա էլ ամբողջ օրը եթերում ա, սպասում-սպասում ես, բայց էդ մասին չի խոսում,- ասում է Վահեն` անդրադառնալով Ա. Բաղդասարյանի նախընտրական ծրագրին,- Հանդիպումների ժամանակ կանգնում-հայտարարում ա, թե նորաստեղծ ընտանիքներին բնակարանով ապահովելու ենք, բազմազավակ ընտանիքներին էսքան արտոնություններ ենք տալու, թոշակներն էսքան բարձրացնելու ենք, ավանդները վերադարձնելու ենք: Էդ ամեն ինչը շատ ոգեւորիչ ա, լավ ա, բոլորն էլ սիրուն բաներ են ասում, բայց ախր չեն ասում, թե դա ո՞նց են անելու: Եթե հնարավոր լիներ դա անել` հեն ա կանեին, է՛լի: Կամ էլ` էդքան ժամանակ ԱԺ նախագահ էիր, բա մի բան անեիր, մեկին մի օգուտ տայիր, մի հարց լուծեիր: Բոլորի բուկլետներում փայլուն ապագա ա նկարած, բայց ոչ մեկը չի ասում, թե դա ինչով են անելու: Հիմա Արթուրինն ա. Թող պրն Բաղդասարյանը նախ մեզ բացատրություն տա եվրոպացիներին ծախվելու եւ ընտրությունները ձախողելու մասին էն շուխուռի մասին, որից հետո կտեսնենք, թե ինչքանով կարելի ա իրան հավատալ: Է, ես էլ կմտածեմ, որ ինքը թեկնածություն ա դնում, որ ընտրությունների անցկացումը ձախողի ու աշխարհին ապացուցի, որ Հայաստանում լավ ընտրություն անելու ձեւ չկա: Վստահ եմ, որ եթե լրիվ մաքուր ընտրություն անցկացվի` մեկ ա, որոշ մարդիկ էլի հիստերիա են բարձրացնելու, առավելեւս Արթուր Բաղդասարյանը, որը դեռ 1 տարի առաջ դրանք ձախողելու բանակցություններ էր վարում: Նենց որ, ինքը պիտի խոսա»:

«Լեւոնն իրա բաժին նախընտրական գովազդը նվիրել ա Սերժի ու Քոչարյանի մասին պատմող բամբասանքներին»

Վարորդ Սուրենի դիտարկմամբ՝ շարքային հեռուստադիտողը նախընտրական գովազդներից կարող է այս կամ այն թեկնածուի մասին պատկերացում կազմել. «Լեւոնի նախընտրական գովազդում կարեւորվում ա խոսքը, ինքը երկար խոսում ա, ինքը լավ ա խոսում, բայց հարց ա, թե ի՞նչ ա խոսում: Լեւոնի մի քանի րոպեանոց գովազդը ոնց որ բամբասանքի պաուզա լինի: Մտնում ա եթեր ու ասում ա, որ՝ Սերժն էս ա արել, Քոչարյանն էն ա արել, եթե դուք իրան ընտրեք, ապա ձեր վիճակը շատ վատ ա լինելու, դա լինելու ա ժողովրդի վախճանը: Եթե նկատել եք` Լեւոնն իրա բաժին նախընտրական գովազդը նվիրել ա Սերժի ու Քոչարյանի մասին պատմող բամբասանքներին, ոնց որ ձոն՝ նվիրված էս երկուսին: Բայց նա մոռանում ա, որ ինքը թեկնածու ա ու էդ րոպեները պիտի օգտագործի ժողովրդին իրա ծրագրերը ներկայացնելու համար: Ժողովուրդն արդեն զզվել ա բամբասանքներից, առավել եւս, երբ դա արվում ա առաջին նախագահի կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանը լրիվ մոռացել ա իրա օրոք եղած վատ բաները: Ուզում եմ ասել, որ Լեւոնն իրա անելիքների մասին խոսալու փոխարեն՝ ընկել վարկաբեկում ա էս երկուսին»: Վարորդ Սուրենը, տեսնելով Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներում ներկա բազմությունը՝ եկել է հետեւյալ եզրակացության. «Կամ Սերժին իսկապես սկսել են հավատալ ու սիրել, կամ էլ թե չէ՝ թաղապետերը համայնքի բոլոր հաստատություններից մարդկանց դատարկում, բերում են թեկնածուի հետ հանդիպման: Լավ էլ գիտենք, որ դպրոցներից, մանկապարտեզներից, պոլիկլինիկաներից, գործարաններից մարդկանց ստիպում են մասնակցել հավաքներին: Չնայած, ասեմ ձեզ, որ էդ սուլոցները, ոգեւորությունը տեսնում ես` մտածում ես, որ մարդիկ հոգով հավատում են: Էս վերջին տարիներին ես մարդկային բազմության էդ տեսակ համախմբում, ոգեւորություն չէի տեսել: Ես Երվանդ անունով մի հարեւան ունեմ, որը մասնակցում ա բոլոր միտինգներին ու հավաքներին, պարապ մարդ ա, բան ու գործ չունի: Էս Երվանդս բոլոր թեկնածուների հանդիպումների ակտիվիստներից ա, գնում շվցնում, ծափահարում, բղավում ա, բայց հետո գալի, մտնում ա պադյեզդ ու սկսում ա սաղին քֆրտել: Եթե մի 100 հատ Երվանդ լինի, ուրեմն` էդ ա: Ես շատ եմ համակրում Վազգեն Մանուկյանին ու իրան էլ ընտրելու եմ, որովհետեւ ուրիշների մասին բամբասելու փոխարեն՝ նա խոսում ա իր անելիքների մասին: Ընդհանրապես նա շատ բարոյական կերպար ա իմ համար, ու դաժե ափսոսում եմ, որ քաղաքական դեմք ա, ինքը լավ մարդ ա»:

«Թող նախագահ-նախագահ չխաղա»

Վարորդ Խաչիկն էլ ծիծաղելով ասում է, որ ընտրելու է նախագահի թեկնածու Արման Մելիքյանին. «Ախր էդ տղեն էլ ոնց որ զոռով իրա վրա ծիծաղել տա, տնաշենը թեկնածությունը դրել ա, որ եթերից ասի` ընտրեք Սերժ Սարգսյանին: Ինձ թվում ա՝ Արման Մելիքյանին մենակ իրա քուրերն ու ախպերներն են ընտրելու: Իսկ, եթե ավելի լուրջ, ապա ընտրելու եմ Վահան Հովհաննիսյանին, որովհետեւ ինքը մոզգ ա: Մենակ չեմ ընդունում, որ Նժդեհի մասին խոսալուց շատ ա շեշտում, որ հանրապետականները Նժդեհին սեփականաշնորհել են: Մի օր ինքն էր ասում, որ Նժդեհը դաշնակ ա եղել, բայց Դաշնակցական կուսակցությունն իրան հեռացրել ա էդ կուսակցությունից: Ճիշտ ա, չասեց, թե ինչի են հեռացրել, բայց դե հետաքրքիր կլիներ իմանալը: Օրինակ` դաշնակցականների անցյալում ֆաշիստական դրսեւորումներ շատ են եղել, շատ մարդկանց են պատժել, հեռացրել, բայց Վահանին ես շատ եմ հարգում, շատ խելոք ա երեւում,- ասում է Խաչիկն ու անդրադառնում է նաեւ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանին,- Էդ նախընտրական գովազդը նայում ես ու առնվազն խղճում ես էդ մարդուն ու գիտե՞ք ինչի, որովհետեւ ինքը կարծում ա, թե հայ ժողովուրդը Գավառի 100 հոգի գյուղացիներն են: Մի նախադասության մեջ 10 անգամ օգտագործում ա «ժողովուրդ» բառը ու ցույց ա տալիս մի երկու մարդկանց, որոնք իրան աստվածացնում են: Ես էլ եմ ժողովուրդ ու հեչ չեմ ուզում, որ Կարապետիչն իմ համար, ինձ փրկելու համար գա իշխանության, ու թող էդ հավաքական` ժողովրդի անունից բաներ չխոսա: Պատգամավորական ընտրությունների ժամանակ ինքը համոզվեց, որ ժողովուրդը Կարապետիչին շոգեքարշ ֆռցնելիս ա սիրում, իսկ որպես քաղաքական գործիչ՝ չի ուզում: Ես իրոք իրա հաղորդումը նայում էի, բայց թող լուրջ դեմքով նախագահ-նախագահ չխաղա»:

«Ընտրությունները մխտռելու են»

Վարորդ Արամն ասում է, որ ՀՀՇ-ին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին ամեն անգամ տեսնելիս` բարկանում է. «Էն որ մի վատ բան ես կերած լինում, համը մոռանում ես, հետո էդ նույն համը քեզ հիշացնում են: Ո՞նց կլինես»,- ասում է նա: Ապա, թե` «Հազիվ մոռացել էինք Լեւոնին ու ՀՀՇ-ին, էլի հիշացրին: Այ մարդ, 10 տարի տանը գիրք գրելով ա զբաղվել, հիմա դուրս ա եկել ու Սերժին ու Քոչարյանին ա կպնում, ուրիշ խոսալու բան չունի՞: Ինքը մի 10 տարի էլ հըլա պիտի էս ժողովրդից ներողություն խնդրի, որ սաղի հավատքը ջարդեց, իրա օրոք սաղ թողեցին-գնացին էս երկրից: Հիմա, հակառակը, գնացածները հետ են գալիս: Վազգեն Սարգսյանի ախպերն էլ` էն Արամ Զ. Սարգսյան եք ասում, էն օրը ասում ա` գիտե՜ք Լեւոն Տեր-Պետրոսյանը ի՜նչ գիտնական ա, գիտե՜ք, իսկի մի հատ խանութ չունի: Էդի ձե՞ռ ա առնում մեզ, չեմ հասկանում, է, գիտնական ա, թող գնա գիտությամբ զբաղվի, իսկ որ ասում են` խանութ անգամ չունի` էդ ժամանակ էփած հավի ծիծաղն էլ ա գալիս: Էդ Արամը մոռացե՞լ ա, որ Վազգեն Սարգսյանը Լեւոնին վռնդեց իշխանությունից: Էդ ՀՀՇ-ն ջոկել ա, որ պարտվելու ա, ջախջախվելու ա` սկանդալներ ա սարքում: Դրանք ամեն ինչ անելու են, որ ընտրությունների օրը մխտռեն, որ արտասահմանցիներն էս երկրի վրա խաչ քաշեն: Կտենաք, Սերժ Սարգսյանը կրելու ա, ժողովուրդը իրա հետ ա, Լեւոնն ինչքան ինքն իրա մասին հիշել տա` էնքան էս ժողովրդի հոգին տակնուվրա ա լինելու, ու գնալու ա հենց Սերժին ձեն տա»:

«Կարեն Դեմիրճյանն իմաստուն մարդ էր»

Վարորդ Մանվելի կարծիքով` «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն էս երկրի մասին մի քիչ մտածեր` Սերժ Սարգսյանին կմիանար»: 53-ամյա վարորդը չի վստահում Լ. Տեր-Պետրոսյանին: «Հասկացանք` գրագետ ա, մեր հարեւան Յուրան էլ ա շատ խելացի, տնտեսագետ մարդ, ու էս երկրում շատ խելացի ու Լեւոնից հազար անգամ կրթված ու զարգացած, խելացի մարդիկ կան: Է, Արամ Սարգսյանի կամ Ստեփան Դեմիրճյանի ֆոնի վրա ո՞վ խելոք չի էրեւա: Նենց են Լեւոնին ներկայացնում, ոնց որ իրա խելացիության պտուղները մենք չենք քաշել: Ամբողջ ազգին անգրագետ են սարքում, Լեւոնին` խելացի: Օրուգիշեր թողես` Սերժ Սարգսյանին կպնի: Սերժն էլ նրան չի պատասխանում, արհամարհում ա: Ասում են` վախենում ա պատասխանի: Չեմ կասկածում, որ էնքան փաստեր կունենա Սերժը, որ ամբողջ ՀՀՇ-ն էդ փաստերի մեջ լող կտա: Եթե երկրի մասին մտածում են` պիտի նստեն իշխանությունների հետ ու համաձայնության գան: Բայց Լեւոնն իշխանության համը գիտի, չի համաձայնվի, իրա ամբիցիաները չեն թողնի: Միտինգներում ասում ա` Քոչարյանը անօրինական նախագահ ա: Բա որ անօրինական էր ընտրվել, խի՞ էիր, Լեւոն, գնացել ինագուրացիային ու նրան շնորհավորել: Կարեն Սերոբիչը, դաժե, չէր գնացել: Լավ մարդ էր Կարեն Դեմիրճյանը, ասում էր` ժողովուրդ ջան, ես եկել եմ, որ ձեր առաջ կռանամ, ու դուք ոտներդ դնեք ինձ վրա` բարձրանաք: Իմաստուն էր էդ մարդը»,- հիշում է վարորդ Մանվելը:

«Մենք հո Լեւոնի բուկլետ բաժանողը չե՞նք»

Վարորդ Սամվելն անհանգստանում է քաղաքացիական բախումներից. «ՀՀՇ-ն արդեն հասկանում ա, որ պարտվում ա, ինչ-որ բաներ ա մտածում` որ հեղափոխություն սարքի: Դրանք կուզեն, որ արյուն թափվի: Սիտուացիան կսարքեն ու կծլկեն, խեղճ ժողովուրդը կտուժվի: Իսկ իշխանություններին պետք ա, որ հանգիստ ընտրություններ լինեն: Քիչ մնաց, հես ա ՀՀՇ-ն ինքն իրա վրա հարձակումներ էլ կկազմակերպի, կրակոցներ էլ, ու կասի` օլիգարխներն ու սերժականները արեցին: Դրանք տենց գործերի մեծ վարպետ են: Էդ օրը ընտանիքիս առավոտ շուտ տանելու եմ ընտրությունների, մենք Սերժ Սարգսյանին ենք ընտրելու: Ոչ հորեղբորս տղան ա Սերժը, ոչ բարեկամ ա, բայց էդ ՀՀՇ-ի ինադու գնալու եմ ու քվեարկեմ նրա համար: Հըլա թող Լեւոնենք Վազգեն Մանուկյանից ներողություն խնդրեն` ընտրությունները կեղծելու ու էդ սաղ ծեծուջարդը սարքելու համար, հետո նոր` թեկնածու խաղացնեն: Սերժ Սարգսյանը, օրինակ, ճիշտ կաներ, եթե Վազգեն Մանուկյանի կարողություններն օգտագործեր պետության գործում: Նա շատ խելացի ու լավ քաղաքական գործիչ ա: Նա հազար անգամ Լեւոնից խելացի ա»,- ասում է վարորդ Սամվելը: Ի դեպ, նա նաեւ ասաց, որ ՀՀՇ-ն Լ. Տեր-Պետրոսյանի բուկլետները տալիս է որոշ տաքսի ծառայություններին, որպեսզի վարորդները բաժանեն հաճախորդներին: «Մեր տաքսի ծառայությանն էլ էին տվել, բայց մենք հո Լեւոնի բուկլետ բաժանողը չե՞նք»,- ասում է Սամվելը: