Բայց հետեւանքները զգացվում են

04/02/2008

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ հայտարարել է, որ ժամանակին մեծ կախվածություն է ունեցել ալկոհոլից, սակայն «քրիստոնեական հավատի ու վերին ուժերի աջակցության եւ սպորտի շնորհիվ հաղթահարել է գինեմոլությունը»: Բալթիմորում այցելելով եկեղեցու հովանավորությամբ գործող «Երիքովի կենտրոն», որը նախկին բանտարկյալներին օգնում է ալկոհոլից, ծխախոտից եւ թմրադեղից հրաժարվելու, սոցիալապես ադապտացվելու եւ հասարակության մեջ ինտեգրվելու հարցերում, Ջորջ Բուշն ասել է, որ ալկոհոլից միանշանակ եւ վերջնականապես հրաժարվել է 21 տարի առաջ, իր 40-ամյակի օրը՝ 1986թ. հուլիսի 6-ին, սովորականից շատ խմիչք օգտագործելուց հետո: «Կախվածությունից դժվար է ազատվել: Իմ կյանքի մի ժամանակաշրջանում ես իսկապես շատ եմ խմել: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում կախվածությունը,- ասել է Բուշը եւ հավելել,- Ես համոզվել եմ, որ հավատն օգնում է այդ հարցում: Նախ՝ ես հասկացել եմ, որ կա բարձրագույն ուժը, այն օգնել է ինձ իմ կյանքում, այն օգնել է ինձ թողնել ալկոհոլը»: Ըստ «Ազատության»` ԱՄՆ նախագահը, ով կենտրոնում զրուցել է թմրադեղից հրաժարված երկու նախկին բանտարկյալների հետ, ասել է. «Այս կենտրոնում կան մարդիկ, ովքեր միայնակ են, ովքեր կորցրել են կյանքի ճիշտ ճանապարհը, սակայն «Երիքովում» սեր, աջակցություն եւ փրկություն են ստացել: Ես հպարտ եմ, որ հիմա ձեզ հետ եմ: Ես ուրախ եմ, որ դուք հիմա վերամիավորվել եք ձեր դուստրերի հետ, աղջիկները շատ են սիրում իրենց հայրիկներին, աղջիկներին սթափ հայրիկներ են պետք»: