«Վախենում ենք ծիծաղելի թվալ…»

04/02/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Դաշնակահար Վահագն Հայրապետյանի համար ջազը եւ՛ մասնագիտություն է, եւ՛ ապրելաձեւ: Նա ամենահայտնի ու պոպուլյար ջազային երաժիշտներից է, ով կարծես մեր քաղաքի շարժիչ ուժը լինի, քանի որ ոչ մի վայրկյան կանգ չի առնում, նվագում է տարբեր երաժշտական խմբերում, ակտիվորեն շրջագայում է, խթանում է նոր խմբերի ստեղծումը… պարզապես ապրում է երաժշտությամբ: «Ջազն իր էներգետիկայով շատ մոտ է մեզ,- ասում է նա ու հումորով ավելացնում. Սեւամորթների տառապանքներն ու հույսերը մեզ համար հասկանալի են»: Հումորի մեծ զգացում ունեցող Վահագնի հետ զրուցելը մեծ հաճույք է, նա անեկդոտներ պատմելու ու աննկատելին նկատելի դարձնելու վարպետ է: Գերադասում է չխոսել երաժշտության մասին՝ համոզված լինելով, որ երաժշտությունը լսելու համար է եւ ոչ թե՝ «լսեցնելու»: Ակումբներում կամ մեծ համերգասրահներում ելույթ ունենալու ժամանակ Վահագն Հայրապետյանը բնազդաբար կարողանում է կառավարել դահլիճի հույզերը: Նա կարող է ասել՝ «Օրս իզուր չանցավ, այսօր լավ նվագեցինք»: Իսկ հանդիսատեսն էլ, որպես կանոն, միշտ մտածում է` մեր օրն էլ իզուր չանցավ, մենք լավ երաժշտության ծննդի վկան դարձանք: «Ես սուր անկյուններ չեմ սիրում։ Սուր անկյունները մարդուն ջղային են դարձնում: Մեր շուրջն այնքան շատ լավ բաներ կան, որ չարժե ավելորդ սրություն մտցնել նաեւ մարդկային հարաբերությունների մեջ»,- ասում է նա:

Մի քանի տարի ապրելով ու աշխատելով ԱՄՆ-ում, Վահագնը վերադարձավ Հայաստան: Եվ մեր զրույցը ստացվեց այսօրվա Երեւանի փոքր-ինչ վախեցած կերպարի շուրջ:

– Շատ երաժիշտներ գնացին Ամերիկա, հետո վերադարձան, հետո ուրիշները գնացին։ Ո՞րն է ավելի շատ խիզախություն պահանջում՝ գնա՞լը, թե՞ վերադառնալը։

– Ամերիկա գնալու ու գալու համար միայն ինքնաթիռի տոմսի փող է պետք։ Իսկ մնալու համար հարկավոր է խելք ունենալ։ Խելքն ամեն տեղ էլ պետք է։

– Զարմանալի բան է տեղի ունենում. տարբեր երկրներում ապրող մարդիկ՝ ոչ հայերը, թողնում են իրենց եղած-չեղածն ու գալիս են Հայաստան՝ ասելով, որ մեր հող ու ջրի մեջ ուժ կա, եւ իրենք այդ ուժից սնվում են։

– Մենք նատուրալ հող, նատուրալ միրգ, նատուրալ արեւ ունենք։ Մեր հարաբերություններն էլ են նատուրալ, մենք չենք ժպտում՝ ժպտալու համար։ Եվ պետք չէ դրանք փչացնել։ Ճիշտ կլինի ասել՝ չթողնենք, որ փչացնեն։ Մեր ունեցածն ուրիշին տալու կամ չտալու մասին չէ խոսքը, այլ՝ ունեցածը նկատելու ու տեր կանգնելու մասին է։ Հաճախ է լինում, չէ՞, որ մենք ինքներս ոչինչ անել չենք ուզում, եւ այդ ժամանակ գալիս է ուրիշն ու ասում՝ ես ինքս կանեմ, բայց արդեն իմ ձեւով։ Եվ հերիք չէ, որ քոնը դառնում է ուրիշինն ու ուրիշի ձեւի, այլ՝ դառնում է նաեւ ուրիշի համար։ Իսկ այդ ժամանակ արդեն քո արթնանալն ուշ է, ուզո՞ւմ էիր՝ ինքդ անեիր։

– Երաժշտության ոլորտում կարծես նույն պատկերն է, լսում ենք ոչ մերը եւ ոչ մեր ձեւով։

– Ճիշտ է։ Ունենալով մերը, մենք այն չենք տեսնում։ Եթե ուշադիր նայենք մեր հանճարներին, կտեսնենք, որ նրանք էլ են նատուրալ, բնությունից են ծնված։ Կոմիտասի հանճարը իսկական է, սարքված չէ։ Ոչ ոք չի մտածել նախապատրաստել Կոմիտասին, ոչ ոք չի սարքել նրան, նա եղել է: Գնա Հայաստանի գյուղերն ու լսիր, թե ինչպես են երգում։ Երգերը միշտ իմաստ են ունեցել, նրանք ստեղծվել են, քանի որ այդ պահին ժողովուրդն այդ միտքն է ունեցել ու դրա մասին է երգել։ Ասում ենք չէ՞` Ալաշկերտի երգը կամ Սասունի պարն է։ Մարդն ինչ ապրում է, դա էլ երգում է։ Երգը ապրածից է դուրս գալիս։

– Հիմա բոլոր երգերը սիրո մասին են, ուրեմն մեր կյանքում իշխում է սե՞րը:

– Այսօր երգվող սիրային երգերը ոչ մի բանի մասին են։ Վերջիվերջո, եթե բոլորը երգում են սիրո մասին (սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ), ուրեմն սիրո պրոբլեմ ունեն։ Եթե մարդն անընդհատ մի բանի մասին է խոսում, ուրեմն նա հենց այդ բանի կարիքն ունի։ Հանդիպել ես, չէ՞, մարդկանց, որոնք միշտ կյանքի որեւէ մի իրավիճակի, մի խնդրի մասին են խոսում, նրա մտքերը միշտ զբաղված են այդ պրոբլեմով։ Եվ նա դրա մասին է խոսում։ Իսկ սիրո կարիքը կա ամբողջ աշխարհում, «love» բառը ամեն տեղ ես հանդիպում՝ երգերի, ներկայացումների, ֆիլմերի մեջ։ Սիրո պահանջը միշտ կա ու միշտ էլ եղել է։ Իսկ հիմա սերը կարծես իսպառ անհետանում է։ Սերը ցամաքում է այնպես, ինչպես ցամաքում են գետերը։ Բայց դե այս կյանքում ամեն ինչն է շրջապտույտի մեջ, մեր մոլորակն էլ պտտվում-պտտվում, գալիս է նույն կետին, եւ շուտով հեղեղը կսկսվի, ու ամեն ինչ կմաքրվի։

– Մեզ սիրո հեղե՞ղ է սպասվում։

– Այո, ինչո՞ւ ոչ։ Ես լավատես եմ ու հավատում եմ, որ հեղեղը լինելու է։ Եվ մենք էլ կարող ենք փրկվել: Մեզ մոտ այնքան շատ լավ բաներ կան, որոնք մենք ոչ միայն չենք գնահատում, այլեւ՝ ուղղակի չենք նկատում։ Գնահատելը հետեւանք է, սկզբից տեսնել է պետք։ Տես, թե ինչպես են սկսվում կնոջ ու տղամարդու հարաբերությունները։ Մանուկ հասակից ընդունված է համարել, որ եթե փոքր տղան մի աղջկա է համակրում, ուրեմն, չգիտես ինչո՞ւ՝ պետք է նրան ձնագնդիով խփի։ Նա իր համակրանքն այլ կերպ չի կարող ցուցադրել։ Թվում է, որ շատ մանր բան է, բայց դրանից է ամեն ինչ սկսվում, այդպես՝ խփելով է տղան սկսում ուշադրություն գրավել։ Հետո տղան մեծանում է, մեծանում է նաեւ աղջիկը, բայց տղայի ձնագնդիով խփելն ու աղջկա խփվելու պատրաստ լինելը մնում է։ Դա արդեն նորմա է դառնում, եւ երբ ավտոբուս է բարձրանում որեւէ կին, տղամարդիկ նրան տեղ չեն զիջում, նույնիսկ ավտոբուսի դուռը չեն բացում, քանի որ ձեռք մեկնելը համարվում է ոչ պատվաբեր։ Որեւէ մեկը թող նրանց հարցնի՝ իսկ ինչո՞ւ պետք է այդպես լինի։

– Մարդը սովորաբար չի ուզում տարբերվել, վախենում է ծիծաղելի երեւալ։

– Հենց վախից էլ գրեթե բոլոր հայերը իրար հետ նույն կերպ են խոսում։ Երբ երեխան այսօրվա հայկական սերիալները կամ հաղորդումներն է նայում, հասկանում է, որ պետք է խոսի, ասենք, «Վերվարածների» լեզվով։ Եթե էկրանից այդպես են խոսում, մտածում է` ուրեմն այդպես է պետք, ուրեմն դա է լեզվի էտալոնը։ Երեխան այսօր հաշվիչի փոխարեն «շետչիկ» է ասում, գոնե «սչետչիկ» ասեր։ Նա չի հասկանում, որ «տնազ» է, որ դրա վրա ընդամենը պետք է ծիծաղել, բայց ոչ, նա ընդօրինակում է այդ գռեհկությունը։ Եվ վախենում է ճիշտ հայերենով խոսել, քանի որ չի ուզում տարբերվել: Ծխող մարդը գցում է իր սիգարետը շենքի մուտքի մոտ, եւ դրանից հետո է միայն տուն մտնում։ Եվ այդպես՝ տասը օր շարունակ, իսկ տասնմեկերորդ օրը նրա տուն հյուրեր են գալիս, ու տեսնելով մուտքն՝ ասում են՝ յախկ, էս ինչ կեղտոտ պոդյեզդ է։ Ու տան տերն այդ ժամանակ չի էլ մտածում, որ այդ կեղտը իր շնորհիվ է գոյացել։ Ես հաճախ եմ հարցնում փողոցի մարդկանց՝ ինչո՞ւ եք սիգարետը կամ թուղթը գետնին գցում։ Շատերն ասում են՝ դե, բոլորը գցում են, ես էլ եմ գցում։ Տարբերվելու վախը թույլ չի տալիս թուղթն աղբամանը գցել։ Ինձ վրա, օրինակ, շատ հաճախ ծիծաղում են, երբ տեսնում են, որ ես սիգարետն աղբարկղն եմ գցում։ Ախր այդ աղբարկղը փողոցում տեղադրվել է, ինչ-որ մարդիկ այն գծագրել են, դիզայն են ստեղծել, փող են ծախսել, մտածել են՝ ինչ նյութից եւ ինչ գույնով այն պետք է լինի։ Շատ բան է արվել հանուն նրա, որ մարդն իր ձեռքի աղբը աղբարկղը գցի։ Բոլորս էլ վստահ ենք, որ այդ մարդիկ իրենց տանը սիգարետը հատակին չեն գցում ու չեն թքում։ Տան գաղափարը շատ ավելի մեծ է, քան միայն այն բնակարանը, որտեղ մենք ապրում ենք եւ որտեղ ամեն ինչ մաքուր է։ Մեր բոլորիս տունը մեր երկրագունդն է, մենք նույն օդն ենք շնչում։ Դե ասա՝ ո՞ւմն է այս օդը՝ ի՞մը, թե՞ քոնը։ Հաստատ, այդ օդը Բարսեղի կամ Պողոսի համար տարբեր լինել չի կարող։ Եվ այդ մասին խոսելն է նույնիսկ ավելորդ, քանի որ ուրիշ կերպ լինել չի կարող։ Օդը, ծառը, Մասիս սարը, վերջիվերջո, բոլորինն են։ Այդ գաղափարը բոլորիս մեջ էլ «նստած» է, բոլորս էլ այդ գիտակցումով ենք ծնվում, բայց այդ գիտակցումը մեր մեջ քնած է։ Այն արթնանում է էքստրեմալ իրավիճակներում, օրինակ, ուրիշ երկրներում։ Եթե Հայաստանից դուրս գալով՝ մի վատ բան ես անում, հանկարծ քո մեջ արթնանում է այն միտքը, որ դա չի կարելի անել։ Դու նույնն ես մնում, բայց արդեն բոլորովին ուրիշ բանից ես վախենում, վախենում ես այնտեղի մարդկանցից տարբերվել։

– Փաստորեն վա՞խն է շարժիչ ուժը։

– Սարսափելի է, երբ շարժիչ ուժը վախն է դառնում։ Շարժիչ ուժը պետք է միտքը լինի։ Ախր, դա շատ պարզ բան է։ Տես, ինչո՞ւ ենք, օրինակ, մենք իրար բարեւում, դժվար է ասել, որ մենք շատ մոտ ընկերներ ենք, բայց տեսնում ենք իրար ու բարեւում ենք: Իսկ որքան մարդիկ կան, որոնք չեն ուզում իրենց հարեւաններին բարեւել:

– Կցանկանայի՞ր, որ մեր պետությունն «ուժեղ ձեռքով» կառավարվեր։

– Երեւի, մեր «ուժեղ ձեռքը» մեզ կսազեր։ Նիզակով ու աղեղով առաջնորդը չէր խանգարի։ Ինչ ուզում ես՝ արա, բայց թող քո արածը դիմացինիդ չխանգարի։ Թող դիմացինը քո արածի համար իրեն վատ չզգա։ Վերջերս Հայաստան մի քանի ամսով մի 20-ամյա գերմանացի աղջիկ էր եկել, այստեղ սովորում էր։ Հանդիպեցինք, ու նա ասաց՝ ձեր ժողովուրդը շատ անբարյացակամ է։ Նրա ասածն ինձ համար շոկ էր։ Դա ասվեց մի ժողովրդի մասին, որը միշտ հայտնի էր իր հայկական հյուրընկալությամբ։ Մենք հասել ենք նրան, որ մեր հյուրերին ստիպում ենք ամեն օր խորոված ուտել, երբ այդ հյուրը չի ուզում խորոված ուտել, որովհետեւ նա, ասենք, խնդիրներ ունի իր ստամոքսի հետ, ու նրան չի կարելի միս ուտել։ Մենք այնքան չենք հարգում մեր հյուրին, որ ուզում ենք խորացնել նրա ստամոքսի խոցը։ Մեզ պետք է միայն, որ մեր հյուրը ուտի մեր պատրաստած խորովածն ու ասի՝ օ՜, ինչ համեղ է։ Ընդամենը դա է մեզ պետք։ Բայց դա հյուրասիրություն չէ, դա միայն մեր «Ճշտի» ապացույցն է։ Ոչինչ չպետք է պարտադրող բնույթ ունենա։ Այդպես է նաեւ երաժշտության մեջ։ Ես երբեք չեմ պարտադրում, որ ինձ լսեն։ Ես նվագում եմ, իսկ լսողն ինքն է որոշում՝ լսե՞լ երաժշտությունը, թե՞ շարունակել ուտել։

– Մեր կյանք մտավ մի կարգախոս, ասում ենք՝ մերն ուրիշ է, ինչը կարծես մեզ ընտրյալ է դարձնում։ Մենք ուրիշ ենք, քանի որ ոչ մեկին նման չենք։ Ունենք վիթխարի մշակույթ, բայց այն մեր կյանքում չի երեւում:

– Մենք հիմա, այս պահին ենք ապրում։ Եվ ո՞ւր են մեր այսօրվա Նարեկացին ու Կոմիտասը։ Այսօր նրանք չկան: Ես կուզեի մի երեւույթի մասին խոսել, որն ինձ շատ մեծ ցավ է պատճառում: Բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ հայրենասեր ենք, բայց դու որեւէ մեկին հարցրու` ո՞վ է գրել Հայաստանի Հանրապետության հիմնը: Համոզված եմ, որ ոչ ոք չի կարող պատասխանել այդ հարցին: Ունենալով դարավոր մշակույթ, երաժշտական մեծ անցյալ ու պատմություն, մենք այսօր չգիտենք` ո՞վ է գրել մեր հիմնը (բայց եթե հարցնենք մարդկանց` ո՞վ է վրացական այբուբենի հեղինակը, վստահ եմ, որ շատերը հպարտությամբ կարող են պատասխանել): Հայ կոմպոզիտորական դպրոցի ամենավառ ներկայացուցիչը Արամ Խաչատրյանն է, ով հայ ազգն է ներկայացրել աշխարհին: Ուրիշ ոչ մի արվեստագետով Հայաստանը չի ճանաչվում: Երեւի մի քանի միլիոն մարդ գիտի Մարտիրոս Սարյանի մասին, բայց անխտիր բոլորը գիտեն Արամ Խաչատրյանին: Սրերով պարը չինացին էլ է պարում, մոնղոլն էլ, ուդմուրտն էլ, աֆրիկացին էլ: Ունենալով նման մեծ անձնավորություն, որը հիմն է գրել, մենք այսօր նրա գրածը անպետք ենք համարում: Իսկ նրա գրածն իսկական հիմն է, այլ ոչ թե՝ չորս նոտա: Մարդը երաժշտություն է գրել, որը լսելով` մարդիկ ակամայից ձգվում են: Զուտ երաժշտական առումով այդ հիմնը դեպի վեր է տանում, այլ ոչ թե դեպի ներքեւ: Հիմնի կառուցվածքը, շարժումը պետք է դեպի վերեւ լինի, եւ միայն բառերը փոխելով` «թշվառ, անտերը»` «ազատ, անկախ» դարձնելով՝ չի կարելի: Միտքը, շարժումը պետք է դեպի վերեւ ուղղված լինի, միայն այդ դեպքում մարդու մեջ երկրի հզորության ու հպարտության գիտակցումը կծնվի: Միայն այն դեպքում մարդը, երկրի քաղաքացին իրեն ազատ եւ իրոք անկախ կզգա, երբ նա հպարտությամբ, նույնիսկ արցունքներն աչքերին երգի իր երկրի հիմնը:

– Եվ այդ դեպքում կենցաղային աղբն այլեւս չի՞ գցի գետնին:

– Շատ հնարավոր է, որ չգցի: Երաժշտությունը շատ հզոր ուժ ունի: Մարդիկ երաժշտությամբ պատերազմ են հաղթել: Իսկ մենք Արամ Խաչատրյանի հիմնը դրել ենք դարակը ու ինքներս էլ մոռացել ենք, որ ունենք այդպիսի փայլուն ստեղծագործություն: Մեզ դա հատուկ է. ամեն ինչն այնքան երկար ենք պահում խորը դարակներում, որ հետո չենք էլ հիշում` ո՞ւր էինք այն դրել: