«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կայքէջում տեղադրված լրատվության համաձայն` տարեցտարի ինտերնետում ավելանում են Լեռնային Ղարաբաղի թեմային առնչվող հակահայ բովանդակությամբ կայքէջեր, որոնք պատրաստվում են Ադրբեջանում, ինչպես նաեւ՝ արտասահմանյան պետություններում բնակվող ադրբեջանական համայնքների կողմից: Աղբյուրի տեղեկացմամբ, հակահայ ցանցային քարոզչությունն ադրբեջանցիներն իրականացնում են նաեւ հայերեն լեզվով նոր տեղեկատվական կայքերի գործարկմամբ: «Ցեղասպանության մերժողականության,
ԱՍԱԼԱի գործողությունների, ՀՀ պատմության խեղաթյուրման եւ հակահայ ուղղվածության թեմաներով այլ կայքէջեր են պատրաստվում նաեւ Թուրքիայի նախաձեռնությամբ, սակայն ներկա պահի դրությամբ Բաքուն իր ակտիվությամբ գերազանցում է «ավագ եղբորը»,- նշված է կայքում: Չնայած սրան, հայ փորձագետները վստահեցնում են, որ «թշնամու լեզվով» ցանցային հաղորդումներն, իհարկե, ազդեցություն գործում են, սակայն ծախսված ֆինանսական միջոցներն ու օգտագործված մարդկային ռեսուրսները տվյալ պարագայում չեն արդարացվում: