Ընտրություններից առաջ թեկնածուները սովորաբար կիրառում են քաղաքական տեխնոլոգիաներ, որոնց հիմնական նպատակն, ըստ երիտասարդ քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանի, ամբողջ աշխարհում այն է, որպեսզի ընտրությունների ընթացքում բռնությունն ու կեղծիքը հնարավորինս դուրս մղվեն:
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ն. Մալյանը նշեց, որ տեխնոլոգիաների ելակետը սոցիոլոգիական հարցումներն են, որոնք, սակայն, Հայաստանի նման երկրում չեն աշխատում. «Ցանկացած մարդ կարող է իր սեփական սոցհարցումն անցկացնել իր ծանոթների շրջանում ու իր արդյունքները ստանալ: Հետո, մարդկանց շրջանում արդյունքների բաշխվածությունը բավական բազմագույն է` Երեւանի մի թաղամասում, հնարավոր է, հանուն մի թեկնածուի ժողովուրդը պատրաստ լինի կյանքը տալ, իսկ մեկ այլ թաղամասում այդ թեկնածուն ընդհանրապես հարգանք չվայելի: Բացի այդ, սա նախագահական ընտրությունների ժամանակ է հատկապես նկատվում, հասարակությունը շատ արագ բեւեռացվում է ու հիմնականում երկու բեւեռների է բաժանվում: Ընդհանրապես, հայ հասարակությունը մի քանի առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն ուժեղի կողմը լինելն է, այսինքն, ընդհանուր հասարակության նախասիրությունից դուրս չմնալը: Ու այս առումով թեկնածուներից յուրաքանչյուրը ձգտում է ցույց տալ, որ ինքն է ուժեղ, իր կողմն է ոչ միայն ժողովուրդը, այլեւ վարչական ռեսուրսը: Օրինակ, թեկնածուներից մեկի տեխնոլոգիան ուղղված է կոնկրետ վարչական ռեսուրսին, ոչ թե ժողովրդին: Այսինքն, իրավիճակը տիրապետողի իմիջը պահելու վրա է կառուցված»: Ըստ Ն. Մալյանի` հիմնականում կիրառվում են երկու տիպի տեխնոլոգիաներ` արեւմտյան եւ ռուսական: Արեւմտյան տեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունը ժողովրդի հետ շփումն է. «Գնալ, մարդկանց հետ տեղում հանդիպել, «դռնեդուռ ընկնել»: Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի տեխնոլոգիան զուտ արեւմտյան է` մարդկանց ձեռքով բարեւելը, եւ այլն, թեկնածուի շփումը մարդու հետ` իբրեւ հավասարը` հավասարի: Ի դեպ, այդ «դռնեդուռ» տարբերակն արեւմուտքում երկու խմբերի մոտ է ընդունված` քաղաքական գործիչների եւ աղանդավորների: Քաղաքական տեխնոլոգիայի առումով սրանք մարդկանց այն խմբերն են, որոնք վստահություն ձեռք բերելու խնդիր ունեն: Իսկ ռուսական տեխնոլոգիան նախկին ԽՍՀՄ երկրներին հատուկ տեխնոլոգիա է, որը հիմնականում իշխանական թեկնածուին է հարիր, այսինքն, տիրակալի, իրավիճակը տիրապետողի, վարչական ռեսուրսն իր բռի մեջ հավաքածի կերպարն է: Եվ այս երկու տեխնոլոգիաներն իրար հակազդում են, դրանց միքսը չի կարող աշխատել: Մարդը կամ բարի, ժողովրդական մարդու կերպար պետք է տեսնի, կամ տիրակալի»:
Երիտասարդ բանախոսի կարծիքով` նախագահի ինը թեկնածուների տեխնոլոգիաներում էլ կան բազմաթիվ սխալներ: Նա նշեց, որ 9-ից հինգը տարբեր պատճառով հենց իրենք են զբաղվում իրենց PR-ով. «Օրինակ, մեկն ինքն էլ չի հավատում իր հաղթանակին, դրա համար որոշել է խնայողություն անել, մյուսը փող չունի, երրորդն ինքն է զբաղվում, քանի որ իրենից ավելի լավ ոչ ոք չի կարող զբաղվել, մյուսի կուսակցությունն է զբաղվում, եւ այլն»: Խոսելով տեխնոլոգիաների առանձնահատկություններից` Ն. Մալյանը նշեց, որ, օրինակ, «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան» կարգախոսը Սիլվիո Բեռլուսկոնիի կարգախոսն է, որը եղել է` «Առաջ, Իտալիա»: Այն շատ լավ աշխատեց Իտալիայում, բայց պարտադիր չի, որ շատ լավ աշխատի Հայաստանում»: Ն. Մալյանի խոսքերով` քարոզարշավի այս փուլում մեզ մոտ սեւ PR, որպես այդպիսին, չկա, բայց կլինի, քանի որ ծիլերն արդեն երեւում են. «Հիմնականում հիշեցումային սեւ PR է գնում` «դե ես չհիշեցնեմ», եւ այլն` տարբերակով: Իմ կարծիքով, թեկնածուներից բոլորի ձեռքին էլ ցեխակտորներ կան, ու դեռ սպասում են, թե երբ կսկսվի իրար վրա ցեխ շպրտելը: Բայց այդ հարցն էլ հաճախ լուծվում է շինծու թեկնածուների միջոցով: Շինծու թեկնածուների մասին 13 կանոն կա, որոնցից երրորդով ասվում է, թե ինչո՞ւ է նա անհրաժեշտ: Եթե խնդիր կա մրոտել իսկական հակառակորդին, ու պետք է այնպես անես, որ ինքդ չմրոտվես, այս պարագայում առաջ է գալիս շինծու թեկնածուն, ով մի հիստերիկ ելույթ է ունենում, մի քիչ էլ՝ անձնական վիրավորանքի էլեմենտներով, ու ինքն է մրոտում: Իրականում նրա ֆունկցիան դա է, իրեն եթե մրոտեն, իսկական թեկնածուն, ով այդ պրոցեսը սկսել է, մաքուր է մնում»,- նշում է երիտասարդ բանախոսը: