Մարզերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք նույնպես կարող են Ա. Գեղամյանի մասին այնպիսի բաներ ասել, որ նա ամոթից շաբաթներով տանից դուրս չգա։ «Սակայն քանի որ նա տղաներ, կին ունի, մենք այդ բանը չենք անի»,- ասել էր Ա. Սարգսյանը: Այս հայտարարությունը Ա. Գեղամյանն ընդունել է որպես կոնկրետ գործողությունների սպառնալիք: «Սպառնալիքի լեզվով ինձ հետ խոսելը ճիշտ հակառակ արդյունքի կհանգեցնի: Եթե ուզում են ժողովրդի վզին փաթաթել ծեծուջարդի, մահվան սպառնալիքով քաղաքական արդյունքի հասնելու ավանդույթը, ապա սթափեցնեմ, որ դա դատապարտված է,- երեկ ի պատասխան Ա. Սարգսյանին` ասել է ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը,- Մեր ժողովուրդն արարել է ուզում: Նրանց մեջ վախ ու չարություն կա ու փորձում են այդ հոգեվիճակում գտնվելով՝ դեռ ուրիշներին հաթաթա տալ, ժողովրդական լեզվով ասած՝ «փիսիկ Արամը կատու է ճղում»: Առաջիկա շաբաթն Ա. Գեղամյանի մոտ ծանրաբեռնված է լինելու. հանդիպումներ են նախատեսված Արթիկում, Գյումրիում, Աշտարակում: Խնդիր է դրված քարոզարշավի ընթացքում ընդգրկել բոլոր մարզերը: Ժամանակի սղության պատճառով թեկնածուն չի հասցնի լինել շատ գյուղերում, բայց նախկին շրջկենտրոններում հանդիպումներ խոստանում է: