Հարուցել են, չեն հարուցել

30/01/2008

Հունվարի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորում տեղակայված նախընտրական շտաբների վրա, եւ պատառոտել փակցված ցուցապաստառները եւ նկարները: Այս դեպքերի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները: Ստացված հաղորդումների հիման վրա Ոստիկանության Վանաձորի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Դեռեւս քր.գործ հարուցված չէ: Սակայն քրեական գործ է հարուցվել մեկ այլ առիթով: ՀՀ Ոստիկանության Արագածոտն մարզի Թալինի քննչական բաժինը 2008թ. հունվարի 27-ին հաղորդում է ստացել Թալինի բնակիչ Սարգիս Կարապետյանից՝ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ իրեն ծեծելու մասին: Ըստ Գլխավոր դատախազության մամլո հաղորդագրության, հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2008թ. հունվարի 27-ին, ժամը 11:30-ի սահմաններում, Թալինի հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Ժ. Սափեյանը, Մ. Սափեյանը, Տ. Բաղդասարյանը եւ մի խումբ այլ անձինք ծեծի են ենթարկել Ս. Կարապետյանին: Դեպքի առիթով Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: