Հունիսի 19-ին կայանալիք ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների անցկացման
հետ կապված հարցերն են քննարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օրերս
կայացած հերթական նիստում: Ներկաները քննության առան ՀՅԴ-«Շարժում 88»
կուսակցությունների դաշինքի գրանցման հարցը, որը միաձայն ընդունվեց
հանձնաժողովի անդամների կողմից: Ի դեպ, սա Ղարաբաղում կուսակցությունների
առաջին դաշինքն է, ինչը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Սերգեյ Նասիբյանի խոսքերով՝ ողջունելի է:
Համաձայն ԿԸՀ կողմից հաստատված ժամանակացույցի, ԱԺ պատգամավորների
թեկնածուների առաջադրումն ավարտվեց ապրիլի 10-ին: ԿԸՀ նախագահից
տեղեկացանք, որ 22 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել է 128
թեկնածու, որից 57-ը՝ կուսակցությունների կողմից. «Ազատ Հայրենիք»՝ 9
հոգի, Արմենական կուսակցությունից` 1, Արցախի ժողովրդարական
կուսակցությունից` 10, Կոմկուսից` 12, «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքից` 20,
«Սոցիալական արդարություն» կուսակցությունից` 1 հոգի եւ այլն:
Համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցի ԼՂՀ-ում գործող 9
կուսակցություններից 8-ը: Նրանց կողմից առաջադրված ցուցակներում ընդգրկվել
է եւս 81 մարդ:
Սերգեյ Նասիբյանի խոսքերով, առաջադրման առավել մեծ ակտիվություն է
գրանցվել Ստեփանակերտում, որտեղ 8 ընտրատարածքներում առաջադրվել է 79 հոգի:
Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող
կուսակցությունների ընտրական ցուցակների եւ Ազգային ժողովի՝ մեծամասնական
ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը ԼՂՀ
կենտրոնական եւ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների
կողմից կկատարվի մայիսի 10-15-ը, իսկ թեկնածուների նախընտրական
քարոզչությունը կմեկնարկի մայիսի 16-ից եւ կավարտվի հունիսի 17-ին։