Գնալով թեժանում է պայքարը ընտրողների ձայների համար: Գործի են դրված հնարավոր եւ անհնար բոլոր մեթոդները` սկսած պաշտոնական քարոզարշավից՝ մինչեւ Բուշով ու Պուտինով վախեցնելը:
ՀՀ նախագահի 9 թեկնածուներից առնվազն 6-ը պնդում են, թե հենց իրենք են հաղթելու: Նման հայտարարություններն, իհարկե, արվում են առաջին հերթին իրենց թիմակիցների համար` հոգեբանական ազդեցություն գործելու նպատակով: Սակայն կան նաեւ թեկնածուներից չկախված հանգամանքներ, որոնք դժվար է շտկել` նույնիսկ ունենալով քարոզելու մեկամսյա հնարավորություն: Դա է ապացուցում, օրինակ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական» կուսակցության պարտությունը 2007թ. ԱԺ ընտրություններում: Այդ քաղաքական գործիչը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ունի հեռուստատեսային եթերի գրեթե անսահմանափակ հնարավորություն, ինչը ժամանակակից կյանքում համարվում է ամենաազդեցիկ քարոզչամիջոցը: Սակայն դա չի խանգարում, որ պարոն Կարապետյանն ամեն անգամ պարտվի: Փորձը ցույց է տալիս, որ հետխորհրդային բոլոր հանրապետություններում ընդդիմությունն ուժեղ է հատկապես մայրաքաղաքում: Վրաստանի վերջին նախագահական ընտրությունները գալիս են հաստատելու վերոնշյալ միտքը: Անգամ 80 տոկոսանոց վարկանիշ ունեցող Պուտինը Մոսկվայում այդքան էլ ուժեղ չէ: Հայաստանն այս առումով բացառություն չէ: Եվ հայաստանյան ընդդիմությունը դա շատ լավ գիտի, առավել եւս, որ 1996թ. սեպտեմբերյան իրադարձությունները դաս են եղել այն ժամանակվա իշխանությունների` այժմ ընդդիմություն հանդիսացող Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի համար: Որպես փորձառու քաղաքական գործիչներ, նրանք շատ լավ հասկանում են նաեւ, որ մարզերում իրենք բավականին թույլ են: Հատկապես նախկին արդյունաբերական քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, Գավառում, Կապանում, Քաջարանում: Եվ դա բնական է, քանզի այդ քաղաքների բոլոր խոշոր գործարանները Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք են սեփականաշնորհվել, ապա` հայտնի պատճառներով անգործության մատնվել, ինչի արդյունքում տասնյակ-հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի: Եվ նրանց համար արդեն կարեւոր չէ` որքան էր անձամբ Տեր-Պետրոսյանի մեղքն այդ գործընթացում: Սա երեւաց նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի Հրազդան եւ Չարենցավան կատարած այցերի ժամանակ, որից հետո, ըստ լավատեղյակ աղբյուրների, նախագահի թեկնածուն խիստ դժգոհություն է հայտնել վերոնշյալ քաղաքներում իր շտաբների աշխատանքից:
Ըստ www.armtoday.info կայքում հրապարակված «Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայաստանյան ընտրությունների մասին» հոդվածի՝ «… Վերջին սոցհարցումների համաձայն Երեւանում վարչապետի վարկանիշը 18% է, իսկ նախկին նախագահինը` երեք անգամ ավելի քիչ: (Ըստ ամերիկյան հայտնի «Գելլափ» կազմակերպության անցյալ ամսվա սոցհարցումների, Սերժ Սարգսյանի վարկանիշը ողջ հանրապետությունում կազմում էր 29%, եւ նա առաջատարն էր, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույն հարցման համաձայն, անգամ առաջին հնգյակում չէր): Իսկ ահա Երեւանի համարյա կեսը` 45%-ն, առայժմ չեն կողմնորոշվել իրենց քաղաքական նախասիրությունների մեջ»,- գրում է armtoday.info-ն:
Ընդդիմության համար Երեւանում կարծես թե հուսադրող իրավիճակ է: Սակայն հարց է առաջանում` իսկ ո՞ր ընդդիմության համար է մայրաքաղաքն առավել հուսադրող: Չէ՞ որ ՀՀ նորագույն պատմության ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմությունը չի ունեցել միասնական թեկնածու, ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի ձայները միշտ էլ բաժանվել են ընդդիմադիր թեկնածուների միջեւ: Բացառություն չեն լինի նաեւ այս ընտրությունները: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ անգամ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն եւս ընդդիմադիր «խաղեր» է տալիս, ինչը, կարծում եմ, կավելացնի նրանց կայուն ընտրազանգվածը: Ապացույցը` 2007թ. ԱԺ ընտրությունները: Իսկ եթե նրանց էլ ավելացնենք պոպուլիզմով առաջնորդվող Արթուր Բաղդասարյանին, բազմափորձ Վազգեն Մանուկյանին, ասմունքի եւ երգի սիրահարների համար «Աստծո եղբայր» Տիգրան Կարապետյանին, ընդդիմությանը երբեք չմիացող Արտաշես Գեղամյանին` իր ոչ պակաս լյումպեն ընտրազանգվածով, ապա համոզված կարելի է ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերն անգամ Երեւան քաղաքում, մեղմ ասած, բավականին աղոտ են: