Ուժեղ ենք լինելու

30/01/2008

Կիրակի օրը Նորք-Մարաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք թերացել են սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործելու խնդրում: «Այդ հարցում թերացել ենք, մենք օգտագործում ենք մեր հնարավորությունների 3-5 տոկոսը, քանի որ մեր հայրենակիցներից շատ-շատերը հասել են բարձունքների եւ՛ բիզնեսի, եւ՛ քաղաքականության, եւ՛ մշակույթի, եւ տարբեր այլ ոլորտներում: Մեր խնդիրը պետք է լինի՝ այնպես անել, որ այդ մարդկանց հնարավորություններն օգտագործվեն ի շահ Հայաստանի, մանավանդ, որ նրանցից շատերը սերտորեն կապված են Հայաստանի հետ եւ ցանկություն ունեն, որ երկիրը դառնա ժամանակակից, բարեկեցիկ, լավ երկիր: Մեր մրցակցային առավելությունը համայն հայության միացյալ ներուժն է: Մենք այնպես ենք անելու, որ այս մարդկանց հնարավորություններն օգտագործվեն: Պետք է ստեղծվի հատուկ մարմին, որը կզբաղվի Սփյուռքի խնդիրներով: Եթե կարողանանք օգտագործել մեր հայրենակիցների հնարավորությունների գոնե 15 տոկոսը, ապա մենք 2-3 անգամ ավելի ուժեղ ենք լինելու, քան կարող ենք լինել առանց նրանց: Իսկ եթե կարողանանք բոլորին ներառել, ապա ընդհանրապես Հայաստանը խնդիրներ չի ունենա: Ամենահամեստ գնահատականներով խոշոր հայկական կապիտալն աշխարհում մինչեւ 150 միլիարդ դոլար է: Եթե հնարավոր լինի յուրաքանչյուր տարի այդ կապիտալի գոնե մեկ տոկոսը ներգրավել Հայաստանում որպես ներդրում, շատ կարճ ժամանակում Հայաստանը կվերածվի դրախտի»,- ասել է Ս. Սարգսյանը: Վերջինիս ասելով` իր համար հասկանալի է, թե ինչու են իրեն սատարում իր մարտական, աշխատանքային, ուսանողական ընկերները, այն մարդիկ, ովքեր իրեն անձնապես ճանաչում են: Իսկ նրանք, ովքեր իրեն չեն ճանաչում անձնապես, նա նկատել է, որ իրեն վստահելու եւ ընտրելու համար չեն ափսոսի: