ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին այցելել էր Թալին, շրջակա գյուղեր եւ Արմավիրի մարզ: Մարզային այս շրջայցն առանձնացավ հանդիպումների բազմամարդությամբ, չնախատեսված կանգառների առատությամբ եւ մի միջադեպով:
Առաջին կանգառն Ագարակ գյուղում էր. այստեղ նախագահի թեկնածուին դիմավորեցին զուռնա-դհոլով: Թալին տանող ճանապարհին հարակից գյուղերի բնակիչները պարզապես փակում էին ավտոճանապարհն ու առաջին նախագահին ստիպում, որպեսզի նա հանդիպի նաեւ իրենց հետ: Այդ չնախատեսված հանդիպումների ընթացքում ի պատիվ Տեր-Պետրոսյանի՝ ընդհանուր առմամբ 3 գառ մորթվեց:
Չնայած չնախատեսված կանգառների պատճառով Թալինում նախատեսված հանրահավաքը մեկնարկեց բավականին ուշացումով, այնուամենայնիվ, նրա կողմնակիցները Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորեցին աղուհացով ու «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով: Սակայն հանրահավաքի մեկնարկից անմիջապես առաջ հայտնվեց ինչ-որ մի տղամարդ, ով գոռաց. «Լեւոն Տեր-Պետրոսյան, ո՛չ Թալինն է քեզ հետ, ո՛չ էլ հայ ժողովուրդը»: «Լավ էլի, Սաքո, ամոթ է»,- դժգոհեցին թալինցիները: Նրանցից մի քանիսի ու վերոնշյալ Սաքոյի միջեւ ծեծկռտուք սկսվեց: Մի քանի րոպե հետո ամեն ինչ հանդարտվեց, Սաքոն անհետացավ, ու հանրահավաքը սկսվեց: Իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստելով, որ այս փոքր քաղաքում այսքան բազմամարդ հանրահավաք է տեղի ունենում, նշեց, թե ինքը քիչ առաջ պատահած միջադեպից եզրակացրեց, որ Սերժ Սարգսյանը Թալինում ունի մեկ ձայն: Միջադեպի հրահրողը, ինչպես մեզ հաջողվեց պարզել հանրահավաքի մասնակիցների հետ զրույցներից, Թալինում բավականին հայտնի Սարգիս Կարապետյանն էր: Այս մարդուն մեզ գտնել չհաջողվեց, սակայն տեղացիները փոխանցեցին, որ նա եղել է «ֆիդայի եւ թալինցի նայոմնիկների պետը», իսկ այժմ էլ «վայեննի գործերով է զբաղվում»: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ Սաքոն (այդպես էին նրա մասին խոսում) հայտնի պրովոկատոր է, եւ նրանից նման արարք սպասելի էր: «Ուղղակի ինքը չէր սպասում, որ թալինցիները հենց Թալինում իրեն կխփեն»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Միջադեպի կապակցությամբ ՀՀ Ոստիկանության Արագածոտնի մարզի Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ինչեւէ, Թալինից հետո առաջին նախագահը հանդիպումներ ունեցով նաեւ մոտ 10 գյուղերում: Դրանցից մի քանիսում տեղական իշխանությունները փորձել էին ինչ-ինչ խոչընդոտներ հարուցել, վախեցնել բնակիչներին, արգելել մասնակցել հանդիպումներին եւ այլն: Մասնավորապես Քարակերտ գյուղում կայացած հանդիպման ժամանակ ինչ-որ մեկը մի անկյունում կանգնած փնթփնթում էր, թե՝ «արա, էս Ժորիկն էլ ա եկե՞լ, ընտանիքո՞վ: Բա ես դրանց չասեցի՞՝ տնից դուրս չգաք…»: Երբ լրագրողներից մեկը փորձ արեց հետաքրքրվել, թե ո՞վ է այդ մարդը, որ սպառնում է հանդիպման եկածներին, վերջինս ծլկեց: Ինչպես հետո պարզվեց, դա գյուղապետ Հարութն էր: Տեղացիները նրա ազգանունը չկարողացան մտաբերել: Ասում էին՝ «դե, Կոշտոն ա, էլի»: Հակառակ Կոշտոյի ձեռնարկած կոշտ միջոցներին, այս գյուղում Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման էր եկել մոտ 500 մարդ, ովքերն առաջին նախագահին դիմավորեցին աղուհացով եւ ի պատիվ նրա գառ մորթեցին:
Երեկոյան Արմավիրի մարզկենտրոն Արմավիրում կայացավ մեծ հանրահավաք, որին մասնակցում էր մոտ 7-8 հազար մարդ: Ինչպես այս, այնպես էլ այդ օրվա մյուս հանդիպումների ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը խիստ քննադատեց գործող իշխանություններին, խոսեց նրանց կրթական մակարդակի, կամ ավելի շուտ՝ դրա բացակայության, «Հոկտեմբերի 27»-ի ու քաղաքական մյուս սպանությունների բացահայտման լիարժեք անհրաժեշտության մասին, այն մասին, թե ինչպես են իշխանությունները փորձել կաշառել Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին, իր որդուն, իրեն եւ իր շուրջը կանգնած շատ այլ մարդկանց: Նա փաստեց, որ կան մի շարք դրածո թեկնածուներ, եւ խորհուրդ տվեց ուշադիր լինել ու չցրել ձայները: Արմավիրում ելույթ ունեցավ նաեւ Հ. Բագրատյանը, ով կոնկրետ ներկայացրեց, թե որ իշխանավորը մեր երկրի հարստության կոնկրետ քանի տոկոսն է տնօրինում, ինչ են դրանք, եւ այլն: