Բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոն են այցելել` հարգանքի տուրք մատուցելով Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին: Նրանք ծաղիկներ դրել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի գերեզմաններին, ինչպես նաեւ Արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշարձանին: «Ափսոսանքի, ցավի, հուզմունքի զգացումներ եմ միշտ ապրում` այցելելով Եռաբլուր»,- ասել է Ս. Սարգսյանը: «Որքան էլ մանուկ է եղել մեր բանակը, սակայն այս 16 տարիների ընթացքում կատարեց իր առաջ դրված բոլոր խնդիրները, հաղթեց պատերազմում, զարգացավ, ցույց տվեց իր ուժը: Հարեւան պետությունը, որը ռազմատենչ հայտարարություններ է անում, հասկանալով ՀՀ բանակի ուժն ու կարողությունները, միայն հայտարարություններով էլ բավարարվում է, քանզի պրակտիկ ոչ մի քայլ չի կարող կատարել: Բանակը կայացած է, ոչ թե ստեղծված: Այն հզոր է, մարտունակ եւ պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի, մեր պետության եւ սահմանների անվտանգությունը»,- ասել է ՀՀ ՊՆ նախարար Մ. Հարությունյանը: