Հանդիպում կառավարությունում

30/01/2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին՝ Ս. Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են՝ մեր երկրի տնտեսության մեջ կայունորեն աճում են ռուսական ներդրումները, ապրանքաշրջանառությունը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 60 տոկոսով: Ըստ նրա, երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են միջկառավարական, խորհրդարանական մակարդակներում, վերջին 15 տարիներին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել են ավելի քան 170 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք ներառում են երկկողմ փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները: ՌԴ Պետական դումայի ղեկավարը կարեւորել է փոխգործակցության հաստատումն իր ղեկավարած «Եդինայա Ռոսիայի» եւ ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ու նրա հետ քաղաքական կոալիցիայում գտնվող ԲՀԿ-ի միջեւ, որն իր արտահայտությունն է գտել հիշյալ կուսակցությունների միջեւ երեկ ստորագրվելիք համաձայնագրերում: