Ինչու են հայերը միշտ կասկածող ման գալիս

12/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Եթե ամերիկացիները բոլորին ժպտում են (այնպիսի տպավորություն է, որ դա
ամրագրված է իրենց սահմանադրության մեջ), ճապոնացիները բոլորին հավատում
են, հրեաները ոչ մեկին չեն հավատում, ապա մենք՝ հայերս, բոլորին կասկածում
ենք: Չեմ կարող հաստատ ասել՝ դա գալիս է Հայկի՞ ժամանակներից, երբ նա
կասկածում էր ընդոծիններին (ուշադրություն դարձրեք, ինչպիսի գտնված բառ է
այսօրվա Հայաստանի համար), Արա Գեղեցիկի՞ ժամանակներից, երբ նրան
կասկածում էր Նուարդը, թե՞ կոմունիստների դարաշրջանից, երբ կասկածը սկսեց
կրել համատարած բնույթ, սակայն մի բան հաստատ կարող եմ ասել, որ այսօր
հայերս չենք բավարարվում կասկածելով, մենք այսօր նաեւ կասկածող ենք ման
գալիս:

Բոլորը կասկածում են, որ Հայաստանում համատարած կաշառակերություն է (հենց
կասկածում են, ոչ թե համոզված են, քանզի առայժմ ոչ մի կաշառակեր չի
դատվել) եւ կասկածող են ման գալիս, որովհետեւ եթե կաշառակեր ման գային,
վաղուց առնվազն 5000 մարդ բռնված կլիներ: Բոլորը կասկածում են, որ դոլարի
փոխարժեքի տատանումը չինովնիկների խաղն է, իսկ Տիգրան Սարգսյանը կասկածող
է ման գալիս: Շատերը կասկածում են «ԱրմենՏելի» որակի վրա, իսկ
«Ղ-Տելեկոմն» առայժմ կասկածող է ման գալիս: Ամուսնանալուց առաջ տղան
կասկածում է աղջկան, աղջիկը՝ ի դեմս գինեկոլոգի, կասկածող է ման գալիս,
որպեսզի վերջինս հաստատի կամ վերականգնի իր կուսությունը: Բոլորը
կասկածում են, որ հեղափոխություն է լինելու, իսկ կոալիցիան կասկածող է ման
գալիս, ընդ որում՝ ոչ թե դրսում, այլ հենց կոալիցիայի ներսում: Եթե
1988-ին ոչ ոք չէր կասկածում, որ «Ղարաբաղը մերն ա», ապա այսօր շատ
կասկածելի է՝ Ղարաբա՞ղն է մերը, թե՞ մենք Ղարաբաղինը: Չնայած մեծ հաշվով
տարբերություն չէր լինի, եթե այդքան կասկածող չլիներ:

Երկար տարիներ խոսվում էր այն մասին, որ ոչ ոք իր տեղում չէ: Բժիշկը
հարկային տեսուչ է աշխատում, տնտեսագետը՝ Սահմանադրական դատարանի նախագահ,
վարորդը նաեւ հսկիչ է, կոմպոզիտորը՝ դեսպան, եւ այլն: Ոչ ոք չի կասկածում,
որ դա այդպես է: Բայց Քաղծառա-յության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը
կասկածող է ման գալիս, որ մրցույթ անցկացնի:

 Մի խոսքով, թուրքական եւ պարսկական ապրանքների որակից սկսած եւ
սիրիացի բժիշկների ու մեր բարձրաստիճան այրերի դիպլոմների օրինականությամբ
վերջացրած՝ ամեն ինչ կասկածելի է:

Փիլիսոփայության մեջ կա երկու հիմնական ուղղություն՝ մատերիալիզմ եւ
իդեալիզմ: Եթե փորձենք Հայաստանի իրավիճակը գնահատել փիլիսոփայորեն, ապա
կարելի է հանգել հետեւյալ եզրակացության. մեր ներկա իշխանավորները շատ
մատերիալիստ են, նախկինները՝ էմպիրիոկրիտիցիստ, ընդդիմությունը՝ իդեալիստ,
արտագաղթած ժողովուրդը՝ ռեալիստ, իսկ մնացածը՝ կասկածող: Որովհետեւ եթե
չկասկածեին, որ Ամերիկայում կամ Ռուսաստանում ավելի լավ է լինելու, ապա
նրանք էլ վաղուց արտագաղթած կլինեին:

Մենք միայն չենք կասկածում, որ աշխարհում ինչքան խելոք մարդ կա, հայ է, եւ
որ մեր ջուրը աշխարհի ամենալավ ջուրն է: Էլ չեմ ասում մեր պոպոքի
մուրաբայի ու «հալալ կաթնակեր» աղջիկների մասին:

Երբ մարդ տառապում է կասկածամտությամբ, պսիխոանալիտիկները նրան անվանում
են «պարանոիկ»: Ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք այդ
հիվանդությամբ չենք տառապում, որովհետեւ պսիխոանալիզն ու համբուրգերը
ստեղծել են ամերիկացիները: Եվ քանի որ մենք Ամերիկայից շատ հեռու ենք
(բառիս ամենալայն իմաստով), մեզ այդ ամենը չի սպառնում:

Ոչ մեկին չկասկածող հայ՝ Ա.Ք.