Շաբաթ օրը Հարավային Կարոլինայում անցկացված նախնական ընտրություններում ԱՄՆ նախագահի դեմոկրատ հավակնորդներից քվեների 55 տոկոսով հաղթանակ է տարել Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք Օբաման: Ամերիկյան լրատվամիջոցների գնահատմամբ` Օբամայի հաղթանակին մեծապես նպաստել է նրա նահանգային շտաբի ղեկավար Ռիչարդ Արա Հարպութլյանի նախահարձակ մարտավարությունը: «Ազատության» հաղորդմամբ` 58-ամյա հայազգի այս դեմոկրատ գործիչը, ով երկար տարիներ եղել է Հարավային Կարոլինայի դեմոկրատների առաջնորդը, քվեարկությունից մի քանի օր առաջ MSNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դեմոկրատական կուսակցությունից մյուս առաջատար թեկնածուի` ԱՄՆ-ի նախկին Առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնի աջակիցներին մեղադրեց Օբամայի դեմ քարոզչական անազնիվ մեթոդներ կիրառելու մեջ: Հարպութլյանը պնդել է, որ Քլինթոնի կողմնակիցները նախընտրական հանդիպումների ու բանավեճերի ընթացքում առաջին պլան են մղում ռասայական թեման` փորձելով համոզել ամերիկացի ընտրողներին, թե սեւամորթ թեկնածու Օմաբան ԱՄՆ-ում նախագահ դառնալու շանս չունի: «Քլինթոնը պետք է ասի իր թիմակիցներին, որ իրենք այլեւս չեն անդրադառնալու ռասայական թեմային»,- ասել էր Հարպութլյանը: Մեղադրանքի հիմնական թիրախ դարձնելով նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, ով վերջին շրջանում ակտիվորեն ներգրավվել է իր տիկնոջ նախընտրական արշավում, Ռիչարդ Հարպութլյանը նրան համեմատել էր 80-ականների հանրապետական գործիչ Lի Աթուոթերի հետ: Նախագահներ Ռոնալդ Ռեյգանի եւ Ջորջ Բուշ-ավագի խորհրդական Աթուոթերը հայտնի էր քարոզչական «սեւ» հնարքների նկատմամբ հակվածությամբ: Բիլ Քլինթոնը լրագրողների հետ զրույցում` արձագանքելով Ա. Հարպութլյանի հայտարարություններին, ասել է. «Դուք ինձ հարց եք ուղղում` ասելով, որ Հարպութլյանն ինձ համեմատել է Lի Աթուոթերի հետ: Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ նման մարդկանց դեմ պայքարին, իսկ հիմա դուք ինձ նման հարց եք տալիս: Հարպութլյանն իմ դեմ է պայքարում, եւ նա գիտի, որ կարող է լրագրողներին ինչ-որ բան ասել, ինչ-որ համեմատություններ անել, եւ դուք իսկույնեւեթ կսկսեք դա լուսաբանել: Սա ձեզ համար պարզապես հերթական նախընտրական պատմությունն է, հերթական սկանդալը, ամո՛թ ձեզ»: