Հերթապահեք

30/01/2008

Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների հանդեպ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: «Այն մարդիկ, ովքեր փորձում են այս կամ այն թեկնածուին ավելի մեծ ծառայություններ մատուցել, բացարձակապես չեն անում այն, ինչ ցանկանում են, եւ չեն ստանում այն արդյունքները, ինչ սպասում են այդ քարոզարշավի մասնակիցները: Ավելի կոնկրետ ասած` նրանք արջի ծառայություն են մատուցում այս կամ այն թեկնածուին: Ես չեմ կարծում, որ որեւէ նախագահի թեկնածուի սատարող շտաբում ծրագրվում եւ իրականացվում են հակաօրինական գործողություններ, որոնք ընդհանուր առմամբ փչացնում են մթնոլորտը եւ տպավորություն են ստեղծում, իբր թե լարվածություն է ստեղծված: Ընդհանուր առմամբ՝ քարոզարշավն ընթանում է բավարար մակարդակով: Լ. Տեր-Պետրոսյանի շտաբից են այսօր դժգոհել, որ ցուցապաստառներ են պատռել, վնասել են ցուցանակը, նման դեպք է տեղի ունեցել նաեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբում: 3-4 օր առաջ ցուցապաստառների մի մասը վնասված էին, եղել է անհանգստություն Արթուր Բաղդասարյանի գրասենյակից, որ շտաբի ապակիներն են կոտրել: Բոլոր 3 դեպքերի առնչությամբ արդեն իսկ համապատասխան կառույցները զբաղվում են, կարծում եմ, առաջիկայում որոշ բաներ պարզ կդառնան: Եթե այսօր չի հրապարակվում կոնկրետ մարդկանց անուններ, չի նշանակում, թե գործ չի արվում: Խորհուրդ կտայի թեկնածուների շտաբների պատասխանատուներին եւ բոլոր աշխատակիցներին՝ շուրջօրյա հերթապահություն սահմանել շտաբներում եւ անհանգստության դեպքում կապվել ինձ հետ, ես արագ կարձագանքեմ բոլոր ահազանգերին»: