ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին: Բ. Գրիզլովը հույս է հայտնել, որ 2008թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կհասնի 1 միլիարդ դոլարի: Նա նաեւ նշել է, որ ռուս գործարարները Հայաստանում օրեցօր ավելացող ներդրումներ են անում: Անդրադառնալով Վերին Լարսի անցակետին` Բ. Գրիզլովը նշել է, որ վերանորոգումից հետո անցակետը կաշխատի նոր հզորությամբ: Կգործի նաեւ Կովկաս-Փոթի լաստանավային փոխանցուղին. մինչեւ 2010թ. նախատեսվում է ավելացնել լաստանավերի թիվը: Տնտեսական համագործակցության շրջանակներում Բ. Գրիզլովն անդրադարձել է նաեւ լեռնահանքային արդյունաբերությանը, մասնավորապես` ուրանի մշակմանը, որի պաշարներ կան Հայաստանում: «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի առնչությամբ` ՌԴ Պետական դումայի նախագահը նշել է, որ այդ հարցը իր ուշադրության կենտրոնում է, եւ ռուսական կողմն աշխատում է 5 ձեռնարկությունների վերագործարկման հնարավորությունների ստեղծման համար: Նա անդրադարձել է նաեւ ՌԴ-ում բնակվող շուրջ 2 միլիոն հայերին` նշելով նրանց կարեւոր ներդրումը երկրի քաղաքական կյանքում ու տնտեսական զարգացման առումով: