«168 Ժամն» ահազանգ է ստացել Վարդաշենի հանրակացարանի բնակիչների կողմից: Էրեբունի համայնքում` Վարդաշենում գտնվող Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում զավեշտական դեպքեր են տեղի ունենում:
Այս հանրակացարանի բնակիչները յուրաքանչյուր սենյակի համար ամսական 2000 դրամ վարձավճար են մուծում:
Ուսումնարանի տնօրեն Սաշիկ Խաչատրյանը գումարներ աշխատելու պատրվակով վաճառում է հանրակացարանի ընդհանուր զուգարաններն` այն վերածելով սենյակների: Թե ինչ հակահիգիենիկ եւ նողկալի տեսարան է այնտեղ ստեղծվել, պարզապես պետք է աչքով տեսնել: Հանրակացարանի յուրաքանչյուր հարկում ապրում են մոտ 29 ընտանիքներ, որոնցից շատերը բազմազավակ են եւ ունեն մանկահասակ երեխաներ: Զրկվելով զուգարանից օգտվելու հնարավորությունից` բնակիչները բնական կարիքները հոգալու համար դիմում են ծայրահեղ միջոցների։ «Ցելոֆանի մեջ անում-տանում աղբանոցում թափում ենք: Մենք ահավոր վիճակում ենք հայտնվել, խնդրում ենք արձագանքել: Երբ ասում ենք, որ լրագրող կկանչենք՝ սպառնում են»,- պատմում են անելանելի վիճակում հայտնված բնակիչները: Լուսանկարում պատկերված այս դուռը նախկինում հանրակացարանի չորրորդ հարկի ընդհանուր զուգարանինն էր, որն այժմ վերածվել է հարմարավետ սենյակի: Ուսումնարանի տնօրեն Սաշիկ Խաչատրյանը բնակիչներին ստիպում է սենյակներում կոմունալ հարմարություններ ստեղծել, մինչդեռ հանրակացարանի սոցիալապես ծայրահեղ կենսապայմաններում ապրող այս բնակիչներն այդ հնարավորությունը չունեն: «Մեր նման մարդկանց խնդիրները ոչ մեկին չի հետաքրքրում, էս ձմռան ցրտին սենց տուպիկի մեջ դնելը մարդկայի՞ն է: Երբ գալիս է վարձի օրերը` ստիպում են վճարել, բայց մարդկանց զուգարանից զրկելու իրավունք ունեն, չէ՞: Գիտեն, որ անտեր ենք, սուս կենթարկվենք, դրա համար էլ ինչ ուզում անում են»: