Չկա՞ն, թե՞ չեք հանդիպել

30/01/2008

Անցկացված հետազոտություններից պարզվել է, որ Հայաստանում չկա սատանային պաշտող որեւէ կառույց կամ մարդկանց խումբ: Այս մասին երեկ ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանը: Նա նշել է, որ 2002թ. կատարված մի սպանություն որակվել է որպես սատանիստական խմբավորման ներկայացուցիչների կատարած հանցանք, սակայն ինքը չի կարող որեւէ ստույգ տվյալ ասել այդ իրողության վերաբերյալ, քանի որ իրավական գործի քննությանը չի տիրապետում: «Երբեմն մեզ ասում են, որ պետք է հետեւել որոշ կրոնական կազմակերպությունների, որոնք, հավանաբար, ունեն այդ ուղղությունը, բայց մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ այդպիսիք չկան: Մենք հակված ենք հայտարարելու, որ չունենք սատանային հետեւող որեւէ կառույց կամ մարդկանց խումբ, որոնք իրենց հետեւից բերեին կամ բխեցնեին համապատասխան գործողությունների: Համենայն դեպս`մենք չենք հանդիպել»,- ասաց Հ. Խառատյանը: