Շիլա

30/01/2008 Բերդ ԲԱԲԱՅԱՆ

Դժվար է ասել՝ «ՔԱՂՔԵՆԻՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆ» իր հանրահայտ կատակերգության գլխավոր հերոսի հայացքը կերտելիս, նրան մարմնավորելիս, աշխարհահռչակ Ժան-Բատիստ Մոլիերը մտածե՞լ է, կամ անցե՞լ է գոնե նրա մտքով, թե Ժուրդենի կերպարն ինչպիսի զարգացումներ եւ երանգավորումներ կարող էր ունենալ քսաներորդ դարի երրորդ քառորդից սկսած եւ քսանմեկերորդ դարասկզբին, այն էլ՝ Հայաստանում։

Թե Ժուրդենը, որ իր ժամանակաշրջանում անձնական շահույթնառատ գործունեությունը ապահովագրելու, խթանելու, կապիտալը հազարապատկելու նպատակով պառլամենտի անդամ դառնալու, մեծ պաշտոն ստանալու եւ հեռահար այլ քաղաքական նկրտումներ չուներ եւ որեւէ լուրջ վտանգ չէր ներկայացնում իր գոյությամբ, ոչնչով չէր սպառնում երկրի պետականությանն ու կառուցվածքին եւ զավեշտի առարկա էր ընդամենը, ուրախ ժամանցի անշառ խնդուք ու դրամի քսակ շառլատան դորանտների համար, ինչպիսի ախորժակ, հավակնություններ ու ընդվզումներ կարող էր ունենալ մեր օրերում՝ բխող բոլոր աղարտումներով ու ավերածություններով հանդերձ։ Ժուրդենյան շարժումը Հայաստանում սկսեց ծաղկել անցած դարի յոթանասունական թվականներին։ Այն օրերին ժուրդենները կոչվում էին՝ ցեխավիկներ։

Նախկին Խորհրդային Միության կառուցվածքը, որ գտնվում էր ՍՄԿԿ Քաղբյուրոյի եւ ՊԱԿ-ի աչալուրջ հսկողության ներքո, այնպիսին էր, որ որքան էլ հարստանային ցեխավիկները, չէին կարող պետական աստիճաններով վեր բարձրանալ։ Ճիշտ է, ցեխավիկ-ժուրդենները կաշառքով ընդունվում էին ՍՄԿԿ շարքերը, թեթեւակի առաջխաղացում ունենում էին, սակայն՝ այնքանով՝ որքան։ ՍՄԿԿ անդամ դառնալը հիմնականում նրանց յուրայինի եւ վստահելի հարկատուի կարգավիճակ էր շնորհում, եւ նրանք իրենց ավելի ապահով պաշտպանված էին զգում այդպես։ Ժողովուրդը նրանց մասին անեկդոտներ էր հորինում ու զվարճանում, զավեշտական դրվագներ ու միջադեպեր էր պատմում նրանց կյանքից, այնպես որ, Ժուրդենի կերպարն այդ ժամանակաշրջանում դեռ արտահայտվում էր՝ իր նախատիպին հոգեհարազատ։

ԽՍՀՄ-ի փլուզման պայմանագրի ստորագրափաստից հետո մեր անկախությունը, իրեն ազատ զգալով, լուռ ճամփա ընկավ-ուղեւորվեց Հայաստան, եւ քաղաքական սպեկուլյանտներին մնում էր միայն դիմավորել նրան ու ցնծությամբ ներկայացնել մեր ազգին՝ որպես անձնական քանքարաջանքերի հաղթանակ։ Սակայն մինչ մեր անկախությունը տեղ կհասներ, մեր երկրում, համենայնդեպս, հեղափոխություն-հեղաշրջում տեղի ունեցավ. կոմունիստ-կարմիրները գնացին, իսկ թե ինչի՞ստ-ի՞նչգույնանիները եկան՝ դժվար է ասել ու մինչ օրս էլ հասկանալի չէ…

«Հեղափոխությունը հնարում են հանճարները, իրականացնում են ֆանատները, շահում են սրիկաները»

Առհասարակ, հեղափոխության մասին խոսելիս, անհնար է չհիշել անկրկնելի Բիսմարկի ձեւակերպումներից մեկը՝ «հեղափոխությունը հնարում են հանճարները, իրականացնում են ֆանատները, շահում են սրիկաները»։ Իսկ թե ի՞նչ տվեց մեր ժողովրդին հանճարա-ֆանատա-սրիկայական բաղադրափնջի հաղթանակը՝ բոլորս զգացել ենք մեր մաշկի վրա, մրուրը նստած է մեր ներսում անջնջելիորեն, եւ այդ նստվածքը, ցավոք, շարունակում է վեր բարձրանալ… Եկան, այո, ու նրանց բոլորին համակեց չտեսի շտապ-արագընթաց հարստանալու, կապիտալավորվելու տենդը՝ հողի վրա սեփական ոտքերն զգալու, զգալու, որ արդեն բովանդակություն ունեն, վերամբարձ-իմաստնադեմ-հրամայական խոսելու, իշխելու, տիրելու, տիրելու եւ տիրելու համար։ Եվ տղեքը ոչ մի բանի առաջ կանգ չառան…

Մտածում ես՝ Մորգանների, Ռոտշիլդների, Ռոկֆելերների եւ մյուս կլանային հայտնի գերդաստանների առաջին միլիոնը, հարյուր միլիոնը, միլիարդը նրանց ո՞րերորդ սերունդը գրանցեց ընտանեկան մատյանում… Երբ խաչմերուկի լուսափոխը չի աշխատում, եւ երթեւեկությունը կարգավորող էլ չկա, ապա, ղեկին նստած թե հետիոտն՝ անցնում են` ով` ինչպես կարողանա։ Եվ, բնականաբար, առաջին հերթին անցնում են ճարպիկները։ Ու որքան չի կանոնակարգվում խաչմերուկը, այնքան դառնում է անկառավարելի։

Անկախություն ու ազատություն ստացած նախկին ԽՍՀՄ-ի անդամ երկրներում միլիոնատերերի կայծակնային այնպիսի աճ սկսվեց, որ մինչ այդ գոյություն ունեցող համաշխարհային բիզնես-կապիտալային չափանիշներն ու համեմատականները կորցրին իրենց ուղեցուցային ֆունկցիան՝ առողջ-հաշվարկային տրամաբանության հետ կապված բոլոր հիմնավորումներով ու շեշտադրումներով հանդերձ։ Միլիոնատերեր, մուլտիմիլիոնատերեր, միլիարդատերեր, տերեր, տերեր, տերեր, ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս, ովքե՞ր, ովքե՞ր, ովքե՞ր… Մոտ երկու տասնամյակ է, ահա, որ դուրս ենք պրծել կոշմարային մամլիչահսկումով կառավարվող կշտացած բոլշեւիզմի աքցաններից, սակայն հայտնվել նոր, չհսկվող, անկուշտ ու պատմության մեջ իր ագահությամբ նախադեպ չունեցող ժամանակակից բոլշեւիզմի անպատժելիության սոդոմ-գոմորի մեջ։ Մութ, խավար, ցուրտ, քաղց, զրկանքներ, վիրավորանք ու ստորացում, մաղձ ու հուսախաբություն մի կերպ հաղթահարելուց հետո մինչեւ փորձեցինք ազատվել անցած դժնդակ օրերի մթագնամրուրից ու կողմնորոշվել, նյարդակծկումներով, մեր միակ սիրտը մաշելով, թալանի ու խաբեության, հայրենածաղրության ու հայրենածախության դառնությունն արոճելով մինչեւ ուշքի եկանք՝ տեսանք, որ բոլոր տեղերը զբաղեցրել են… Ովքե՞ր, ովքե՞ր, ովքե՞ր… Գերակշիռ մասն, իհարկե, նոր ժուրդենները՝ իրենց շուրջ պտտվող, իրենց տաշտից կերակրվող դորանտներով հանդերձ։ Եվ այսօր նրանք ամենուրեք են՝ վերից վար, վարից վեր։ Մատաղ սերունդն այսօր նրա՛նց անուններն է ակնածանքով արտաբերում, ոչ թե մեր ազգի իսկական արժանավոր-երախտավորների, որ արդի չափանիշների ու արժեքների աղարտված դաշտում խորթ են եւ օտար։ Իրենց ակնհայտ տգիտությամբ ու անգրագիտությամբ գոտեպնդված, տրամաբանական շեշտից ու պետական մտածելակերպից զուրկ ժուրդեններն այսօր օրենքներ են ընդունում եւ հաստատում՝ մեր վաղվա օրվա ինչպիսին լինելու, մեր ինչպես շնչելու եւ քայլելու մասին։ Իրենց չունեցած կուլտուրայի հիմունքներով մեզ ճաշակ ու ապրելակերպ են թելադրում-պարտադրում, նպատակային դրամաբաժանությամբ ձեւավորում են մեր հոգեւոր-մշակութային կյանքի բեմը, նրա տեսարանները լցնում վուլգար գռեհկությամբ, մայրենի լեզվի այլանդակումով, մարդկային հարաբերությունների եղծումով ու պղծումով։

Պետական մտածելակերպը այն է, երբ…

Ես մի առիթով արդեն արտահայտել եմ իմ տեսակետը պետական մտածելակերպի վերաբերյալ հետեւյալ կերպ. «Պետական մտածելակերպը այն է, երբ յուրաքանչյուր ոք, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, իր յուրաքանչյուր քայլ համապատասխանեցնում է իր երկրի ու ժողովրդի շահերին, եւ ոչ թե հակառակը…»: Ավա՜ղ… Կուսակցությունների հետ տակամիջյան եւ մեջխրվածքային հարաբերություններ հաստատելով, դրամակուլ մրցակցության մեջ միշտ կապիտալի կարիք ունեցող կուսակցությունների նկատմամբ պարտադրանքի եւ թելադրանքի իրենց բաժնետիրությունը գրպաններում, ժողովրդի անունից հանդես եկող կուսակցություններին հնարավորություն չեն տալիս գործելու ժողովրդի օգտին, ժողովրդի շահերը պաշտպանելու նպատակամղվածությամբ։ Մի՛ ձգտում, մի՛ տեսահայացք է առաջնորդում ժամանակակից, արդեն խիստ հաշվենկատ, ագրեսիվ ու անհագ ժուրդեններին՝ անձնական, անձնական եւ միայն անձնական շահութաբերություն։ Մեկ այլ գաղափարախոսություն չկա։ «Գաղափարը» քողարկվում է կամ ջանք է գործադրվում քողարկել բարեգործական կոչեցյալ մեղրաբլիթներ բաժանելու՝ այդ «տեսեք-տեսեք», ի ցույց աշխարհի, մեր ինքնախայտառակման ծիսակատարությունների հեռուստատեսային ցուցադրումներով, որ արդեն հասցրել են դառնալ սերունդ պղծող ուսումնավարժանք։ «Բարեգործություններ», որ պարզապես նվաստացուցիչ ծաղրուծանակ է մեր ժողովրդի նկատմամբ, մարդկային արժանապատվության ու սեփական անձի ու վաստակի հանդեպ՝ հարգանքի կողոպուտ եւ ոտնահարում։ «Բարեգործություններ, որոնց գինը ժողովուրդը վճարում է տասնապատիկ՝ չդադարող տարադրամագնային անմեկնաբանելի ու հակատրամաբանական քաղաքականության շնորհիվ։ Քաղաքականություն, որ «բարեգործներին» օրըստօրե դարձնում է մեր ամեն, ամեն ինչի տերը եւ նրանք, «բարեգործների» փիլոնները վրաները քաշած, մեր ժողովրդին դարձնում են՝ ուզվոր, անկամ, ծախու եւ դավաճան։

Չտեսը, տգետ-քաղքենին միանգամից որքան հարստանում է ու վեր բարձրանում, այնքան դառնում է վտանգավոր-վնասակար իր ազգի ու պետության համար, որովհետեւ իր գլխի պարունակությունը համարում է գրպանի պարունակությանը հավասարազոր։ Ես չեմ բացառում, որ օլիգարխների մեջ ժողովրդի զավակ ռոմանտիկներ էլ կան, որ իսկապես ուզում են բարի գործ անել ազգի համար։ Սակայն, հազար ափսոս, որ նրանք այդպես էլ չեն կարողանում արմատապես ըմբռնել եւ զգալ բարեգործի առաքելության իսկական իմաստը՝ ինչպես վայել է իր երկրին ու ժողովրդին նվիրված աչքը կուշտ մարդուն, իր հող ու ջրի, ազգագրության ու հավատքի, լեզվի ու մշակույթի, ազգային ծրագրերի ու ապագայի, ազգապահպանության արժեքը հասկացող հային։ Պատմության մեջ մնացել են միայն այն բարերար-բարեգործները, որ իրենց ազգին ծառայել են անաղմուկ ու անշահախնդիր։ Սակայն կապիտալակիրքը ու ավելի վեր ճախրելու հրապուրանքը ամեն ոք չէ, որ կարող է հաղթահարել…

Ո՞ւր ենք գնում

Վերջին տասնամյակների մեր ձեռքբերումները հետեւյալն են՝ ոչ մեկն իր գործով չի զբաղվում, ազգովի խրվել ենք քաղաքականության ճահիճը, ազգովի կուսակցական ենք եւ, միասնական դառնալու փոխարեն, բաժան-բաժան լինելով, մասնատվելով, մեր անհամար կուսակցություններին գլխաքանակ ենք ապահովում, անգիր գիտենք կուսակցական առաջնորդների անունները, անցյալն ու ներկան, ոտքերի ու գլխի չափը, ամեն ինչ՝ գովքից մինչեւ արգահատանք, որ կուսակցությունը, հանձինս իր օլիգարխների, ինչքան կաշառք բաժանելու հնարավորություն ունի, որն է որից շատ տալիս, ազգային քաղաքական գործիչների մասին մեծ տերությունների ղեկավարները ի՞նչ կարծիքի են, ի՞նչ են ասում եւ ո՞ւմ թիկունքն են շոյում, միտինգախտը շարունակվում է՝ կարծիքներ ենք արտահայտում, իրար չենք հասկանում ու հավատում, կասկածում ենք, չարախոսում, հեգնում ենք ու վիրավորում, դառնանում ենք, հայհոյում հաց ու ջրի գինը բարձրացնողին, անիծում ենք մեր կյանքը, բարկացած քայլում ենք ու չենք էլ հասկանում, թե ուր ենք գնում… Մեկ-մեկ հիշում ենք, թե ինչպիսին էինք, ու քիչ է մնում կախաղան բարձրանանք։ Մենք վաղուց արդեն չենք խոսում՝ կանաչ տարածքների ոչնչացման ու նրանց տեղերում ապարանքներ կառուցելու, տրամվայը սպանելու, Հյուսիսային սահմռկեցուցիչ պողոտան բռնի կառուցելու, մեր լեզուն ու մշակույթը այլանդակելու, ազգային արժանապատվության, բարոյականության, ազնվության, մարդասիրության, մեր եհովական, մորմոն, հորմոն ու ինչ ասես դառնալու մասին. հնացած թեմաներ են, թմրաբթացված… Սակայն, փառք՝ ում հարկն է, պարապ չենք, նախագահական ընտրությունների ենք պատրաստվում՝ ալեհավաք բոլոր մանրամասնականներով։ Ալեհավաք ու ալեցիր՝ այո, իհարկե, մեկ էլ տեսար, համենայնդեպս, բա ոնց, ի՞նչ իմանաս, բայց, քանի որ, որովհետեւ, սակայն եւ այդպես շարունակ. հեգնական ժպիտից մինչեւ տագնապ։ Եվ մեր երկրում ստեղծված այսօրվա ընդհանուր վիճակը կարելի է արտահայտել ընդամենը մի բառով՝ շիլա։ Չկերար՝ քաղցից կմեռնես, կերար՝ կերածդ կսպանի դանդաղ… Շիլա, որի եռքից, սակայն, արդեն բշտիկներ են պայթում եւ, դեռ նախագահական ընտրությունները չկայացած, հստակ ու հանդուգն հայտարարում, թե ով է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը։ Այնքան հստակ, որ ընտրությունները բացարձակապես դառնում են ավելորդ…

Ինձ համար՝ դեռ ոչինչ պարզ չէ, պղտոր է՝ կասեի… Ուստի ուզում եմ, համակ սրտացավություն դարձած, դիմել Հայաստանի Հանրապետության ապագա մեծարգո նախագահին, ինչպես հայ մարդը՝ հայ մարդուն.

– Արդ ազգովին մենք, շեփորների եւ թմբուկների ուղեկցությամբ, քոչարի պարելով հասել ենք կառուցաճարտարապետական քաոսի, լեզվամշակութային աղետի, հոգեւոր դաշինքի եւ չափանիշների ոչնչացման, սերնդեսերունդ արժեքների փոխանցման անպատումի, ու եթե պիտի շարունակվեն նաեւ մեր բարոյատնտեսական զրկանքներն ու տառապանքներն էլ, որ վաղուց արդեն հասել են մեր քիմքին, ծնկաչոք եմ աղաչում, ի սեր Աստծո եւ ի սեր Հայ ժողովրդի, հանեք ձեր թեկնածությունը։

Իսկ եթե արդարեւ Ձեր յուրաքանչյուր քայլը պիտի համապատասխանեցնեք մեր ազգի ու պետության շահերին, եթե ըստ արժանվույն պիտի գնահատեք ու նպաստեք՝ ոչ հիվանդագին, անձնական վերքերից, հաշվեհաշիվներից, վրեժխնդրային ծրագրումներից ու չարությունից զերծ, առողջ ու բարենպաստ, ազգի շահերը սրտացավորեն պաշտպանող ընդդիմության ասպարեզ մտնելուն, եթե պարզ տեսնում եք, արմատապես զգում եւ անվերապահորեն համոզված եք ու պատրաստ արդեն վճռական-ռադիկալ քայլերի, եւ գովազդը իր տեղը պիտի զիջի իրականությանը, մեկնաբանությունն ու կարծիքը՝ փաստերին, եթե պիտի քաղաքական-իշխանական մայրուղիներից դուրս հրավիրեք օլիգարխներին՝ այլեւս երբեք չվերադառնալու պայմանով, որովհետեւ երկրի կառավարման այդ տարբերակը իրեն չի արդարացնում՝ կործանարար է, եթե արտադրողականության տեմպի միավորը իր արդյունավետությամբ պիտի համապատասխանաբար արտահայտվի մեկ շնչին անհրաժեշտի հնարավորություն եւ մատչելիություն ընձեռող ներազդումով, եթե պիտի ստեղծեք այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր ոք զբաղվի իր գործով, այն գործով, որից հասկանում է, եթե Ձեր ջանքերով պիտի տիրի այնպիսի մթնոլորտ, որ անունակների նենգ տքնանքներով ասպարեզից դուրս մղված մեր ազգի արժանավոր զավակները, իրենց անմնացորդ նվիրումով, ի բարօրություն սերունդների, վերջապես ելք ունենան ծառայելու հարազատ ժողովրդին ու երկրին, եթե մտադիր եք Հայաստանը դարձնել ճաշակի եւ օրենքի երկիր, բարի գալուստ եւ երիցս թող օրհնյալ լինի Ձեր օծումը։

Խոսքս ուզում եմ ավարտել՝ դիմելով եւ Հանրապետության ապագա Առաջին Տիկնոջը.

– Հայտնի է եւ օրինաչափ, որ Դուք Ձեր նշանակալից մասնակցությունը պիտի բերեք մեր երկրի հասարակական-մշակութային կյանքին եւ ազդեցիկ առաքելությամբ Ձեր՝ հիրավի ունենալու եք վճռորոշ դիրքորոշումներ։ Ուստի խնդրում եմ լինել չափազանց ուշադիր, որպեսզի քծնանքի եւ քղանցքներ համբուրելու վարպետ արվեստի ու գրականության ապաշնորհ, զրո ցուցանիշներով ներկայացուցիչները չհամարձակվեն այլեւս, չփորձեն ու չկարողանան օգտվել Ձեր բարեսրտության վստահությունից՝ պաշտոն ու դիրք ստանալու հնարավորություն երբեք այլեւս չունենան, որ նրանք հետայսու անզոր լինեն, մշակույթի աշխարհ սողոսկած պատահական օտարոտիների հետ մեկտեղ, տնօրինելու շնորհալի, տաղանդավոր, իսկական-նվիրյալ ստեղծագործողի եւ ազգային մշակույթի բախտն ու ճակատագիրը։

Եվ այդ դեպքում՝ բարի գալուստ եւ Ձեզ, Հայաստանի Հանրապետության ապագա մեծարգո Առաջին Տիկին։