«Երիտասարդությունը հասարակության ամենաարմատական մասն է»

30/01/2008

– Շա՞տ է տարբերվում ներկա 20-ամյա երիտասարդների սերունդը ԼՂՀ պայքարի թեժ շրջանի (1988-94թթ.) 20-ամյա երիտասարդներից, ինչո՞վ են նրանք տարբերվում ձեր սերնդի իրենց հասակակիցներից:

– Այո, իհարկե, ըստ էության, մեր սերունդը կտրուկ տարբերվում է ներկա սերնդից։ Բացի այդ, չի կարելի ասել, թե որ սերունդն է ավելի լավը, որը` վատը։ Սերունդներից յուրաքանչյուրն ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Մեր սերնդի զարգացումը տեղի է ունեցել, այսպես կոչված, լճացման շրջանում, ուստի, մեր համարձակության սահմանը «Ամերիկայի ձայն», BBC եւ այլ արտասահմանյան ռադիոկայաններ լսելը, ինչպես նաեւ՝ նեղ շրջապատում Բրեժնեւի մասին անեկդոտներ պատմելն էր։ Իսկ 1980-ականների վերջի 1990-ականների սկզբի երիտասարդությունն ավելի շատ ձեւավորվել է ղարաբաղյան հակամարտության ազդեցությամբ։ Պետք է արժանին մատուցել նրանց, քանի որ հենց այդ երիտասարդները դարձան երկրում ծավալված ազգային-ազատագրական շարժման առանցքը, առաջինը հենց նրանք զենք վերցրին` պաշտպանելու իրենց հողը։ Այնպես որ, ես այդ սերունդը կանվանեի հերոսական։ Իսկ ինչ վերաբերում է այսօրվա երիտասարդությանը, ապա հիմնական զանգվածը պասիվ է, ներկայիս երիտասարդներին առաջին հերթին հետաքրքրում են փողը եւ անձնական բարեկեցությունը։ Նրանց մոտ «Հայրենիք» հասկացությունը մղվել է երկրորդ պլան։ Այսինքն, նրանք հիմնականում պրագմատիկ են, ի տարբերություն 1980-1990-ականների երիտասարդությանը, նրանց բնորոշ չէ ռոմանտիկան։ Թեեւ կա նաեւ արմատապես տրամադրված երիտասարդության մի խումբ, որն ընկնում է ինչպես իսլամիստների, այնպես էլ արմատական քաղաքական հոսանքների ազդեցության տակ։

– Ներկայիս երիտասարդությունը ձեւավորվել է Ղարաբաղյան պատերազմի պայմաններում, որքանո՞վ է այդ պայքարն ազդել նրա աշխարհայացքի վրա:

– Ազդել է մեծ չափով։ Մեր երիտասարդության մոտ շատ ուժեղ են ռեւանշիստական տրամադրությունները։ Նրանցից յուրաքանչյուրը մտածում է, որ այդ հակամարտությունը կարելի է լուծել միայն ռազմական ճանապարհով։ Դա բնական է, քանի որ ներկա երիտասարդության աշխարհայացքը ձեւավորվել է հենց այդ ոգով։

– Որքա՞ն ուժեղ է թշնամի հայի կերպարը երիտասարդության պատկերացումներում, ի՞նչ գիտելիքների վրա է այն հիմնված, ի՞նչ փորձառությամբ է ձեւավորվում այդ կերպարը երիտասարդության մեջ:

– Կարծում եմ, որ այն ավելի ուժեղ է, քան մեր սերնդի մոտ, քանի որ դեռ երեխա` նրանք տեսել են Ղարաբաղյան պատերազմի բոլոր սարսափները, որ մենք տեսել ենք հասուն տարիքում։ Նրանց համար դժվար է հասկանալ մեզ, երբ մենք պատմում ենք, որ հայերի հետ միասին ապրել, սովորել եւ աշխատել ենք։ Նրանք զարմանում են, թե ինչպես կարելի է ապրել եւ աշխատել թշնամիների հետ։ Այսինքն` նրանց գիտակցության մեջ խորապես արմատացած է, որ հայերը թշնամի են։

– Ի՞նչ եք կարծում, ներկայիս երիտասարդությունը հավատո՞ւմ է խաղաղ ապագային, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ հարեւանությանը, կարո՞ղ են, արդյոք, հակամարտող կողմերի երիտասարդության ներկայացուցիչների միջեւ անձնական շփումներն ունենալ արմատական ազդեցություն այն ընկալման վրա, որը ձեւավորվում է թշնամու կերպարի քարոզչության արդյունքում:

– Ինձ թվում է, որ երիտասարդության մեծ մասն, այնուամենայնիվ, չի հավատում հակամարտության խաղաղ կարգավորմանը, քանի որ երիտասարդները միշտ ավելի արմատական են, քան հասարակության մնացած մասը։ Բայց, իհարկե, կան նաեւ երիտասարդության այնպիսի ներկայացուցիչներ, որոնք պատրաստ են խաղաղարար գործունեության։

– Որքանո՞վ է ռազմավարական առումով ճիշտ երիտասարդ սերնդի մեջ թշնամու կերպարի կարծրատիպի ձեւավորումը, ինչպե՞ս եւ ի՞նչ խնդիրների հետ է կապված այդ կարծրատիպերի հաղթահարման գործընթացը, փոխակերպումը:

– Ես բախվել եմ այդ խնդրին, երբ զբաղվում էի փախստականների հոգեբանական վերականգնմամբ։ Հիմնականում մենք աշխատում էինք երեխաների հետ, որոնք հիմա հենց 18-20 տարեկան են։ Այն ժամանակ արեւմտյան դոնորները մեր առաջ խնդիր էին դրել, որ երեխաների գիտակցությունից հանեինք թշնամու կերպարը՝ ի դեմս հայերի։ Մենք ստիպված էինք հրաժարվել այդ աշխատանքից, եւ այդ ուղղությամբ իրականացվող բազմաթիվ նախագծեր այդպես էլ մնացին անավարտ, քանի որ երկրում չկա նպատակային պետական դիրքորոշում, թե այսքանից հետո ինչպես պետք է ԼՂՀ-ում ապրենք հայերի հետ միասին։ Ուստի, եթե հայը թշնամի է, ապա մենք այդ սերնդի մոտ պետք է ձեւավորենք թշնամու կերպարը, եթե բարեկամ է, ապա մենք պետք է հասարակության միջից հանենք այդ լարվածությունը։ Մի կողմից` իշխանություններն ուժեղացնում են ռազմական հռետորությունը, բայց մյուս կողմից` նրանք միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնել են պարտավորություն հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Այսինքն` չկա որոշակի դիրքորոշում։ Ուստի հասարակության միջից հայերի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը հանելու համար պետք է պետական պատվեր։ Միայն պետությունը կարող է լուծել այդ խնդիրը։ Ենթադրենք, թե մենք` հոգեբաններս, հանում ենք թշնամու կերպարը, իսկ վաղը Ադրբեջանը պատերազմ է սկսում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տրամադրություն կունենան մեր երիտասարդ զինվորները։ Կամ՝ հակառակը, մենք ուժեղացնում ենք թշնամու կերպարը, իսկ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր է ստորագրում Հայաստանի հետ։ Ի՞նչ պետք է անել նման դեպքում։ Ուստի` միայն պետությունը կարող է պատասխանել այդ բոլոր հարցերին։

Զրուցեց Զաուր ՌԱՍՈՒԼԶԱԴԵՆ