Պատասխանատուն իշխանություններն են

27/01/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունը հայտնեց լրատվամիջոցներին, հատկապես հեռուստաընկերություններին՝ այն բանի համար, որ խտրական վերաբերմունք չեն դրսեւորում իրենց թեկնածու Արտաշես Գեղամյանի նկատմամբ: Իսկ այս ընթացքում լրագրողների հետ ցանկացած հանդիպում նա համարում է իրենց թեկնածուի օգտին քարոզչություն:

«Իհարկե, կան որոշ լրատվամիջոցներ, հատկապես թերթեր, որոնք իրենց վերաբերմունքն ունեն այս կամ այն թեկնածուի նկատմամբ, եւ այդ ռակուրսի տակ են մատուցում նյութը: Կա անտիպատիա, կա սիմպատիա: Մենք դրանից չենք խորշում: Կան որոշակի կուսակցական ուղղվածության կամ որոշակի ճնշման տակ գտնվող թերթեր, որոնք էլ իրենց սեւ քարոզչության էլեմենտներ են դրսեւորում: Դրանցից էլ ենք շնորհակալ, որովհետեւ դա էլ յուրօրինակ ընտիր քարոզչության ձեւ է: Եվ երբեմն նրանք դրանով ասում են այն, ինչ մենք ենք ուզում ասել»,- ասում է Գ. Թադեւոսյանը:

Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ԱՄԿ ղեկավարները հաճախ են դժգոհել հեռուստաընկերությունների խտրական վերաբերմունքից եւ իշխանություններից, իրենց հանդիպումներին խոչընդոտելու համար: Այս անգամ ԱՄԿ թեկնածուն խոչընդոտների չի հանդիպել նաեւ մարզերում ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելիս: Եվ հենց այս վիճակն է, որ շատերի մոտ կասկած է առաջացրել, թե Ա.Գեղամյանը համագործակցում է իշխանությունների հետ: Երեկ լրագրողները նորից անդրադարձան այս հարցին եւ փորձեցին Գ. Թադեւոսյանից տեղեկանալ` Ա. Գեղամյանն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ, եւ արդյո՞ք ԱՄԿ փոխնախագահը հիմա քննադատական խոսք կասի ներկա իշխանությունների հասցեին: Պարոն Թադեւոսյանը քննադատական խոսքեր չասաց, բայց կասկածողներին խորհուրդ տվեց կարդալ «Արարման ծրագիրը»: «Երբեմն մամուլում հրապարակվում է, որ Գեղամյանը փոխել է իր մոտեցումները: Ես խորհուրդ կտայի վերցնել մեր «Արարման ծրագիրը» եւ կարդալ, որտեղ տրված է նաեւ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածի գնահատականը: Կտեսնեք, թե ինչպիսի դաժան քննադատության է ենթարկում Գեղամյանը ներկա իշխանություններին կոռուպցիայի, կլանային համակարգի, հանցագործությունների, սոցիալական ոլորտների առումով: Այդտեղ ոչ միայն քննադատում է, այլ թվերով վերլուծություններ է անում: Այնպես որ, Արտաշես Գեղամյանն իշխանությունների նկատմամբ իր գնահատականը չի փոխել»,- պատասխանեց Գ. Թադեւոսյանը:

ԱՄԿ նախկին անդամ եւ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը հայտարարել է, որ այս ընտրություններում պաշտպանելու է ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Ա. Արշակյանը հայտնվել էր ԱՄԿ համամասնական ցուցակի վերջին տեղերում: Այսինքն, եթե կուսակցությունը ԱԺ ընտրություններում նույնիսկ անցողիկ միավորներ հավաքեր, ապա, միեւնույն է, պարոն Արշակյանը պատգամավոր չէր դառնա: Հավանաբար հենց այդ պատճառով նա դուրս եկավ ԱՄ կուսակցությունից եւ միացավ Մանուկ Գասպարյանին: Իսկ այս անգամ նա «Վահանի հետ է»: «Ամեն քաղաքական գործիչ իրավունք ունի նախագահական ընտրություններին սատարել այն թեկնածուին, որին հավանում է: Դա Աղասի Արշակյանի գործն է, նա ԱԺ ընտրություններում մեր ցուցակում չէր: Ու հիմա էլ Վահան Հովհաննիսյանի հետ պայմանագիր է կնքում, ընդառաջում է նրա խնդրանքին: Պայմանագրային այդ ձեւն էլ ես չեմ կարող ընդունել: Եթե ինձ հետ մի քաղաքացի պայմանագիր չի կնքել, ես դրա նախագահը չե՞մ: Պայմանագիր կնքելը ճնշման կամ իր թիվը պարտադրելու ձեւերից մեկն է: Եթե ես այսօր 150.000 պայմանագիր եմ կնքել, եւ եթե ընտրություններին դրանից քիչ ձայն ստանամ, կասեմ՝ ընտրությունները կեղծված են: Սա էլ յուրօրինակ բան է, թողենք Աղասի Արշակյանի եւ Վահան Հովհաննիսյանի խղճին»:

Պարոն Թադեւոսյանը խոսեց նաեւ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին եւ հայտարարեց, որ դրա համար առաջին հերթին պատասխանատու են իշխանությունները: «Սերժ Ազատիչն առաջին հանդիպման ժամանակ ասաց, որ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար եւ թափանցիկ: Բնական է, որ այդպիսի ընտրություններ անցկացնելու համար պատասխանատու են իշխանությունները, որովհետեւ նրանց ձեռքին են լծակները: Բնական է, որ այն թեկնածուները, ովքեր իշխանության մաս են կազմում, այլ կարգավիճակով են մտնում ընտրարշավ: Օրինակ, նույն Սերժ Սարգսյանը եւ Վահան Հովհաննիսյանը բավականին բարենպաստ պայմաններ ունեն: Նա վարչապետն է, նա էլ՝ ԱԺ փոխնախագահը: ՀՅԴ-ն ունի 4 նախարար, 2 մարզպետ: Վահան Հովհաննիսյանը համառորեն ասում է, որ ինքն իշխանական թեկնածու չէ, իրենք իշխանություն չեն, բայց հասկանո՞ւմ եք, որ այդպիսի պաշտոններ ունեցող քաղաքական ուժը չի կարող իշխանություն չհամարվել: Նրանք մասսաներ հավաքելու ավելի լավ հնարավորություններ ունեն: Եվ ստացվում են անհավասար պայմաններ»,- ասում է Գ. Թադեւոսյանը: Նախագահի թեկնածուները պարբերաբար մյուսներին կոչ են անում ընտրակեղծիքների դեմ պայքարող համատեղ մարմին ստեղծել: Բայց կարծես այդ կոչերը դեռ գործնական քայլերի չեն վերածվել: «Ճառ ասելը մի բան է, զանգ կախելը՝ մեկ այլ: Նման կոչ արվեց նաեւ հանրաքվեից առաջ, բայց մենք հիշում ենք հանրաքվեի կեղծիքները: Մենք կմիանանք բոլոր միջոցառումներին, որոնք կնպաստեն ազատ-արդար ընտրություններին: Բայց այստեղ մի կարեւոր դիտարկում կա. ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական կուսակցություն թերթերում հայտարարություն, կոչ անելուց առաջ, լավ կլինի, որ իր կոլեգաների հետ խորհրդակցի: Արթուր Բաղդասարյանն էլ ինչ-որ թեժ գծի մասին է խոսում: Հայտարարություն անելուց առաջ Մհեր Շահգելդյանը կամ Հեղինե Բիշարյանը թող զանգեին մեզ եւ ասեին, թե՝ որոշել ենք մի գրասենյակ բացել, այս հեռախոսներն էլ առանձնացնել, մի հատ էլ լուրջ մարդ նստեցնենք, ինչքան խախտում կլինի, կուտակենք, ի՞նչ կարծիքի եք: Ա՛յ, դա կլինի գործ: Բայց հայտարարություն անել` լավ լույսի մեջ ներկայանալու համար, շատ ենք լսել»,- ասում է Գ. Թադեւոսյանը: