– Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով այն չորս հիմնական դրույթները, որոնք
Ուկրաինայում ու Ղրղըզստանում հեղափոխության հիմք հանդիսացան, փորձեց
հիմնավորել, թե ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ իրականացնել
հեղափոխություն: Նրա համոզմամբ, ի տարբերություն այդ երկրների,
Հայաստանում «ոչ ոք չի կասկածում իշխանության վճռականության մեջ»:
Մատնանշված պատճառները որքանո՞վ են հիմնավոր:
– Ցավում եմ՝ թեկուզ ԱՊՀ երկրների կողմից ՀՀ նախագահ ճանաչված մարդու
համար, որի մտավոր ունակություններն ու արժեքային համակարգն այդքանն են:
Լավ կլիներ, եթե ինքը խոսեր այդ երկրների հեղափոխության պատճառների մասին:
Դրանից ինքը խուսափեց, որովհետեւ ակնհայտ է, որ այդ պատճառները
Հայաստանում կան, եւ դա իրեն շատ ուշացնել չի տալու:
– Որպես պատճառ նա, օրինակ, նշեց, որ Հայաստանում «չունենք պաշտոնանկ
արված ընդդիմադիրներ, ովքեր պաշտոնանկ են արվել իրենց ակտիվ աշխատելու
համար: Ճիշտ հակառակը՝ կամ թերացումների, կամ մի շարք այլ մեղքերի համար»:
Ո՞րն է եղել ձեր թերացումը, եւ ի՞նչ մեղքեր եք գործել:
– Մեղմ ասած, շատ սաղմնային է իր մոտեցումը: Պիտի իրեն սովորեցնեմ, որ
մարդու աշխատանքը գնահատում է ժողովուրդը ու պատմությունն է գնահատում, թե
մարդն ինչ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործընթացներում: Իր
ներդրման մասին իր կինն ասել է. «Ռոբ ջան, տնտեսական աճից չխոսես»: Իմ
ներդրման մասին ես հակված չեմ խոսելու: Իմ պաշտոնավարության ժամանակ ես
գտնում էի, որ Հայաստանում պետք է զարգանա արդյունաբերությունը եւ այդ
կարճ ժամանակահատվածում փորձեցի այդ ուղղությամբ որոշակի քայլեր անել, իսկ
իրենք դա սեփականաշնորհեցին: Այսինքն՝ Հայաստանն այսօր հանրապետություն
չէ, միապետություն է եւ միապետություն է բոլոր ոլորտներում: Մեր խնդիրը
Հայաստանը հանրապետություն դարձնելն է: Եվ հենց այս խնդրի լուծման համար
տեղի ունեցավ ապրիլի 12-ը, եւ ես գտնում եմ, որ մենք միանշանակ ճիշտ էինք,
ու ապրիլի 12-ի գործընթացներին ներկա էր իմ ամբողջ ընտանիքը, կինս ու
երեխաներս, որովհետեւ ես համարում եմ, որ դա միայն կուսակցությունների ու
կուսակցականների խնդիրը չէ: Ակնհայտ էր, որ եթե լույսը բացվեր,
իշխանությունները փոխվելու էին, ու համոզված եմ, որ այս անգամ լույսը
բացվելու է ու իշխանություններն այլեւս չեն լինելու:
– Իսկ գուցե ձեր «մեղքն» այն է, որ՝ լինելով իշխանության մեջ, հեղափոխություն չիրականացրեցիք:
– Ես քրիստոնյա մարդ եմ եւ գիտեմ ու ընդունում եմ, որ ես շատ մեղքեր
ունեմ: Եթե կարծում եք, թե քաղաքական դաշտում պետք է ինտրիգներով շարժվեի,
մնայի իշխանության ու իրեն փոխեի, ապա ես այդ մոտեցման մարդը չեմ: Ես դա
եմ համարում մեղք: Ինչ վերաբերում է թերացումներին, ապա չեմ կարծում, թե
երկրում ծնելիությունն իմ պատճառով է նվազել: Ինձ վրա նման ֆունկցիա դրված
չի եղել, եւ Սահմանադրությամբ այսօր էլ վարչապետի վրա նման ֆունկցիա դրված
չէ: Եթե նման խնդիր լիներ, ապա ի սկզբանե ես չէի համաձայնի զբաղեցնել
վարչապետի պաշտոնը, որովհետեւ ես հարգում եմ իմ ընտանիքը եւ ունեմ
ազգանուն:
– Ընդդիմությունը հեղափոխության ժամկետներ է նշում ու պնդում է, թե
իշխանություններն իրենք էլ են գիտակցում իրենց գործունեության ավարտը,
սակայն Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում ընտրություններ եղել են 2
տարի առաջ եւ հաջորդը տեղի կունենա 2 տարի հետո: Նորից ե՞ք պնդում, որ
իշխանությունները զգում են, որ իրենց իշխանությանը «հաշված օրեր են
մնացել»:
– Իհարկե, իշխանությունը դրանով իր վախվորածությունն է ցույց տալիս:
Ռոբերտ Քոչարյանը հասել է նրան, որ իր մոտ է կանչում քաղաքապետերին ու
ասում է, թե այս տարվա վերջին այսքան գումար կտամ, հաջորդ տարի՝ այսքան:
Հետո էլ այդ մարդուն դուրս են հրավիրում իր աշխատասենյակից, դեմ են տալիս
անարգանքի պատին, միկրոֆոնները դեմ են տալիս, որ այդ մարդն այդ ամենն ասի
հասարակությանը: Քոչարյանը դրանով ուզում է ցույց տալ, որ ինքը հավերժ է,
բայց իրականում իր ներսում վախ կա: Պետք է ասեմ, որ մեզանից
յուրաքանչյուրն այլ երկրների ժողովրդավարական հեղափոխությունները
հեռուստատեսությամբ տեսնելով իր հաղթանակն է տեսնում, ու հավատում է, որ
նույնը հնարավոր է նաեւ մեզ մոտ: Ու պատկերացրեք, թե ինչ են զգացել
իշխանությունները՝ տեսնելով ժողովրդի հաղթանակը կամ՝ Կուչմայի ու Ակաեւի
վիճակը: Իրենք այդտեղ իրենց են տեսնում, ու այդ վախն իրենց սրտում է: Այդ
վախն իրենց կողքին կանգնած արդեն անհարմար վիճակում հայտնված, ժողովրդի
կողմից մերժված բազմաթիվ ոստիկանների ու դատախազների սրտում է: Այդ մարդիկ
պիտի հեռանան ու պիտի պատժվեն: Միանշանա՛կ, որպեսզի կարողանանք ձեւավորել
մեր հանրապետությունը եւ որպեսզի հաջորդ իշխանության ժամանակ պետական
կառույցում աշխատող պաշտոնյաները չվախենան անհատից, հավատան իրենց
աշխատանքին ու անեն այն գործը, ինչ իրենք ուզում են: Իշխանությունների նոր
որակ է պետք ձեւավորել: Մարդիկ, ովքեր վախենում են այսօր կանգնել մեր
կողքին, այդ մարդիկ կվախենան նաեւ վաղը: Հետեւաբար այսօր ջրբաժան է, եւ
այն մարդիկ, ովքեր չեն վախենում եւ վարկաբեկված չեն, պիտի կանգնեն մեր
կողքին, որպեսզի իրենք դառնան վաղվա իշխանությունները:
– Իսկ ո՞րն է ձեր հիմնավորումը, թե ինչու Հայաստանում տեղի չի ունենում
հեղափոխությունը, երբ, ըստ ձեզ, առկա են բոլոր նախադրյալները:
– Իսկ ո՞վ է ասում, թե տեղի չի ունենում: Իշխանափոխության գործընթացն
արդեն երկու ամիս է սկսված է, պարզապես իշխանությունները տաք են ու դա դեռ
չեն զգում: Ես այդ գործընթացում իմ հստակ ծրագիրն ու իմ անձնական
պատասխանատվությունն ունեմ, եւ ես դա անում եմ կետառկետ: Յուրաքանչյուր
կետն իրագործելուց հետո պլյուս նշան եմ դնում առջեւում: Ասեմ, որ
մինուսները շատ քիչ են մնացել:
– Ռ. Քոչարյանն ընդդիմությանն առաջարկել էր՝ «չկոմպլեքսավորվել», թե
ուրիշի մոտ հեղափոխությունը ստացվել է, իսկ ձեզ մոտ՝ ոչ. «ընդդիմության
մոտ չի հաջողվել եւ չի հաջողվում ոչ թե նրա համար, որ իրենք վատն են, այլ
նաեւ նրա համար, որ երկիրն ավելի լավ է մեզ մոտ, եւ իշխանությունն ավելի
արդյունավետ է»: Իսկ հետո ավելացրել էր. «Եթե այսպես ձեւակերպենք, նրանց
մոտ կոմպլեքսավորվածության աստիճանը կնվազի, եւ կհանգստանան»: Ի՞նչ կասեք
այս մասին:
– Հայաստանի Հանրապետությունում ես ավելի կոմպլեքսավորված ու միագիծ մարդ,
քան Ռ. Քոչարյանն է, չեմ ճանաչում: Իր շրջապատն էլ է իր մասին այդ
կարծիքին: Ես բացարձակ կոմպլեքսավորված մարդ չեմ: Իսկ ինչ վերաբերում է իր
ասածներին, ապա պետք է ասեմ, որ նա բազմաթիվ անգամներ սուտ է ասել: Ինքն
անցած տարի խոստացավ, որ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունից հետո ելույթ
կունենա, լրագրողներին խոստացավ, որ ԼՂՀ խնդրի շուրջ մամուլի ասուլիս
կհրավիրի… Նա նման բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք չի կատարել, իսկ
քաղաքական գործչի խոսքը ժողովրդին՝ ժողովրդի հետ պայմանագիր կնքել է: Ինքը
բազմաթիվ անգամներ փորձել է պայմանագիր կնքել ժողովրդի հետ եւ լինելով
պայմանագրի կողմ, այդ կողմը խախտել է, ու ժողովուրդն այլեւս իր ասածներին
չի հավատում: Բանը հասել է նրան, որ իր ասածներին չի հավատում նաեւ տիկին
Բելլան: Սրանից Քոչարյանը պետք է հետեւություններ անի, ոչ թե ի լուր
մամուլի հայտարարի, ու ամբողջ օրը հեռուստատեսությամբ ցույց տան: Իր
հեռուստակայանները չե՞ն հասկանում, որ վնաս են տալիս իրենց շեֆին. եթե
հասկանալով են անում՝ շնորհակալություն, եթե ոչ՝ արջի ծառայություն են
մատուցում: