ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Երեւանում առաջինը հանդիպեց Նոր Նորքի բնակիչների հետ:
Մինչեւ Սերժ Սարգսյանի ժամանումը Նոր Նորքի եկեղեցու մերձակայքում բացօթյա համերգ էր, որին մասնակցում էր Ս.Սարգսյանին սատարելու մասին հայտարարած երգիչների մեծ մասը` Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Ալլա Լեւոնյանը, Աննա Խաչատրյանն ու Շուշան Պետրոսյանը, որը բոլորովին վերջերս երեխա է ունեցել: Ժողովրդի հետ համերգ էին լսում նաեւ Երեւանի քաղաքապետ, Նոր Նորքի ՀՀԿ շտաբի պետ Երվանդ Զախարյանը, Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը ու նրա թաղապետ որդին… Ըստ հանդիպման կազմակերպիչների, դրան մասնակցում էր 6-7 հազար մարդ: Ս. Սարգսյանը, մինչեւ բեմահարթակ բարձրանալը, նախ՝ ծաղկեպսակ դրեց եկեղեցու բակում տեղադրված զոհված ազատամարտիկների հուշարձանին, հետո մտավ եկեղեցի, մոմ վառեց: Այդ ընթացքում նրան ուղեկցում էր նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: «Այսպիսի հանդիպումները որոշ մարդկանց խուճապի են մատնում, որոշ մարդկանց մոտ ավելացնում են չարությունը, խիստ հուսախաբության են մատնում: Բայց խնդրում եմ ձեզ սադրանքների չենթարկվել, չարությանը չարությամբ չպատասխանել, ատելությանն ատելությամբ չպատասխանել, որովհետեւ մեր նպատակը միայն ընտրություններում առավել քվե տանելը չէ: Մեր նպատակն ընտրություններից հետո Հայաստանն առաջ տանելն ու բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն է, մեր հասարակության մեջ համերաշխության, փոխադարձ վստահության հաստատումն է»,- հայտարարեց Ս. Սարգսյանը:
Վերջին 5 օրերի ընթացքում ՀՀ մարզեր կատարած այցելություններից Ս. Սարգսյանը իր համար պարզել է, թե ինչ պետք է անի ՀՀ նախագահը, որպեսզի ընտրություններից հետո եւս վայելի ժողովրդի վստահությունը: Հետեւությունը, որն արել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն, այն է, որ` ոչ միայն նախընտրական շրջանում ՀՀ նախագահը պարտավոր է լինել կենդանի, անմիջական շփումների մեջ ժողովրդի հետ` չբավարարվելով միայն մամուլով ժողովրդի հետ շփումներով: «Կարծում եմ` այս 8 ամիսների ընթացքում, նկատի ունեմ ԱԺ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածը, կարողացել եմ կոտրել իշխանությունների մասին եղած կարծրատիպը, թե իշխանությունը կտրված է ժողովրդից, որ պաշտոնյաները վախենում են մտնել ժողովրդի մեջ, լսել նրանց բարի խոսքը, ինչո՞ւ չէ` նաեւ կշտամբանքը»,- հայտարարեց Ս. Սարգսյանը: Ըստ նրա, իր նախընտրական ծրագրում նշված գաղափարները նվազագույնն են, որ ինքը ցանկանում է իրականացնել. «Երբ աշխատում էինք նախընտրական ծրագրի վրա, ես համարեցի, որ այդ ծրագիրը պետք է լինի մի քիչ ընդհանրական, որովհետեւ ՀՀ նոր սահմանադրությունը ՀՀ նախագահի պարտականությունները մի քիչ այլ տեսանկյունից է դիտարկում: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ժողովրդի համար դեռեւս ՀՀ նախագահը պատասխանատու է ամեն ինչի համար, որոշեցինք նաեւ որոշակի թվեր կցել: Եվ այդ թվերն ասում են այն մասին, որ կարճ ժամանակում մենք 2 անգամ ավելի լավ ենք ապրելու: Բոլոր հանդիպումների ժամանակ ես սա ասում եմ, բայց միշտ էլ ասում եմ, որ դա չի նշանակում, թե Նոր Նորքը երկու անգամ մեծանալու է, կամ, եթե մեկը կուտակել է մեծ հարստություն, անպայման այդ հարստությունը պետք է կրկնակի անգամ ավելանա: Դա նշանակում է, որ նվազագույն աշխատավարձը, թոշակները պետք է կրկնակի անգամ բարձրանան, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ ցուցանիշներին: ԱԺ ընտրությունների ժամանակ մեր կողմից արված գրեթե բոլոր խոստումները, եւ այն ամենը, ինչին հասել ենք վերջին 7 տարիների ընթացքում, ես համարում եմ, որ դրանք, իրոք, ձեռքբերումներ են, համարում եմ, որ, անշուշտ, եղել են բացթողումներ, համարում եմ, որ դեռեւս պրոբլեմներ կան, եւ դրանք շատ-շատ են, բայց եթե մենք խնդիրները դիտարկում ենք համեմատության մեջ, անշուշտ, անաչառ մարդը մշտապես պետք է գոնե ասի, որ, այո՛, կան որոշակի փոփոխություններ, բայց դեռեւս դրանք բավարար չեն, որպեսզի մենք գոհ լինենք»:
Հ. Գ. Ի դեպ, հանդիպմանը ներկա էին Նոր Նորքի մի շարք դպրոցների ուսուցիչներ ու տնօրեններ: Թիվ 197 դպրոցը Ս. Սարգսյանի հետ հանդիպման համար նույնիսկ հատուկ պաստառ էր սարքել, որտեղ ընդամենը գրված էր` «թիվ 197 դպրոց»: