Երեկ Երեւանի «Անի-Պլազա» հյուրանոցում ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հանդիպում էր Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մոտ 300 մարդկանց հետ: Այդ մարդիկ գյուղական տնտեսության ներկայացուցիչներ էին, ու հանդիպման ժամանակ հիմնականում խոսվեց հենց նրանց հուզող հարցերից:
Ա. Բաղդասարյանն իր ելույթում դժգոհեց մեր երկրի գյուղատնտեսության վիճակից, բողոքեց, թե երկրում ընդամենը 1500 տրակտոր կա, կոմբայնների թիվն էլ այն չէ, հարկերը գյուղացուն խեղդում են, ոռոգման ջրի խնդիր կա եւ այլն: Կոնկրետ թվերով նշում էր, թե, օրինակ, այսինչ թվականին, ասենք, հացահատիկի արտադրությունն այսքան էր, իսկ այսօր այսքան նվազել է: Բայց նախագահի թեկնածուի բողոքներն ու քննադատությունները հիմնականում անհասցե էին, ավելի ստույգ՝ քննադատում էր իշխանությանը, գյուղատնտեսության բնագավառում վարվող քաղաքականությունը, բողոքում էր կոռուպցիայից, նշում անարդարությունների օրինակներ, սակայն կոնկրետ անուններ չէին հնչում: Քննադատության թիրախի վերացական լինելն այն էր, որ բողոքն ընդհանուր էր՝ «իշխանություններ», «օլիգարխներ», «մոնոպոլիստներ» եւ այլն՝ առանց անունների: «Այսօր բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, եւ, մենք դա հրապարակելու ենք, ունեն հարյուրավոր, հազարավոր հեկտարներով հողատարածքներ,- հայտարարեց Ա. Բաղդասարյանն ու հավելեց,- Այսօր Հայաստանում տեղի է ունենում հողերի խոշորացման, օլիգարխիզացիայի գործընթաց»: Այնուհետեւ թեկնածուն ներկայացրեց գյուղատնտեսության բնագավառում իր ծրագրերը, որից հետո պատասխանեց գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հարցերին: Ա. Բաղդասարյանը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում իջեցնել ոռոգման ջրի սակագինը, գյուղատնտեսության մեջ ապահովագրական համակարգ ներդնել, ցածր տոկոսադրույքներով գյուղտեխնիկայի, սերմացու-տնկանյութի, պարարտանյութ-թունաքիմիկատի տրամադրում գյուղացիներին եւ այլն: ՕԵԿ նախագահը նկատեց, որ անընդունելի է, երբ «պետական այս կամ այն ծրագիրը կապում են այս կամ այն կուսակցության հետ»: «Այն ջրագիծը, որ պետությունը պարտավոր է սարքել, այն գազամատակարարման համակարգը, որ պարտավոր է անցկացնել, դա կապում են իշխող կուսակցության հետ, դա կապում են այս կամ այն թեկնածուի հետ: Դա եղել է եւ՛ խորհրդարանական ընտրություններում, եւ՛ հիմա շարունակվում է նաեւ նախագահական ընտրություններում: Սա անընդունելի է, որովհետեւ չի կարելի պետական ծրագրերը դարձնել առանձին մարդկանց սեփականությունը»,- նշեց նա: Ա. Բաղդասարյանը նշեց նաեւ համատարած անձնագրեր հավաքելու մասին: Հենց իր խոսքի ընթացքում նրան մի նամակ փոխանցվեց, որի հեղինակը հայտնում էր, որ իրեն ստիպում են առնվազն 5-10 մարդու անձնագիր բերել: «Գյուղապետերը զբաղված են իշխող թեկնածուի համար ձայներ կորզելով,- հայտարարեց նախագահի թեկնածուն եւ շարունակեց,- Մենք այս մոտեցումները դատապարտում ենք: Եվ մենք այս երեւույթների դեմ լրջորեն կռիվ ենք տալու եւ պայքարելու ենք»: Արարատի մարզի գյուղացիներից մեկը ՕԵԿ նախագահից հետաքրքրվեց, թե նախորդ օրն իրենց մարզ կատարած այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանն ինչո՞ւ իր հետ չէր տարել իր «ծանր հրետանի Հեղուշին» (խոսքը Ա. Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանի մասին է): Այս հարցին հետեւեցին ներկաների ծափահարություններն ու ծիծաղը, իսկ հարցն այդպես էլ պատասխան չստացավ: ՕԵԿ նախագահը երեկ տեղեկացրեց, որ նախորդ գիշեր Վանաձորում անհայտ անձը կամ անձինք կոտրել են իր նախընտրական շտաբի ապակիները: Ա. Բաղդասարյանը եզրակացրեց, որ սա իշխանությունների վախի դրսեւորում է, որովհետեւ իր վարկանիշը շարունակ աճում է, ինչն, ըստ նրա, պատճառ է դարձել, որ իշխանությունները «խառնվեն իրար»: Այնուհետեւ ՕԵԿ նախագահը հետաքրքրվեց, թե «ո՞վ է այն տղամարդը», որ համարձակվել է կոտրել իր շտաբի ապակիները: Ըստ նրա, դա փոքրոգի, ճղճիմ մարդ է: Հիշեցնենք, որ մոտ 9-10 տարի առաջ էլ Ռոբերտ Քոչարյանն էր հետաքրքրվում, թե «ո՞վ է այն տղամարդը»: Սակայն Ռ. Քոչարյանն այդկերպ փորձում էր պարզել, թե ո՞վ է այն տղամարդը, որ Հայաստանում կարող է իշխանափոխություն անել: Իսկ ընդամենը 5 տարի առաջ Ռ. Քոչարյանը նախագահ դարձավ նաեւ հենց ՕԵԿ-ի աջակցությամբ: 2003-ին, երբ ՕԵԿ-ը սատարում էր նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանին, Ա. Բաղդասարյանը կարծեք թե չէր խոսում նմանօրինակ երեւույթների մասին, իսկ այսօր խոսում է: «Ազատություն» ռ/կ-ի այս դիտարկմանն ի պատասխան՝ Ա. Բաղդասարյանը երեկ խոստովանել է, որ նմանօրինակ արատավոր երեւույթներն իսկապես նոր չեն, ապա հավելել է. «Բայց նման ձեւով, նման կոշտ մեթոդներով, որ իրականացվում է այսօր, եւ այս ֆոնի վրա խոսել արդար ընտրությունների մասին, դա անընդունելի է»: