1998-ին ճանաչել է օրինականությունը

27/01/2008

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի մարզեր կատարած այցերի ժամանակ հայտարարել էր, թե ՀՀ 2003թ. նախագահական ընտրություններում հաղթել է Ստեփան Դեմիրճյանը, իսկ 1998-ին` Կարեն Դեմիրճյանը: Շիրակ եւ Արագածոտն մարզերում էլ օրերս հայտարարել էր, թե «Ռոբերտ Քոչարյանը ո՛չ 1998-ին, ո՛չ 2003-ին զուտ Սահմանադրությամբ իրավունք չուներ դառնալու ՀՀ նախագահ», ապա, թե` «1998-ին ընտրելով Կարեն Դեմիրճյանին, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանին, դուք պետք է համարեք, որ այս հաղթանակը մեր երեքի հաղթանակն է, գումարած՝ Վազգեն Սարգսյանի հաղթանակը»: «Նա 1998թ. ապրիլին ներկա է եղել Ռոբերտ Քոչարյանի նախագահական երդման արարողությանը: Այդ ժամանակ ես էի ԱԺ նախագահը, եւ ես ինքս, որպես ԱԺ նախագահ, պաշտոնական հրավերք եմ ուղարկել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությանը։ Ավելին, մինչ 1998 թվականի ապրիլի 9-ի այդ հատուկ նիստը, ես նաեւ հանդիպել եմ Տեր-Պետրոսյանին, եւ քննարկել ենք այդ հարցը։ Ես պաշտոնապես նաեւ հրավիրել էի Կարեն Դեմիրճյանին, որն, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի` չեկավ: Լ. Տեր-Պետրոսյանը հրավերն ընդունել է եւ ներկա է եղել Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությանը։ Այնպես որ, Տեր-Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանն այլ կերպ չես մեկնաբանի, քան, ճանաչել 1998թ. նախագահական ընտրությունների արդյունքների օրինականությունը»,- երեկ ասաց Խ. Հարությունյանը։ Հիշեցնենք, որ 1998թ. նախագահական ընտրություններին մասնակցում էին 12 թեկնածուներ` Յուրի Մկրտչյան, Պարույր Հայրիկյան, Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Շահնազարյան, Վիգեն Խաչատրյան, Արամ Գ. Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Աշոտ Բլեյան, Սերգեյ Բադալյան, Արտաշես Գեղամյան, Հրանտ Խաչատրյան եւ Վազգեն Մանուկյան: