Ո՜վ, Սուրբ անմեղություն

27/01/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հավատալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի այն հավաստիացումներին, թե ընտրակեղծիքներ կատարելում առավելապես աչքի ընկած քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության, բարդ է: Կամ, ավելի ստույգ, նաիվ: Նախ` մեր հայրենիքում ընտրակեղծիքներ կատարելու մեջ ներգրավված են ոչ միայն ուժերի ծաղկման շրջանում գտնվող գրեթե բոլոր կանայք եւ տղամարդիկ: Հետո` սկսած ամենաբարձր չինովնիկից` մինչեւ ամենավերջին աուլի հայորդիները, առանց իրենց խնայելու, պատրաստ են ուղղակի կամ անուղղակի մասնակցել ընտրությունները կեղծելու գործին: Ինչ վերաբերում է կեղծարարներին հայտնաբերելու եւ պատժելու հարցում Գլխավոր դատախազության նախանձախնդրությանը, ապա պարոն Թամազյանի հավաստիացումներն իրենց անհավանականությամբ պարզապես զվարճալի էին: Դրանք ստիպեցին վերհիշել ոչ միայն «Ազգային Միաբանություն» կուսակցությա՛ն, այլեւ տեղամասային հանձնաժողովի՛ մի անդամի, որը խորհրդարանական ընտրություններից հետո բախեց իրավապահների դռները, հայտարարեց, թե թույլ է տվել բազում կեղծիքներ եւ ողջ սրտով զղջում է կատարած ստորության համար (ի դեպ, վերջինս ծագումով Ապարանից էր): Սակայն ի՞նչ եղավ հետո: Իրավապահները հասարակությունից մեկուսացրի՞ն այս պետական հանցագործին, որն անձամբ էր խոստովանում իր մեղքերը եւ կարող էր ապացույցներով խոսել նաեւ իր հանցակիցների մասին: Ամենեւին: Իրավապահներն ու հասարակությունը մի կուշտ ծիծաղեցին տեղամասային հանձնաժողովի անդամի վրա, կասկածի տակ առան` արդյո՞ք առողջ է նրա հոգեկան աշխարհը: Իսկ հետո ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որն, ի դեպ, ծագումով եւս Ապարանից է, հանձնաժողովի սույն տարաբախտ անդամին տեղավորեց աշխատանքի: Եվ պատմությունը սրանով ավարտվեց:

Սակայն գլխավոր դատախազի տեղակալը նախազգուշական խորհուրդ տվեց ոչ միայն պոտենցիալ ընտրախախտներին, այլեւ լրագրողներին: Այն է` թող լրագրողներն առավել բարեխիղճ լինեն իրենց հրապարակումներում եւ ընտրակեղծարարների մասին տան ամփոփ եւ համոզիչ, այսինքն` հիմնավորված տեղեկատվություն: Իրո՛ք, ոսկե խոսքեր են: Պարզապես դժվար է հավատացնել պարոն Թամազյանին կամ Գլխավոր դատախազության մյուս ղեկավարներին, որ մենք` լրագրողներս, եւս շատ կցանկանայինք գրել կոնկրետ, տալ անուններ: Բայց ո՞ւմ անունները: Խոսեմ իմ անունից: Ես, որպես լրագրող, մեծ բարդություն ունեմ՝ տալ մանկապարտեզի այն դաստիարակչուհու անունը, որը անհարմարությունից շիկնած` հետաքրքրվեց ինձանից` ո՞ր կուսակցությանն եմ ձայնս տալու (սա խորհրդարանական ընտրություններից առաջ էր): Պարզվեց, որ մանկապարտեզի յուրաքանչյուր դաստիարակի պարտադրել էին վարիչին ներկայացնել հինգ մարդու անձնագրային տվյալներ` հօգուտ ՀՀԿ-ի: Երբ դաստիարակչուհուն հայտնեցի լրագրող լինելուս տխուր լուրը եւ խորհուրդ տվեցի իմ ներկայությամբ շատ չանկեղծանալ, խեղճ կինն ինձ թախանձեց մեր զրույցի մասին ոչ մեկին չպատմել: Հիմա, չգրելով դաստիարակչուհու անունը, սակայն պատմելով անձամբ ինձ հետ կատարված դեպքը, ես, փաստորեն, տալիս եմ չստուգված, հետեւաբար` ապակողմնորոշող տեղեկատվություն:

Մյուս օրինակը, երբ որպես լրագրող դարձյալ չեմ կարող բարեխիղճ լինել ընթերցողների եւ հարգարժան Դատախազության առաջ, քանի որ դարձյալ ոչ մի կերպ չեմ կարող նշել հերթական անունը: Օրերս զարմուհիներիցս մեկը, երիտասարդ մի աղջիկ, ով աշխատում է դպրոցում, ի թիվս այլ ուսուցիչների, հրավիրվել է տնօրենի մոտ` ժողովի: Օրակարգում մեկ հարց էր, որը տնօրենն այսպես է ձեւակերպել. «Բարդ է աշխատել պետական հիմնարկում, այն էլ` որպես տնօրեն: Յուրաքանչյուրիդ պարտադրում են քվեարկել Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին»: Ապա տնօրենն ուսուցիչներին է բաժանել բլանկներ` պարտադրելով մի քանի օրվա մեջ թղթին հանձնել վերոնշյալ կուսակցության թեկնածուի օգտին քվեարկող տասը մարդու անձնագրային տվյալները: Շփոթված զարմուհիս խնդրեց այս մասին ոչ մեկին չպատմել («Ո՜վ, սուրբ անմեղություն»,- կասեր Ջորդանո Բրունոն): Ես չեմ կարող տալ զարմուհուս անունը, այն դպրոցի համարը, ուր նա աշխատում է, առավել եւս` տնօրենի անունը` զուտ մարդկային տեսակետից:

Նախագահի բոլոր թեկնածուները, հատկապես մարզեր կատարած իրենց այցելությունների ժամանակ, իրենց ելույթները սկսում եւ ավարտում են արդար ընտրությունների կոչով: Այն, որ արդար ընտրությունները Հայաստանում, այսպես թե այնպես, ոչ մեկին ձեռնտու չեն, կարելի է հիմնավորել այսպես. արդար ընտրությունների դեպքում առաջին փուլում որեւէ թեկնածուի հաղթելու հավանականությունը շատ փոքր է: Ոչ արդար ընտրություններն, անկախ այն բանից` ում օգտին են կեղծվելու ձայները, ձեռնտու են բոլոր թեկնածուներին: Նրանք, ովքեր օբյեկտիվորեն հազիվ հավաքեն մի քանի տոկոս ձայն, հնարավորություն ունեն իրենց, տա Աստված, երկարատեւ կյանքի յուրաքանչյուր հինգ տարին մեկ, առանց բարդույթավորվելու, առաջադրվել նորից ու նորից` իրենց քայլը հիմնավորելով կեղծված ընտրություններով: Նա, ով կդառնա նախագահ, դարձյալ պաշտոնը կզբաղեցնի շնորհիվ կեղծված քվեաթերթիկների, քանի որ, բոլորիս է հայտնի, որ առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկը չի վայելում հասարակության մեծամասնության անվերապահ համակրանքը: Ձայներին տեր դառնալու միջոցներից Հայաստանում ամենափորձվածն ու իրեն արդարացրածն ընտրակաշառքն է: Հետեւաբար, հաշվի առնելով տարբեր կարեւորության ընտրություններին կեղծիքների հարուստ ավանդույթը, այս ընտրությունները եւս կունենան նույն ճակատագիրը: Իսկ Դատախազությունից վախենալու որեւէ հիմք մեզնից ոչ մեկը չունի: Եթե անգամ ինքնախոստովանությամբ բախեք Գլխավոր դատախազության բոլոր դռները, ծայրահեղ դեպքում կասկածի տակ կդրվի ձեր հոգեկան առողջությունը: Սակայն լինե՛նք լավատես. Լյովա Խաչատրյանը դեռեւս պատգամավոր է: