«APA» գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան անդրադառնալով տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներին՝ հայտարարել է, թե իրենց հաջողվել է «մեկ քայլ առաջ կատարել»: «Մենք հաջողություն ենք որակում այն փաստը, որ երկու երկրների նախագահներն էլ հայտարարեցին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ «Մադրիդյան պլանի» վրա աշխատելու մտադրության մասին: Մինչեւ այս ուղեւորությունը մենք մտավախություն ունեինք, որ այս առաջարկները կարող են չընդունվել, կամ էլ ՀՀ նոր նախագահը կուզենա ամեն ինչ նորից սկսել: Այժմ, սակայն, կարող եմ ասել, որ ՀՀ նախագահության հիմնական թեկնածուները մտադիր են շարունակել բանակցություններն այն փաստաթղթի հիման վրա, որը որոշում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները: Դա լավ նորություն է»,- ասել է ամերիկացի համանախագահը: Նաեւ նշել է, թե այցի ընթացքում դիվանագետները ծանոթացել են փաստաթղթի վերաբերյալ նախագահների տեսակետներին, պատասխանել որոշ սկզբունքների տերմինաբանության վերաբերյալ նրանց հնչեցրած հարցերին. «Որոշ հարցերում երկու նախագահներն էլ միեւնույն անհանգստությունն էին արտահայտում: Այժմ մենք պետք է փաստաթղթում որոշակի փոփոխություններ կատարենք` այդ մտավախությունները չեզոքացնելու համար: Գործընթացը շարունակվում է»,- ասել է նա: Հարցին, թե ի՞նչ բաղադրիչներ է պարունակում «Մադրիդյան պլանը», եւ կա՞ն արդյոք այդ փաստաթղթում LՂՀ-ում հանրաքվեի, տարածաշրջանում խաղաղարար զորքեր տեղակայելու, փախստականների վերադարձին վերաբերող հարցեր, Մ. Բրայզան պատասխանել է. «Թեեւ ես չեմ կարող բացահայտել այդ պլանի մանրամասները, սակայն կարող եմ ասել, որ այն ամբողջությամբ ներառում է բոլոր հիմնարար սկզբունքները»: Մ. Բրայզայի հավաստմամբ` եթե հակամարտության մեջ ներգրավված կողմերը փաթեթի տեսքով չընդունեն այս փաստաթուղթը, ապա անհնար կլինի համաձայնության գալ դրա առանձին սկզբունքների շուրջ: «Վերջին այցի ընթացքում ես տեսա Աղդամը իմ աչքերով. դժվար է պատկերացնել` ինչպիսի մարդկային կորուստների կարող էին բերել այնտեղ տեղի ունեցած իրադարձությունները: Այդ մասին էր ասում նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` հաջորդ օրը հակառակ կողմից հեռադիտակով նայելով Աղդամին: Lավ է, որ հակամարտության մյուս կողմում էլ են հասկանում մարդկային կյանքի արժեքը, խաղաղություն են ուզում եւ ոչ թե պատերազմ: Այս այցի ընթացքում ես կողմերի մոտ նկատեցի խաղաղության հանդեպ մեծ հակվածություն: Աղդամ կատարած այցն ինձ ստիպեց մտածել կորսված մարդկային ճակատագրերի մասին: Մենք պետք է ամեն ինչ անենք` անարդարությունը բացառելու եւ այս հակամարտության վերսկսումը թույլ չտալու համար»,- հայտարարել է Մեթյու Բրայզան: