Ընտրողները շատացե՞լ են

27/01/2008

Երեկ Ոստիկանության Վիզաների եւ անձնագրային վարչության պետ Ալվինա Զաքարյանն ասել է, թե հունվարի 24-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 2 միլիոն 312 հազար 945 ընտրող: Զաքարյանն ասել է, թե ընտրացուցակները փոփոխության են ենթարկվում գրեթե ամեն օր, «քանի որ ամեն օր մարդ է մահանում, կամ լրանում է քաղաքացու 18 տարեկանը, կամ կալանավայրից են վերադառնում մարդիկ եւ կամ զորացրվում են»: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկված է եղել 2 միլիոն 285 հազար 830 ընտրող: Ընտրողների թիվը, ըստ Ալվինա Զաքարյանի, ավելացել է մի քանի գործոնների հանրագումարում: Օրինակ, միայն հունվարի 10-24-ը ընտրելու իրավունքի տարիքային սահմանը հատել է 4000-ից ավելի քաղաքացի: Նաեւ՝ շատ քաղաքացիներ խորհրդարանական ընտրություններից հետո վերադարձել են Հայաստան ու վերահաշվառվել են իրենց նախկին բնակության վայրերում կամ նոր բնակարաններ են գնել: Կան նաեւ ՀՀ քաղաքացիությունը նոր ստացած անձինք եւ «Երկքաղաքացիության մասին» օրենքի հիման վրա անձնագրեր ստացածները: Վերջիններիս թիվն Ա. Զաքարյանը դժվարացել է ճշգրիտ ասել, բայց ասել է, թե խոսքը հարյուրների, հնարավոր է նաեւ՝ հազարի կարգի թվի մասին է: Նա հերքել է լուրերը, թե ընտրությունների նախաշեմին տպագրվում են կեղծ անձնագրեր: «Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ կարող եք ցանկացած տեղ պարզ ճակատով ասել. եթե նրանք կարող են ներկայացնել միայն մեկ հատ, ավելին պետք չէ, միայն մեկ հատ կեղծ անձնագրի գոյություն, ես ձեզանից ներողություն կխնդրեմ անպայմանորեն»,- ասել է Ա. Զաքարյանը: