Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, ԱՄՆ նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում Կոնգրեսին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը եւ խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը: Հաղորդելով այս մասին՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ 2002 թվականից ի վեր Հիլարի Քլինթոնը Սենատում պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը, ինչպես նաեւ՝ 2005 եւ 2006 թվականներին միացել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին սենատորների հղած նամակներին, որոնցում կոչ էր արվում պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անցած շաբաթավերջին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին է արտահայտվել նաեւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահության մյուս առաջատար թեկնածուն՝ Բարաք Օբաման, ով Կոնգրեսի զույգ պալատներին համապատասխան բանաձեւերն ընդունելու կոչ է արել եւ խոստացել՝ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունը: Դեմոկրատներից նախագահության մեկ այլ թեկնածու՝ Ջոն Էդվարդսը, նման խոստում տվել էր դեռ անցած տարեվերջին՝ ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: