«Տարօրինակ է վերջին ժամանակներս տարածված այն տեղեկատվությունը, թե հանրապետության անշարժ գույքի շուկայում ներկայումս ինչ-որ պասիվություն կա: Նման երեւույթ չի արձանագրվել, չնայած անշարժ գույքի շուկան շատ զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ, ավելի զգայուն, քան ֆինանսական շուկան»,- երեկ ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Նրա տեղեկացմամբ` 2007թ. քանակական աճ է գրանցվել անշարժ գույքի բոլոր գործարքների առումներով: 2006թ. համեմատ` 2007-ին 24.5 տոկոսով աճել է իրականացված գործարքների ընդհանուր թիվը` 124 հազար 56 գործարքի դիմաց կազմելով 155 հազար: Ակտիվացել է նաեւ վարձակալության շուկան. 2006թ. 5800 գործարքի դիմաց 2007-ին գրանցվել է 10 հազար 765-ը: Օտարման գործարքներն ավելացել են 18.2 տոկոսով` հասնելով շուրջ 62 հազարի, գրավադրման եւ հիփոթեքային գործարքների թիվը 25.200 է` 2006թ. 13 հազար 656-ի դիմաց: «Վերջին տարիներին գրավադրման եւ հիփոթեքային գործարքների 80 տոկոս աճը մեծապես պայմանավորված է 2005-ից ՀՀ նախագահի հանձնարարությամբ սկսված օրենսդրական եւ ֆինանսական բարեփոխումներով: Դրա հիմքում է նաեւ այն հանգամանքը, որ շարունակաբար մեծանում են հիփոթեքային ուղղվածության ֆինանսական հոսքերը հանրապետություն»,- նշել է Մ. Վարդանյանը: ՀՀ ԿԲ-ի հետ ունեցած համաձայնությամբ` այս տարվա հունվարի 1-ից վարկային պայմանագրերում պարտադիր պետք է նշվի, թե վարկային միջոցների ո՞ր մասն է ձեռք բերվել զուտ բանկերի միջոցով: Սա, ըստ նրա, կարեւոր կլինի անշարժ գույքի շուկայի պլանավորման խնդիրների լուծման առումով: Մ. Վարդանյանը նաեւ ասել է, որ 2007թ. գրանցված շուրջ 155.000 գործարքի դիմաց գանձվել է 1 մլրդ 80 մլն դրամ պետական տուրք: