«Ինչո՞ւ է տրտնջում Քոչարյանը»

12/05/2005

Նա՝ դիմելով դահլիճին, հայտարարեց. «Հիշեք այն մարդկանց դեմքերը, ում
ջանքերով փակեցինք ատոմակայանը: Ավելի մեծ վնաս այս երկրին հնարավոր չէր
հասցնել: Այդ մութ ու խավար օրերը ոչ թե հետեւանք էին Ղարաբաղյան
պատերազմի, այլ, առաջին հերթին, ատոմակայանի փակման»: «Արմատ» կենտրոնի
անդամ Արա Սահակյանից հետաքրքրվեցինք՝ եթե հետեւելու լինենք Ռ. Քոչարյանի
ասածներին, ապա ՀՀՇ-ից, այսինքն՝ նախկին իշխանություններից ո՞ւմ դեմքերը
պետք է հիշենք, որոնք ավելի մեծ վնաս, քան ատոմակայանի փակումն էր, չէին
կարող հասցնել մեր երկրին: Ի պատասխան՝ Արա Սահակյանն ասաց. «ՀՀՇ-ի կողմից
ՀԱԷԿ-ի փակման ստահոդ պնդումն առաջին անգամ հրապարակ է նետվել 1998թ.
փետրվարյան հեղաշրջումից անմիջապես հետո: Հեղինակային իրավունքը ոչ անհայտ
Գագիկ Մարտիրոսյանինն է, այնպես որ, Քոչարյանը միայն էպիգոնություն է
անում եւ արդեն՝ երկրորդ անգամ: Հատկանշական է, որ Գագիկ Մարտիրոսյանը
1990-98թթ. մեր կառավարություններում աշխատել է՝ որպես շինարարության,
ապա՝ էներգետիկայի նախարար, իսկ Քոչարյանը եղել է մեր քաղաքական թիմի
հավատարիմ անդամը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը այդ տարիներին նման հարցադրում
չեն արել: Փաստական առումով ամեն ինչ առավել քան հայտնի է՝ ՀԱԷԿ-ը փակվել
է ԽՍՀՄ կուսակցական-պետական ղեկավար մարմինների եւ Գիտությունների
ակադեմիայի դիրեկտիվով՝ 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո՝
անվտանգության նկատառումներով: Դա ճիշտ այն օրերին էր, երբ ՀՀՇ-ի
քաղաքական ղեկավարությունը հանդիսացող «Ղարաբաղ» կոմիտեն հեծում էր
մոսկովյան բանտերում: Ընդ որում՝ Քոչարյանն ազատության մեջ էր: Այսպիսին է
ատոմակայանի պատմությունը. փակել են կոմունիստները 1989-ին, վերաբացել է
ՀՀՇ-ն՝ 1995-ին»: Ա. Սահակյանին խնդրեցինք անդրադառնալ Ռ. Քոչարյանի մեկ
այլ դիտողության, թե՝ մութ ու խավար օրերը ոչ թե հետեւանք էին Ղարաբաղյան
պատերազմի, այլ, առաջին հերթին, ատոմակայանի փակման: «12-14 տարի առաջ
եղած էներգետիկ ճգնաժամի պատճառները բազմաթիվ են՝ ԽՍՀՄ փլուզմամբ առաջացած
տնտեսական կապերի խզումը, Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով Հայաստանի դեմ
գործադրված խուլ շրջափակումը, կենսապահովման համար պատասխանատու գործադիր
մարմինների անպատրաստ լինելը նոր ստեղծված կացությանը: ՀԱԷԿ-ի փակված
լինելը՝ նույնպես: Այդ տարիներին, իրոք, ծանր անկում ապրեց Հայաստանի
տնտեսական կյանքը, հարյուր-հազարավոր հայեր լքեցին հայրենիքը՝ օտար
ափերում որոնելով ապահովություն ու ապրուստ: Սա մտնում է այն գնի մեջ, որ
վճարեց հայ ժողովուրդը Ղարաբաղի մեր հայրենակիցներին Ադրբեջանի ռազմական
ագրեսիայից փրկելու համար: Հայ ժողովուրդն այդ պատերազմում անդառնալի
մարդկային կորուստներ ունեցավ, շատ տառապանքներ կրեց, Ադրբեջանն անընդհատ
հարձակումներ էր գործում մեր սահմանների վրա, մենք կորցրեցինք Արծվաշենը:
Ողբերգականությամբ հանդերձ, դա հերոսական շրջան էր: Նույնիսկ պատերազմից
շատ հեռու մարդիկ՝ տկարները, կանայք, ծերերը այն օրերին համարում էին, որ
մթին ու ցրտին ապրելով այստեղ, իրենք էլ այդ կերպ են մոտեցրել հաղթանակը:
Ինչո՞ւ է տրտնջում Քոչարյանը: Թե՞ Ղարաբաղի փրկության համար չարժեր կրել
այդքան զրկանք»: