Ինչպես եւ խոստացել էինք, անդրադառնում ենք ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին։ Կսկսենք Վահան Հովհաննիսյանի ծրագրից։ Նախ նշենք, որ բոլորի ծրագրերը լավն են, ավելի ճիշտ՝ բարի։ Ոչ ոք չի ասում՝ ես գալու եմ թալանեմ, երկիրը հետ տանեմ, մարդկանց
ստորացնեմ ու ինձ լավ զգամ։
Բայց գրեթե բոլորը (բնականաբար, բացառությամբ Սերժ Սարգսյանի) ասում են, որ հիմա ապրում ենք հենց այդպիսի երկրում։ Ու որքան էլ զարմանալի լինի, ՀՅԴ թեկնածուն՝ Վահան Հովհաննիսյանը, թե՛ իր ծրագրում, թե՛ ելույթներում մյուսներից ոչ պակաս չափով է քննադատում անցյալն ու ներկան։ Ծրագիրը կարդալուց հետո սկսում ես մտածել՝ սա նույն Վահան Հովհաննիսյա՞նն է, այսինքն՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը, ում կուսակցությունը 2000 թվականից ի վեր դե ֆակտո իշխանամետ էր՝ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին, 2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության մաս կազմեց, այժմ էլ կոալիցիոն հուշագիր ունի կառավարության հետ եւ պահպանում է որոշ նախարարական պորտֆելներ։
«Ազատական գաղափարախոսության սխալ ընկալումը եւ դրա ծայրահեղ գործադրումը, սոցիալական պետության հիմնադրույթի անտեսումը, ազատ շուկայի կարգավորման գործում պետության դերի նսեմացումը հանգեցրել են տնտեսական ներկա կարգին, երբ պետությունը կառավարում են տնտեսական խմբավորումների միջոցով: Նրանք մենաշնորհել են տնտեսության առավել շահութաբեր ճյուղերը, ձեւավորել մրցակցությունից գրեթե զուրկ, սեփական շահերը սպասարկող եւ դրանցով առաջնորդվող տնտեսական համակարգ»,- ասվում է Վ. Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում։ Ո՞վ է սխալ ընկալողը, ովքե՞ր են անտեսել սոցիալական պետության հիմնադրույթը եւ նսեմացրել ազատ շուկայի կարգավորման գործում պետության դերը, ինչպես նշված է ծրագրում։ Այստեղ անորոշություն է. չենք ասում՝ անհրաժեշտ է անուններ նշել, ուղղակի գոնե պետք էր հասկանալ՝ ում է հակադրվում ՀՅԴ-ն. նախկի՞ն, թե՞ ներկա իշխանություններին։
Վահան Հովհաննիսյանի ծրագրի՝ տնտեսությանը վերաբերող մասում առանձին տեղ է հատկացված մենաշնորհներին։ «Մենաշնորհները դադարել են միայն տնտեսական երեւույթ լինելուց: Նրանք որոշիչ ազդեցություն ունեն հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՝ պետական-սահմանադրական կարգից մինչեւ հասարակության արժեքային համակարգ եւ բարոյական չափանիշներ: Վատնելով զգալի միջոցներ եւ գործի դնելով իր տրամադրության տակ եղած վարչական հսկայական պաշարը՝ այդ խավը պարբերաբար վերարտադրում է ինքն իրեն` արգելակելով քաղաքական համակարգի կայացումը»։
Ըստ այդմ, ՀՅԴ թեկնածուն խոստանում է, որ «պետության քաղաքականությունը նպատակաուղղվելու է տնտեսական իշխանությամբ օժտված խմբավորումների կազմացրմանը կամ դրանց գործառույթների էական սահմանափակմանը»։ Ինչպես նշել ենք նախորդ համարներից մեկում, այստեղ կոնկրետություն չկա՝ ովքեր են այդ խմբավորումները, եւ ինչպես է իրականացվելու դրանց կազմացրումը։ Հարկ է նշել, որ 2005թ. Սահմանադրության փոփոխությունների ժամանակ մտցվեց մի կետ, որը փաստորեն թույլատրում էր մենաշնորհները. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»: Զարմանալին այն է, որ այն ժամանակվա իշխանությունները, այդ թվում՝ նաեւ ներկայումս Վ. Հովհաննիսյանի շտաբի պետ Արմեն Ռուստամյանը, փորձում էին ապացուցել, որ այդ կետն անհրաժեշտ է մոնոպոլիաների ստվերային եկամուտների դեմ պայքարելու համար։ Փաստորեն սխալվում էին, եթե այժմ խոստովանում են, որ մոնոպոլիաների հարցում ունենք տխուր պատկեր։
Այլ առաջնահերթությունների թվում կարող եք կարդալ՝ սահմանադրական նորմերի անշեղ կենսագործում, սոցիալական արդարության եւ հասարակական համերաշխության հաստատում, անկախ եւ անաչառ դատական համակարգի ձեւավորում եւ այլն։ Ի դեպ, այս ամենը եւս անմիջական կապ ունի տնտեսության հետ։ Մասնավորապես՝ առանց անկախ եւ անաչառ դատական համակարգի՝ ծիծաղելի է խոսել իրական մրցակցության մասին, ինչի կողմնակիցն է Վահան Հովհաննիսյանը։ Սակայն ինչպե՞ս պետք է իրականացվի անկախ դատական համակարգի ձեւավորումը՝ դա չի երեւում։ Կրկին հղում անենք ոչ հեռավոր անցյալին. Սահմանադրության փոփոխությունների կողմնակիցները, այդ թվում՝ ՀՅԴ-ն, քարոզում էին, որ դրանք կնպաստեին դատական համակարգի բարելավմանը։ Բայց փաստն այն է, որ դրանց ընդունումից 2 տարի անց արձանագրվեց նորանկախ Հայաստանի դատաիրավական համակարգի պատմության ամենախայտառակ դեպքը՝ Պարգեւ Օհանյանի հետ կապված։
Ավելի գլոբալ տեսանկյունից, Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ պետությունը չպետք է ամբողջությամբ դուրս մնա տնտեսական գործընթացներից եւ անհրաժեշտության դեպքում միջոցներ պիտի ձեռնարկի մրցակցային մեխանիզմի բացասական հետեւանքները եւ խափանումները շտկելու համար: Ծրագրում խոսք է գնում նաեւ այն մասին, որ կարեւոր են բնակչության տնտեսական ակտիվության բարձրացումը եւ արտադրական ժողովրդավարության հաստատումը՝ բնակչությանը տարբեր ձեռնարկատիրական նախաձեռնություններում ներգրավելու, տարածքային հարաբերական առավելությունների ու մասնագիտացման սկզբունքների հիման վրա փոքր ու միջին գործարարության զարգացումը:
Քանի որ տնտեսությունն անմիջական կապ ունի նաեւ արտաքին հարաբերությունների հետ, ապա հարկ է նշել Վ. Հովհաննիսյանի դիրքորոշումը, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների առումով։ Օրինակ, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, ով ընդգծում է երկխոսության անհրաժեշտությունը եւ սահմանի բացումը, ՀՅԴ թեկնածուի դիրքորոշումն այս հարցում ավելի կոշտ է. «Հայաստանը պետք է բարձրացնի Թուրքիայի թշնամական վերաբերմունքի, հայ-թուրքական սահմանի եւ Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցերը միջազգային ատյաններում»:
Եթե ամփոփենք Վ. Հովհաննիսյանի ծրագիրը՝ մանավանդ տնտեսական մասով, ապա այն տիպիկ ընդդիմադիր թեկնածուի ծրագիր է. «Քաղաքական իշխանություն ունեցող դրամատերերի խմբավորումները հաճախ իրենց վեր են դասում օրենքից եւ արհամարհում երկրի պետական կարգը, ոտնահարում մարդկային ազատություններն ու իրավունքները, արգելակում ժողովրդավարական ավանդույթների եւ մշակույթի ձեւավորումը` ընտրությունների ժամանակ ճնշումներով եւ ընտրակաշառքով ուղղորդելով տնտեսապես անազատ ընտրողների քվեները»։ Այլ կերպ ասած, ծրագրում բավականին թափանցիկ ակնարկ է արված, որ երկրում տեր ու տնօրեն են հանցագործները։ Թեեւ չեն նշվում անուններ, սակայն հստակ կարելի է հասկանալ, որ վերը նշված նախադասություններում «են» օժանդակ բայն ուղղված է իշխանության ամենավերեւներին։ Իսկ իրենք իրենց դուրս են դնում այդ իշխանություններից։
Ըստ էության՝ թե՛ ծրագրից, թե՛ նախընտրական ելույթներից հասկացվում է ակնարկը՝ մենք գիտենք իրավիճակը շտկելու ձեւերը, սակայն դա ցույց կտանք գործով։ Վ. Հովհաննիսյանը դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ էր ասում՝ ՀՅԴ-ն ունի բոլոր հարցերի լուծման բանալին, ժամանակը կգա՝ կասենք։ Այդ բանալին Վ. Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում չկա։ Այն պարզապես հիշեցնում է, որ բանալին դեռ Վ. Հովհաննիսյանի մոտ է, եւ նկարագրում, թե ինչ լավ երկրում ենք ապրելու, եթե նրան հնարավորություն տրվի այդ բանալիով բացել իրեն անհրաժեշտ դռները։ Սա էլ է դիրքորոշում։