Էլի գառ զոհաբերվեց

27/01/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել էր Տավուշի մարզ: Նրան մարզի բնակիչներից առաջինը դիմավորեցին Ծաղկավանի մոտ 200 գյուղացիներ, ովքեր, ի պատիվ նրա՝ գառ մորթեցին: Բնակիչներն 1-ին նախագահից հետաքրքրվում էին, թե արդյո՞ք նա չի վախենում: «Ոչ, չեմ վախենում»,- վստահեցրեց նա, ինչին ի պատասխան՝ գյուղացիները նրան հաջողություն մաղթեցին սկսած գործում ու վստահեցրին, որ նրա «թիկունքին» կանգնած են: Այնուհետեւ 1-ին նախագահը եղավ Թովուզ գյուղում: Այստեղ հանդիպումը, որին մասնակցում էին մոտ 100-150 գյուղացիներ, կայացավ թիվ 40/48 ընտրատեղամասի մոտ, որի վրա ծածանվում էր ՀՀԿ-ի դրոշը: Հաջորդ կանգառը Բերդ քաղաքում էր: Այստեղ տեղի ունեցած հանրահավաքին մասնակցում էր մոտ 2-2,5 հազար մարդ: Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ ծագումով տավուշեցի, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Վերջինս ներկաներին առաջարկեց «ղարաբաղյան ղզլբաշներին ուղարկել Թարթառի հովիտը», քանզի սա, «չափազանց նենգ եւ ավազակաբարո իշխանություն է, ու այլեւս նահանջելու տեղ չկա»: Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում նկատեց, որ այս իշխանությունը հիմնված է արյան վրա, եւ, նրա խոսքերով, ավազակապետների զույգն իրենց ավազակախմբի հետ միասին կամ պետք է հայտնվի ճաղերի ետեւում, կամ ինչ-որ կերպ ճողոպրի երկրից: Նա ներկաներին խոստացավ խաղաղություն ու բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարեւանների հետ: Վազաշեն գյուղում հանդիպումը կայացավ գյուղապետարանի շենքի մոտ, որտեղ, ի դեպ, տեղակայված էր Ս. Սարգսյանի նախընտրական շտաբը, ինչն օրենքի խախտում է: Օրենքի նմանօրինակ խախտումները Տավուշի մարզում համատարած բնույթ էին կրում: Գյուղապետարանների, փոստատների, ընտրատեղամասերի եւ պետական այլ շինությունների պատերին փակցված էին ՀՀԿ թեկնածուի քարոզչական պաստառները, իսկ որոշ տեղերում նաեւ հենց նշված հաստատություններում տեղակայված էր թեկնածուի նախընտրական շտաբը: Իսկ Դիլիջանում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբը գտնվում էր այն շենքում, որտեղ տեղակայված են Հարկային տեսչությունն ու տարածքային զինկոմիսարիատը: Ինչեւէ, այցի ընթացքում եղան նաեւ մի քանի չնախատեսված կանգառներ: Լ. Տեր-Պետրոսյանը եղավ նաեւ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: Այստեղ, ինչպես պարզվեց հանրահավաքի մասնակիցների հետ զրույցներից, բավականին աշխատանք էր տարվել հանդիպումը խոչընդոտելու համար: Մասնավորապես, ինչպես փոխանցեցին հանրահավաքի մասնակիցներից շատերը, երեկ առավոտյան արտակարգ ժողով է եղել մարզպետարանում, որտեղ աշխատակիցներին հրահանգվել է չմասնակցել հանդիպմանը: Նմանօրինակ ցուցումներ էին ստացել նաեւ բժիշկները, ուսուցիչները, ուսանողները (վերջիններս՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտորի կողմից) եւ այլք: Հակառակ սրան, Իջեւանում 1-ին նախագահին դիմավորեցին աղուհացով, իսկ հանդիպումը բավականին բազմամարդ էր (հանրահավաքին մասնակցում էր մոտ 2-2,5 հազար մարդ): Տավուշի մարզ իր այցելությունը Լ. Տեր-Պետրոսյանը եզրափակեց Դիլիջանում, որտեղ նրա հետ հանդիպման էին եկել շուրջ 2-300 դիլիջանցիներ: