Երեկ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որն, ըստ թեկնածուի, հիմնականում բաղկացած է այն նույն ծրագրից, որով մասնակցել են 2007թ. ԱԺ Ազգային ժողովի եւ 2003թ. նախագահական ընտրություններին: Միայն մի քանի դրույթներ են ավելացել:
Ա. Հարությունյանը հատկապես առանձնացրեց ծրագրի այն մասերը, որոնցով այն տարբերվում է մյուս թեկնածուների ծրագրերից. «Կցանկանայի ներկայացնել հետեւյալ վերնագրով հոդվածը` «Ընտրական համակարգի մաթեմատիկական մոդելավորում», որը տպագրվել է «Ինտեգրալ» միջազգային ամսագրում: Ըստ էության, այդ դրույթը կա նաեւ մեր ծրագրում: Մենք առաջարկում ենք ընտրությունների ժամանակ բոլոր թեկնածուներին գնահատել բալերով` ըստ հերթականության գնահատելով, թե իրենց համար որ թեկնածուն` որ տեղում է: Բալային համակարգը մենք նաեւ անվանում ենք` «Ընտրություն՝ ըստ նախապատվությունների համագումարի»: Այս տարբերակն, ըստ էության, լուծում է բոլոր փուլերի հարցը: Եթե, օրինակ, ընտրություններն ընթանան երկու փուլով, եւ մի թեկնածուն, օրինակ, 25 տոկոս հավաքի, մյուսը` 20, կստացվի, որ, ըստ էության, մնացած 55 տոկոս ընտրազանգվածը թեկնածու չունի երկրորդ փուլում: Իսկ մեր ասած տարբերակում քաղաքացիներին հնարավորություն է տրվում դասավորել թեկնածուներին՝ ըստ նախապատվությունների համագումարի: Մենք համոզված ենք, որ համակարգը պետք է բարելավվի, մանավանդ` այն դեպքում, երբ դաշտը կայացած չէ: Նույն 2003թ. ընտրությունների ժամանակ ներկայացվում էր, որ պայքարը գնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Երբ մենք մարզերով շրջում էինք, մարդիկ ասում էին. «Պրն Հարությունյան, մենք ձեզ ձայն կտայինք, բայց քանի որ չենք ուզում, օրինակ, Քոչարյանը լինի, Դեմիրճյանին ենք քվեարկում, կամ հակառակը»: Փաստորեն հին համակարգով մենք քաղաքացիներին կանխորոշում ենք, մանավանդ, երբ դեմին դեմ սկզբունքով ենք քվեարկում: Ես համոզված եմ, որ այս տարբերակն, ի վերջո, տեղ է գտնելու: Եվ ամենակարեւորը` կեղծիքներ դժվար կլինի անել, որովհետեւ պատկերացրեք՝ 10.000 քվեաթերթիկ լցնելու դեպքում պետք է հերթով լրացնեն, եւ, եթե նույն դասավորվածությամբ եղան, ակնհայտ կլինի կեղծիքը: Իսկ եթե մեկը նստի, մտածի, թե ոնց դասավորի, դա ռեալ չէ, քանի որ ինքը կարող է նաեւ վնաս տալ իր տիրոջը: Սա կեղծելու համար բարդ մեխանիզմ է»:
Ո՞ր ուժերի ճնշման տակ է նա առաջադրվել
Թեկնածուն իր նախընտրական ծրագրում` ներքին քաղաքականության հիմնադրույթներում, կարեւորում է Ընդդիմության մասին օրենքը, որն այսպես է ձեւակերպել. «Լավ երկրում ընդդիմությունն էլ է իր տեղում»: Ըստ Ա. Հարությունյանի` անհրաժեշտ է ընդունել օրենք, որով կամրագրվեն ընդդիմության իրավունքները, կընդունվի նրա` պետական համակարգի մաս լինելը, եւ ընդդիմությունը պաշտպանված կլինի օրենքով. «Իշխանության եւ ընդդիմության համագործակցությունը պետք է լինի փոխշահավետ եւ նպաստի երկրի զարգացմանը: 2005թ. Սահմանադրական հանրաքվեի ժամանակ հիմնականում ընդդիմության առաջարկներն անցան, բայց, ցավոք սրտի, ընդդիմությունն իր մեջ ուժ չգտավ ընդունելու այդ ամենը եւ տեր չկանգնեց այն փաստաթղթին, որն ավելի շատ իրենն էր, քան իշխանությանը»:
Հարցին, որ ներկայումս ՀՀ նախագահի երկու հիմնական թեկնածու են շրջանառվում, եւ ինչպիսի՞ն են իր ակնկալիքները, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ այդ երկու-ական համակարգը միշտ անում է մամուլը, անում են ինչ-որ ուժեր եւ իշխանությունները. «Ռոբերտ Քոչարյանին շատ ձեռնտու էր հանդիպել Ստեփան Դեմիրճյանի հետ, եւ նա հաղթեց: Այսինքն, իշխանությունների խաղն է՝ ստեղծել մի կերպար, որի հաղթելու շանսը, թվում է, թե մեծ է: Չեմ ուզում զբաղվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հակաքարոզչությամբ, բայց բոլորի համար պարզ է, որ մարդը, մեր կարծիքով, 1991թ. ընտրությունները կեղծեց, 1996-ին կեղծելով` հայտնի ուժերի ճնշման տակ մնաց նախագահ, 1998-ին, այդ նույն ուժերի ճնման տակ հեռացավ պաշտոնից: Հիմա ես չգիտեմ` այդ ո՞ր ուժերի ճնշման տակ է նա առաջադրվել: Իմ ակնկալիքն այն է, որ ուզում եմ` լինեն արդար, հավասար պայմաններով ընտրություններ, եւ այդ դեպքում՝ ես համոզված եմ, որ հաղթողների մեջ կլինեմ: Չգիտեմ, իշխանություննե՞րն են մտցրել Լեւոն Տեր-Պետրոսյանին խաղի մեջ, թե՞ ինչ-որ ուժեր, բայց իշխանություններին ձեռնտու է, որ նա լինի: Նա ունի որոշակի ընտրազանգված, բայց դրանից ավելի ինքը չի ունենալու»: Արամ Հարությունյանը ընտրություններին իր շանսերը շատ բարձր է գնահատում, եթե լինեն եթերային հավասար պայմաններ եւ բանավեճեր. «Բանավեճերում բոլոր հարցերը լուծվում են, եւ այդ դեպքում ես հաղթողների մեջ եմ: Հեռուստաընկերություններից ինձ զանգահարում են, ասում` ում հետ կցանկանամ բանավիճել: Ասում եմ` վիճակահանություն արեք, կբանավիճեմ: Բայց մյուս թեկնածուները հրաժարվում են ինձ հետ բանավիճել: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Արթուր Բաղդասարյանն ասում են. «Ես միայն Սերժ Սարգսյանի հետ եմ բանավիճելու»: Ինչո՞ւ: Դա, կներեք, խաղ է ինձ համար: Եթե բոլորը թեկնածուներ են, մեկին առավելություն տալը ո՞րն է»:
Այն հարցին, որ թեեւ թեկնածուն իր շանսերը բարձր է գնահատում, բայց համաձայն վերջին սոցիոլոգիական հարցումների` իր հնարավորությունները բավական ցածր էին, Ա. Հարությունյանը որոշեց հումորով պատասխանել. «Մեր դպրոցի տնօրենն ասում էր, որ յուրաքանչյուր բանից ամեն մեկն իր շահն ունի, բաղնիքի հնոցապանի օգուտն էլ դռան արանքից նայելն է: Հիմա սոցիոլոգներն էլ ընտրությունների ժամանակ օգուտ ունեն, փող են աշխատում»: