Հայաստանի ընտրությունը

27/01/2008

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական քարոզարշավը: Ռուսաստանում այդ ընտրություններին առայժմ քիչ ուշադրություն են դարձնում: Բայց իզուր:

Փետրվարի 19-ին բարեկամ, դաշնակից եւ մեզ համար բացառիկ կարեւորություն ունեցող երկրում պետության գլուխ է ընտրվելու: Ընդ որում, այդ ընտրություններն իրենց ինտրիգներով եւ գործող անձանցով շատ են հիշեցնում Ռուսաստանում կայանալիք ընտրությունները. ներկայիս իշխանության թեկնածուն` վարչապետ Սերժ Սարգսյանը, ունի հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները:

Գործադիր իշխանության հեղինակության հիմքում, ինչպես եւ մեզ մոտ, տնտեսական վերելքն է: Ռոբերտ Քոչարյանի թիմն իշխանության եկավ 10 տարի առաջ, երբ Հայաստանը հուսահատ վիճակում էր գտնվում. չքավորության, ամբողջական ավերածության, մթի եւ ցրտի մի քանի տարիներ: Այսօր էներգակիրներ, այլ առանցքային բնական ռեսուրսների մեծ պաշար չունեցող Հայաստանի տնտեսությունն աշխարհի առավել դինամիկ տնտեսություններից մեկն է: Անցյալ տարի տնտեսական աճը կազմել է 13.6%, ինչը մոլորակի վրա ամենաբարձրերից մեկն է: Բնակչության դրամական եկամուտները մեկ տարվա ընթացքում աճել են 24.7%-ով՝ այն դեպքում, երբ գնաճը տեղավորվել է ռուսական վաղեմի երազանքի շրջանակներում` 6%:

Գործող ղեկավարությանը հասարակական աջակցության լուրջ բազայի գոյության ապացույցը անցած խորհրդարանական ընտրություններն են, երբ իշխանության հիմնական կուսակցությունը` Հանրապետականը, Ս. Սարգսյանի գլխավորությամբ եւ իր դաշնակից-մրցակից, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանi» հետ միասին ստացան ձայների մեծ մասը եւ պատգամավորական տեղերի երկու երրորդը: Ներկայումս դիրքերը նույնիսկ ամրապնդվել են, քանի որ նրանք նախագահական ընտրությունների գնում են մի շարասյունով. Ծառուկյանը պաշտպանում է Սարգսյանի թեկնածությունը: Ամենավերջին հարցումներով Սերժ Սարգսյանին աջակցում է ընտրողների ընդհանուր թվի 47.5%-ը (ներառյալ՝ չքվեարկողներն ու չկողմնորոշվածները), ինչն, ըստ երեւույթին, երաշխավորում է նրա հաղթանակը արդեն իսկ առաջին փուլում:

Վերելքի տասնամյակի ընթացքում Հայաստանն ինքնավստահություն է ձեռք բերում, մարդիկ քայլում են գլուխներն ավելի բարձր պահած: Երեւանը նմանվել է մի հսկայական շինհրապարակի: Կառավարության գործող ղեկավարին եւ նրա քաղաքական տեխնոլոգներին պետք չէ երկար մտածել նախընտրական սյուժեների մասին. վարչապետն ակտիվ կերպով շրջում է երկրով մեկ` ի ցույց դնելով գազիֆիկացման, ճանապարհային եւ այլ շինարարությունների, աղքատության հաղթահարման ոլորտներում գրանցված հաջողությունները (ձեռքբերումները եւ նախագծերի հսկայական բազմազանությունը): Նրան հնարավոր չէ մեղադրել փորձի պակասի կամ թուլության մեջ. մինչեւ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելը Սարգսյանը պաշտոնավարել է նախարարությունների ուժային հատվածի բոլոր հնարավոր պաշտոններում, շատ դեպքերում հենց նրա անվան հետ են կապում Ղարաբաղում ունեցած նախկին ռազմական հաջողությունները: Անցած շաբաթների ընթացքում ընտրողների հետ հանդիպումները հնարավորություն են տվել ավելի բաց, ավելի մարդամոտ քաղաքական գործչի կերպար ստեղծել:

Ընտրական քարոզարշավի մեջ մեծ տեղ են զբաղեցնում Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններին վերաբերող հարցերը: Հայաստանում դժվար է հակառուսական տրամադրություններ նկատել, այնտեղ մեր երկրի մեջ են տեսնում եւ՛ հույս, եւ՛ հենարան: Սակայն հակաարեւմտյան տրամադրություններ եւս նկատելի չեն, հատկապես հաշվի առնելով առանցքային երկրներից շատերում (ԱՄՆ, Ֆրանսիա) հայկական բացառիկ ազդեցիկ սփյուռքի գոյության փաստը: Վարչապետը ռուսամետ քաղաքական գործչի համարում ունի, եւ դա լիովին արդարացված է: Սարգսյանը վաղուց եւ լավ ծանոթ է Պուտինին` դեռեւս ԱՊՀ-ական ուժային կառույցներում աշխատելու ժամանակներից, նրա օրոք ընդլայնվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները` ապրանքաշրջանառության ծավալը մեկ տարում աճել է 63%-ով: Սակայն նա բոլորովին էլ չի փակում դռները Արեւմուտքի հետ համագործակցության համար, եւ սա գործնականում բացառում է դրսից Սարգսյանի դեմ լայնածավալ հակաքարոզչություն ծավալելու հավանականությունը, ինչը տեղի ունեցավ հետխորհրդային տարածքում անցկացված ընտրություններից շատերում:

Չհաղթելը նման իրավիճակում բավականին բարդ է: Կարծում եմ, ընդդիմադիրներից որեւէ մեկի համար եզակի հնարավորություն կստեղծվի միայն այն դեպքում, եթե նրանց (կամ նրա) վրա իշխանությունը չափազանց շատ ուշադրություն դարձնի: Իսկ առայժմ առավել լուրջ մրցակիցները գտնվում են Գենադի Զյուգանովի եւ Վլադիմիր Ժիրինովսկու մեզ հայտնի քաշային կարգում, սակայն նրանց ցանկն ավելի մեծ է: Այդ ցանկում է խորհրդարանի նախկին խոսնակ եւ ներկայիս ղեկավարության զինակից Արթուր Բաղդասարյանը, ով անսպասելիորեն դարձավ արեւմտամետ դիրքերից վարչակարգի անհաշտ քննադատներից մեկը (նրա վարկանիշը երկրորդն է` 13.4%): Չորրորդ տեղում 4.7%-ով վերջին բոլոր ընտրարշավների ակտիվ մասնակից, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է: Երկրում բավականին հայտնի են նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով մոտ էր հաղթանակին 1996 թվականի նախագահական ընտրություններում (ներկայումս ունի 1-2% աջակցություն) եւ դաշնակների պատմական կուսակցության առաջնորդ, խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը (3%): Սակայն, անշուշտ, ամենաշատ աղմուկ ստեղծել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարի մեջ մտնելը, ինչը ներկայիս իշխանության հակառակորդների մոտ իշխանությանը տապալելու ոչ այնքան հասկանալի հույսեր արթնացրեց: Սակայն, չէ՞ որ դա նույնն է, եթե, օրինակ, ռուսական ընտրություններում մասնակցեին Միխայիլ Գորբաչովը (նա, ի դեպ, առաջադրվել է 1996թ.-ին եւ, մեղմ ասած, հաջողություն չի ունեցել) եւ Բորիս Ելցինը (ինչը, ցավոք, հնարավոր չէ): Չեմ կարծում, որ նրանք հաղթելու հնարավորություն կունենային:

Տեր-Պետրոսյանը փորձում է ապացուցել անապացուցելին. որ ինքն ավելի հաջող ղեկավար է եղել, քան Քոչարյանը` Սարգսյանի հետ միասին: Սակայն մարդիկ դժվար թե մոռացած լինեն իրենց չքավորությունը 90-ականների առաջին կեսին: Հարկ է նաեւ հիշեցնել, որ Տեր-Պետրոսյանը հարկադրված էր պաշտոնաթող լինել, այն բանից հետո, երբ Արեւմուտքի ճնշման տակ պատրաստակամություն հայտնեց էական զիջումների գնալ Ղարաբաղյան հարցում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում: Նման բաները Հայաստանում չեն ներվում: Նրա համար մի քիչ բարդ կլինի նաեւ ապացուցել Ռուսաստանի հանդեպ իր համակրանքը, ինչը նա հիմա ակտիվորեն փորձում է անել: Շատ լավ հայտնի է, որ հենց Տեր-Պետրոսյանը փակեց երկրում գործող բոլոր ռուսական դպրոցները: Չնայած բավականաչափ ակտիվ ընտրարշավին, նա դեռեւս չի կարող ակնկալել ձայների 7%-ից ավելին եւ հավակնել երրորդ տեղից բարձր տեղի, հաշվի առնելով, որ ընտրողների կեսը ոչ մի պարագայում չի քվեարկի նրա օգտին: Անօգուտ կլինի նաեւ նախընտրական քարոզարշավը, որն ընթերցվում է հեքիաթի պես. ՀՆԱ-ի կրկնապատկում, բյուջեի եռապատկում եւ թոշակների քառապատկում չորս տարվա մեջ: Հեքիաթների օգտին քվեարկում են միայն երեխաները, սակայն նրանք էլ ընտրական/ընտրելու իրավունք չունեն:

Հնարավո՞ր է արդյոք որեւէ մի կերպարի շուրջ ընդդիմության համախմբման հետեւանքով նախընտրական պատկերի փոփոխություն: Այդ սցենարը ծայր աստիճան անհավանական է թվում: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ այդ կերպարներից ոչ մեկը մյուսների համար ընդունելի չէ: Եվ, ինչը հատկանշական է, համախմբման նվազագույն ներուժը հենց Տեր-Պետրոսյանինն է, ով բոլորից բարձր է հայտարարում ընդդիմության մեջ առաջատար լինելու իր հավակնությունների մասին: Դաշնակները նրա նախագահության տարիներին փաստացիորեն արգելքի տակ էին, իսկ Հովհաննիսյանը նստած էր բանտում: Ներկայումս էլ այդ կուսակցությունը մտնում է խորհրդարանական իշխանամետ մեծամասնության մեջ: Մանուկյանը միշտ մեղադրում էր Տեր-Պետրոսյանին այն բանում, որ վերջինս 12 տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններում իրենից խարդախաբար գողացավ հաղթանակը: Գեղամյանը հիմա առավել ուժեղ քննադատում է հենց Տեր-Պետրոսյանին, քանի որ դա ավելի շատ միավորներ է բերում, քան հեղինակություն ունեցող իշխանությանն ուղղված քննադատությունը: Եվ այդպես շարունակ: Սարգսյանի հակառակորդներին չի հաջողվի համաձայնության գալ քաղաքական միավորման վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության շահերը, այս ընտրությունների հետ կապված, կայանում են նրանում, որ Հայաստանը շարունակի մնալ կայուն, դինամիկ կերպով զարգացող պետություն` մեր երկրի հետ կառուցողական հարաբերություններին կողմնորոշված պատասխանատու կառավարությամբ: Եվ այս ռազմավարական տեսակետից Սերժ Սարգսյանի թեկնածությունը Մոսկվային ձեռնտու է, եւ նրա սատարումն ապահովված կլինի ամենաբարձր մակարդակով: Շատ ճիշտ կլինի անել քայլեր, որոնք ցույց կտան Հայաստանին իրական աջակցություն, առաջին հերթին՝ տնտեսական աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը: Եվ լավ կլիներ չափից շատ ջանք չթափել մեր սատարումը հրապարակայնորեն ցուցադրելու գործում:

Վյաչեսլավ ՆԻԿՈՆՈՎ
«Քաղաքականություն» հիմնադրամի նախագահ, «Իզվեստիա»