Գների բարձրացում կլինի, եթե…

27/01/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը երեկ «Անի» հյուրանոցում հանդիպեց փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական մասը նախագահի թեկնածուն նվիրեց գործող իշխանությունների քննադատությանը՝ սակայն զուտ վերացական ձեւակերպումներով («իշխանություններ», «օլիգարխներ» եւ այլն): Նախ Ա. Բաղդասարյանը կանխատեսեց, որ եթե առաջիկա ընտրություններում իշխանություններին հաջողվի վերարտադրվել, ապա մեր երկրում հերթական անգամ գները կբարձրանան, ինչպես դա եղավ նախորդ ընտրությունների ժամանակ: «Այսօր, եթե Հարկային տեսչության պետը, որի վրա դրված է պլան, որ պետք է մուծի, տանում է իր գրպանից փող է տալիս, կամ տալիս է, ասում է՝ դու տար մուծիր, հետո ինձ կբերես այդ փողը հետ կտաս, այդ պարագայում բնական է, որ այդ փողը պետք է հետ բերվի ապրանքների թանկացման, տուրքերի բարձրացման միջոցով»,- իր կանխատեսումն այսպես հիմնավորեց ՕԵԿ նախագահը: Վերջինիս պնդմամբ՝ որոշ գործարարներ օգտվում են «չգրված օրենքներից» ու արտոնություններից, եւ նախընտրական շրջանում մաքսային համակարգն ավելի ակտիվ է զբաղվելու անօրինականություններով, որոշ մարդկանց հնարավորություն տալով օգտվել այդ «չգրված օրենքներից»: Նա փաստեց, որ այդ կառույցն, ասենք, երբ մի քանի տուփ ապօրինի ծխախոտ են հայտնաբերում, աղմկում են, ասելով, թե՝ տեսեք, մենք պայքարում ենք մաքսանենգության դեմ: «Մինչդեռ մի քանի տոննա ապրանքն առանց մաքսային վճարի կամ խիստ ցածր վճարով հատում է մաքսակետերը՝ իշխանության լուռ համաձայնությամբ,- նշեց Ա. Բաղդասարյանն ու շարունակեց,- Օլիգարխները խոշոր ակուլաներ են, օրենքի առաջ ենթակա չեն: Նայեք խոշոր հարկատուների ցուցակը. Երեւանի մանկավարժական ինստիտուտն այսօր ավելի շատ հարկեր է մուծում, քան որոշ օլիգարխներ, որոնք հսկայական բիզնեսների տերեր են»: Նախագահի թեկնածուն փաստեց, որ իշխանությունների թեթեւ ձեռքով, մոտ մեկ ամիս առաջ «զոռով-շառով անցկացրեցին օրենքի մի նախագիծ», որով, ըստ էության, Հայաստանում վերացվում է փոքր եւ միջին ձեռներեցությունը: Խոսքը պարզեցված հարկի փաստացի վերացման մասին է: Ըստ Ա. Բաղդասարյանի, այսօր Հարկային եւ Մաքսային ծառայություններն օժտվել են քննչական գործառույթներով, եւ «պետությունը բիզնեսին պահում է ճնշման տակ», ինչի արդյունքում էլ շատ տեղացիներ այսօր գերադասում են բիզնեսով զբաղվել ոչ թե Հայաստանում, այլ՝ արտերկրում: Նախագահի թեկնածուն բազում օրինակներ բերեց, որոնցով փորձում էր ցույց տալ, որ մեր երկրում փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծված չեն, ինչի պատճառով էլ վերջին տարիներին փոքր ձեռնարկությունների թիվը կրճատվել է, կրճատվել են աշխատատեղերը, արտադրանքի ծավալը եւ այլն: Իշխանություններից դժգոհեցին նաեւ հանդիպմանը ներկա փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Ձեռներեցները դժգոհ էին հատկապես վարվող դրամավարկային քաղաքականությունից, ինչի արդյունքում, նրանց հավաստմամբ՝ փակվել են մոտ 250 տարադրամի փոխանակման կետեր: Ա. Բաղդասարյանը բացատրեց, որ փոխանակման կետերի փակումն ունի մեկ նպատակ՝ այդ բիզնեսը մի քանի մարդու ձեռքում խոշորացնել: Այնուհետեւ ՕԵԿ նախագահը հանգեց հետեւյալ մտքին. որպեսզի սուպերմարկետները եւ փոքր խանութները հավասար հարկային դաշտում գործեն, անհրաժեշտ է, որ ոչ մեկն արտոնյալ պայմաններում չլինի: Իսկ Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության ղեկավար Ստեփան Ասլանյանը հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ իրենք որոշում են կայացրել նախագահական ընտրություններում Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը սատարելու մասին: