Մինչեւ 10 տարվա ազատազրկում՝ ընտրախախտումների համար

27/01/2008

ՀՀ Քրեական օրենսգիրքը ընտրական գործընթացի որոշ խախտումների համար բավականին լուրջ ու խիստ պատիժներ է սահմանում` ընդհուպ մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը նշել է, որ դա բարեփոխումների արդյունք է, եւ նախկինում ՀՀ Քրեական օրենսգիրքը նման պատասխանատվություն չէր սահմանում: Խիստ պատասխանատվություն է սահմանվում ընտրակեղծիքների համար` ձայներն ակնհայտ սխալ հաշվելու, ընտրությունների արդյունքների ակնհայտ սխալ հաստատման կամ որեւէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար: Նման պատասխանատվություն է սահմանվում նաեւ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաեւ՝ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, այդ թվում` թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, առավել եւս, եթե դրանք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով, խմբի կողմից, նյութական շահագրգռվածությամբ, բռնությամբ կամ բռնության սպառնալիքով: «Քրեորեն պատժելի են նաեւ ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկությունների տարածելը, մեկից ավելի անձանց կամ այլ անձի փոխարեն քվեարկելը եւ քվեարկության գաղտնիությունը խախտելը: Արարքի որակման առումով ծանր հանգամանքներ է պարունակում իր մեջ նաեւ ԶԼՄ-ների եւ հրապարակային այլ միջոցներով կատարված զրպարտությունը: Այն տեղեկությունները, որոնք զրպարտչական են եւ կրում են դիտավորյալ բնույթ, իրենց մեջ պարունակում են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանվող հանցագործության հատկանիշներ»,- ասել է Ա. Թամազյանը: