Գառնիի «Քարե սիմֆոնիայի» քարերով տուն կառուցելու եւ հայհոյելու համար

27/01/2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2007թ. դեկտեմբերի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի որոշ գործիչներ արժանացել են պետական մրցանակների, որոնք երեկ նրանց հանձնվեցին. գրողներից՝ Դավիթ Հովհաննեսին` «Նոր քրոնիկոն» գրքի համար, երաժշտության ոլորտում պարգեւատրվել է Ռուբեն Սարգսյանը` նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը` Հայաստանին նվիրված բնանկարների, դիմանկարների, նատյուրմորտների, ֆիգուրատիվ ազատ հորինվածքների համար, ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը եւ Ռոլանդ Մարտիրոսյանը, ճարտարագետ Հենզել Հակոբյանը, «Հորիզոն 95» շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանը եւ նույն կազմակերպության տեղամասի պետ Արծրուն Սերգոյանը` Երեւանի քաղաքապետարանի շենքի համար: Ի դեպ, Դավիթ Հովհաննեսի նշյալ գիրքը, որը տպագրվել է պետական միջոցներով` մեր` հարկատուներիս գումարներով, ողողված է հայհոյանքներով, որոնք ուղղված են հայ կնոջ, հայ մարդու, մեր երկրի, պետականության դեմ, որտեղ երկիրը անվանվում է «բոզանոց», իսկ բնակիչները` «անբարոյականներ» ու «լրբեր»: Գրախանութի վաճառողուհիներից մեկը պատմում էր, որ ով այդ գիրքը գնել է` բերել-հետ է տվել: «Մարդիկ թքում են մեզ վրա, ասելով, սա ի՞նչ խայտառակություն է»,- ասում էր վաճառողուհին։ Որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե ինչի՞ մասին է խոսքը, որոշ տողեր մեջբերենք. «Իսկ ինչ լինում է երկրում, փաթթել եմ իմ կույս առնուն», «Ինձ մնում է ձեզ կոչել հիմա, Պոեզիա բո՛զ եւ Արձակ բոզարա՛ծ», «Մի հավաբուն ծեռտոտ, որ երկիր է կոչվում», «Տես ո՜նց են շինում Աբովյան փողոցում, մի կողմում՝ քյոշք, մյուսում՝ անտեր աղջկա», «Ուրիշի տա՞նն է քաքելը գալիս, թե՞ զուգարանն է խնայում իր տան… բայց երրորդ անգամ ես այդ քաքլանին իմ տուն չեմ թողնի»։ Մրցանակակիրներից ուշադրության արժանի է նաեւ Փարավոն Միրզոյանը, նույն ինքը` Ազգային պատկերասրահի տնօրենը, նույն ինքը, որ Գառնիի «Քարե սիմֆոնիայի» քարերը պոկում-տանում էր, որպեսզի տուն թե արվեստանոց կառուցիգ որպեսզի հետո Հայաստանին նվիրված բնանկարներ անի: