«Ա1+»-ի փոխանցմամբ` Մարտունի քաղաքի Հանրային ընդունարանը, որը հակակոռուպցիոն ծրագիր է իրականացնում ԵԱՀԿ-ի աջակցությամբ, ամփոփել է արդյունքները: Պարզվել է, որ քաղաքի ամենակոռումպացված կառույցները Նոտարական գրասենյակն ու «Փարոսն» են: Վերջին մեկ տարվա ընթացքում «Փարոս» համակարգում գրանցվել է կոռուպցիայի մոտ 70 դեպք, որից կանխվել է միայն 32-ը, իսկ Նոտարական գրասենյակում` մոտ 50 դեպք, որից կանխվել է 20-ը: «Նոտարական գրասենյակում խախտումների մեծ մասը հիմնականում կապված է եղել բնակարանների առք ու վաճառքի հետ, իսկ «Փարոս» համակարգում առավել խախտումներ գրանցվել են կապված ընտանիքներում երրորդ երեխային հասանելիք միանվագ գումարի հետ»,- ասել է Հանրային ընդունարանի պատասխանատու Անուշ Խաչատրյանը: Հանրային ընդունարանի աշխատակիցները նշում են, որ կոռուպցիոն դեպքերի մեծ մասի պատճառը մարդկանց անտեղյակությունն է: Ի դեպ, «սեւ ցուցակում» են հայտնվել նաեւ քաղաքում գործող Պետական կադաստրի տարածքային ստորաբաժանումը, ՔԿԱԳ-ն (Զագս) եւ Կենսաթոշակային հիմնադրամը: