ԵԽ ԽՎ-ում լորդ Ռասել Ջոնսթոնի կողմից «Զարգացումները Կոսովոյի հետագա կարգավիճակի շուրջ» զեկույցի քննարկումների ընթացքում ելույթ են ունեցել նաեւ հայկական պատվիրակության անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ավետ Ադոնցը: Ր. Հովհաննիսյանն անհամաձայնություն է հայտնել Ռ. Ջոնսթոնի արտահայտած այն մտքի առնչությամբ, ըստ որի` Կոսովոն չի կարող նախադեպ լինել այլ հակամարտությունների կարգավորման համար: Նա նշել է, որ «հատվածապաշտական քաղաքականությունը եւ աշխարհաքաղաքական դիրքը չեն կարող գերակշռել ինքնորոշման եւ ինքնիշխանության ոլորտներում միջազգային իրավունքի եւ սովորույթային փորձի կիրարկմանը: Լեռնային Ղարաբաղի սահմանադրական եւ իրավական հիմքերն անառարկելի են»: Ր. Հովհաննիսյանը կոչ է արել՝ «ոչ» ասել բազմակի չափանիշների կիրառմանը: Իսկ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ավետ Ադոնցն ընդգծել է, թե բոլոր հակամարտությունները եզակի են իրենց բնույթով, պահանջում են առանձին լուծումներ, սակայն չպետք է նախադեպ հանդիսանան այլ հակամարտությունների համար. «Դրանք պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի նորմերի համաձայն` առանց երկակի չափանիշների կիրառման»: Ի դեպ, ԵԽ ԽՎ հանձնաժողովների վերաձեւավորման արդյունքում Ր. Հովհաննիսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցություն խմբի կողմից ընտրվել է մոնիտորինգի հանձնաժողովի անդամ: Այսուհետ` Հայաստանը հանձնաժողովում ներկայացված կլինի 3 անդամով: