Վրաստանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների գազիֆիկացումն իրականացնելու է հայկական «Սատահա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Նախագիծն իրագործելու համար «Սատահա» ընկերությունը մտադիր է 11 մլն դոլարի ներդրումներ կատարել: Ներդրումների վերադարձման ժամկետը 10 տարի է: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների գազիֆիկացման հայտամրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունում էր հայտարարել 2007թ. նոյեմբերի սկզբին: Հայտեր էին ներկայացրել երեք ընկերություններ՝ «Արխմշենսերվիսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Սատահան» եւ «SOCAR Energy Georgia» ընկերությունը: Առավել ընդունելի են եղել «Սատահա» ընկերության ներկայացրած առաջարկները: Ներկայումս Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը հայկական կողմի հետ բանակցություններ է վարում համապատասխան հուշագիր ձեւակերպելու նպատակով: