30 հայտնի մարդիկ են ձերբակալվել

27/01/2008

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ Ստամբուլի անվտանգության տնօրինության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները թոշակառու գեներալ Վելի Քյուչուքի, փաստաբան Քեմալ Քերինչսիզի, «Աքշամ» թերթի թղթակից Գյուլեր Քյոմուրչուի եւ թուրքական ուղղափառ պատրիարքարանի մամուլի ծառայության խոսնակ Սեւգի Էրեներոլի հետ միասին 30 հայտնի մարդիկ են ձերբակալել: Ըստ թուրքական «Սաբահ» թերթի, այդ մարդիկ ձերբակալվել են անցյալ տարի հունվարի 19-ին սպանված Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ մահափորձ կազմակերպելու, Թուրքիայի պետական արդարադատության խորհրդի վրա կատարված հարձակման, «Ջումհուրիեթ» թերթի խմբագրատան վրա նռնակ նետելու, երկու կաթոլիկ եկեղեցիների քահանաների նկատմամբ հարձակում գործելու իրադարձությունների հետ կապված հետաքննության շրջանակում:

Թերթը գրել է, որ ձերբակալվածների թվում է նաեւ Հրանտ Դինքի սպանության գործով որպես հրահրիչ կալանված Յասին Հայալի փաստաբան Ֆուադ Թուրգութը, ով մեղադրվում է Ումրանիեի արվարձաններից մեկում մեծ քանակությամբ պայթուցիկներ թաքցնելու մեջ: