Երեկ «Ազգային Սիաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանն իր կուսակիցներին եւ լրագրողներին ներկայացրեց 164 էջանոց «Արարման ծրագիրը»:
Ա. Գեղամյանն իր նախընտրական ծրագիրը ներկայացնում էր «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի սրահում:
Ա. Գեղամյանից առաջ, երեկ առավոտյան այդտեղ էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, իսկ Գեղամյանից հետո այդ սրահում իր ծրագիրն էր ներկայացնելու ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Ավելի վաղ հենց այդ սրահում էր լրագրողների հետ հանդիպել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, Լ.Տեր-Պետրոսյանն իր հանդիպումների ժամանակ Ա.Գեղամյանի մասին ոչ մի վատ բան չի ասել, մինչդեռ Ա.Գեղամյանի, ինչպես նաեւ՝ նրա տեղակալների ելույթները ողողված էին նրա հասցեին ուղղված ամենատարբեր քննադատություններով: Եվ իրականում երեկ Ա. Գեղամյանն ու իր տեղակալներն իրենց ելույթներում ավելի շատ կենտրոնացան Լ.Տեր-Պետրոսյանին քննադատելու, քան «Արարման ծրագիրը» ներկայացնելու վրա: ԱՄ ղեկավարներ նաեւ գովաբանում էին իրենց առաջնորդ Ա.Գեղամյանին: Երկու դեպքերում էլ ելույթների հատկապես ամենաթունդ պահերն ընդհատվում էին դահլիճում հավաքված ԱՄ անդամների ծափերով ու ռեպլիկներով: Իսկ ԱՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Լեւոն Գալստյանն էլ ասաց, թե «շուտով գալու է Արտաշեսյան դինաստիան»:
2003թ. Ա.Գեղամյանի նախընտրական ծրագիրը կոչվում էր «Հակաճգնաժամային»: Իսկ այս տարվա ծրագրի անվանումը կարծես հուշում է, թե մեր երկիրը դուրս է եկել ճգնաժամից եւ այժմ արարումների փուլում է գտնվում: Արդյո՞ք այդպես է կարծում Արտաշես Գեղամյանը: «Ո՛չ, չի կարելի այդպես ասել: Հայտնի ասացվածք կա՝ եթե մարդուն ասում ես, որ նա խոզ է, վերջում նա սկսում է խոզի պես խռխռալ: Դրա համար մենք ուզում ենք փոքր-ինչ քաջալերել՝ դրանով ասելով, թե մենք ընդունակ ենք նաեւ լավը տեսնել: Կառավարության ծրագրում տեղ գտան մի շարք հարցադրումներ, որոնց մենք կարեւորություն ենք տվել: Այդ ծրագրի արդյունքում հաստատվել է բյուջե, որի ծախսային մասը նախորդի համեմատ 750-800 մլն դոլարով ավելի է: Թոշակներն ավելանալու են 60 տոկոսով: Կոռուպցիայի դեմ պայքարին նույնպես մեծ կարեւորություն է տրված: Նման ծրագրերը, եթե շարունակվեն՝ կտան բարիդրացիական արդյունք: Իսկ եթե դու պետության շահով ես առաջնորդվում, ապա պարտավոր ես ճիշտ քաղաքականություն վարել, քաջալերել՝ անկախ նրանից, որ նա քո մրցակիցն է»,- ասում է Ա. Գեղամյանը եւ գտնում է, որ կառավարության ծրագրում եւ աշխատանքում տեղ գտած դրական զարգացումները նաեւ իր «Հակաճգնաժամային ծրագրի» հետեւանքն են:
Ինչո՞ւ է իրեն ընդդիմադիր համարող ԱՄԿ ղեկավարը վերջին շրջանի իր ելույթներում ավելի շատ քննադատում Լ.Տեր-Պետրոսյանին, քան գործող իշխանություններին: Վերջապես ո՞րն է պարոն Գեղամյանի դիրքորոշումը, նա ընդդիմադիր է ընդդիմությա՞նը, թե՞ իշխանություններին: Արդյո՞ք հիմքեր ունեն տարածված այն կարծիքները, թե իրականում Ա. Գեղամյանը համագործակցում է իշխանությունների հետ: «Սյդ դիտարկումը բացարձակապես սխալ է: Մենք պարզապես արձագանքում էինք այն զրպարտանքներին, որոնք հնչում են Լ.Տեր-Պետրոսյանի կողմից խմբագրվող թերթերի էջերից»,- պատասխանեց ԱՄԿ նախագահը:
Լրագրողներից մեկը հարց բարձրացրեց, թե եթե քարոզարշավի ավարտին ընդդիմության ներկայացուցիչները միանան, ապա ինչպե՞ս կվարվի պարոն Գեղամյանը: Թեեւ հարցը շատ ընդհանուր էր, եւ հարցի հեղինակը չէր կոնկրետացրել, թե խոսքը ո՞ր թեկնածուի շուրջը միավորվելու մասին է, այնուամենայնիվ Ա. Գեղամյանն այստեղ էլ խոսեց Լ.Տեր-Պետրոսյանի մասին: «Ես ասել եմ, որ չեմ տեսնում որեւէ իրավիճակ, որ ես հանկարծ գիտակցաբար միանամ Լ. Տեր-Պետրոսյանին»,- հայտարարեց Ա. Գեղամյանը, որի խոսքից կարելի էր ենթադրել, որ ինքը քաղաքական որոշումներ է կայացնում նաեւ անգիտակից վիճակում:
Նախորդ շաբաթ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման վերաբերյալ վճիռը կայացնել ավելի ուշ: Կուսակցությունը Վազգեն Մանուկյանին, Արթուր Բաղդասարյանին, Վահան Հովհաննիսյանին եւ Լ.Տեր-Պետրոսյանին կոչ էր արել՝ «հաղթական համատեղման նպատակով արտակարգ ու լիազոր վերանայում կատարել մեկնարկելիք նախընտրական պայքարի մարտավարության մեջ»: Վերը նշված թեկնածուների շարքում բացակայում էր Ա.Գեղամյանի անունը: «Ժառանգության» որոշման մեջ ինչո՞ւ նշված չէ ԱՄԿ ղեկավարի անունը: «Արտաշես Գեղամյանի քաղաքական վարքագիծը մտահոգություն է առաջացնում: Ակնհայտ է, որ Ա.Գեղամյանի քարոզչությունը, համենայնդեպս, մինչեւ այսօր որ հնչել է, միտված չէ երկրում համակարգային փոփոխությունների իրականացմանը, այլ ավելի շատ ամրապնդում է հենց իշխանության դիրքերը»,- ասել էր «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Ինձ համար էլ կասկածելի է թվում, թե ինչպես ստացվեց, որ կուսակցությունը (հավանաբար նկատի ուներ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին.- Ա.Ա.) Թալինի շրջանում հավաքեց ընդամենը 3,5 տոկոս ձայն, երբ դրանից 2-3 ամիս առաջ հայտնվել էր Ազգային ժողովում»,- ի պատասխան «Ժառանգության» նշված դիրքորոշմանը՝ հայտարարեց Ա.Գեղամյանը:
Իսկ ընդհանրապես Արտաշես Գեղամյանը չի՞ հոգնել նախագահ դառնալու համար պայքարելուց: Չէ՞ որ նախորդ երկու նախագահական ընտրություններում նա պարտվել է: Բացի այդ, 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ նույնպես նրա ղեկավարած կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի արգելքը եւ մտնել ԱԺ: Ի՞նչ երաշխիք կա, որ նման վարկանիշի դեպքում պարոն Գեղամյանը կկարողանա նախագահ դառնալ: Եվ ընդհանրապես, Ա. Գեղամյանն այս անգամ ի՞նչ զգացողություններով է գնում նախագահական ընտրությունների: Ինչպես առաջի՞ն անգամ, թե՞ նախորդ տարիների անհաջողություններից ավելի իմաստնացած: Մեր նշված հարցերին ի պատասխան՝ Ա. Գեղամյանն այսպես ասաց. «Հոգնում է այն մարդը, ով ասելիք չունի, ով սպառել է իրեն: Ես ասելիք ու անելիք ունեմ, եւ առաքելություն ունեմ մեր երկրում: Մեծ Բրիտանիայի ամենասիրված վարչապետ Բենջամին Դիզրաելին հինգերորդ անգամ նոր դարձավ Ներկայացուցիչների պալատի անդամ: Այնպես որ, ես հետեւելով Դիզրաելին՝ իմ ապագան տեսնում եմ, եւ շատ շուտով իմ ապագան կտեսնեն բոլորը: Ապագաս լինելու է կայուն, ինքնիշխան զարգացող երկիր կերտողների առաքելություն»: