ԱԺՄ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե սխալ է այն մոտեցումը, երբ մարդիկ ասում են, թե ստիպված են ընտրել չարյաց փոքրագույնին: «Եթե մարդիկ իրենց քվեարկությամբ որոշում են իրենց նախագահին, ինչո՞ւ պիտի չարյաց փոքրագույնն ընտրեն: Ընտրությունների ժամանակ պետք է լինի ընտրություն վատի եւ լավի միջեւ: Եվ ժողովուրդը պետք է ընտրի լավին»,- ասել է նա: Ըստ Վ. Մանուկյանի` ապագա նախագահը պետք է խուսափի երկու վտանգներից: «Ինքը կարող է իրեն զգալ մեսիա` որպես փրկիչ այս ազգի, ու քանդի այն ամենը, ինչ կա` դա մի ծայրահեղություն: Մյուս ծայրահեղությունը, որ ավելի վտանգավոր է եւ ավելի տեսանելի, մարդը կարող է գալ, տեսնել, որ բուրգը ձեւավորված է, եւ եթե դու բուրգի գագաթին ես գտնվում, դու ունես անսպառ իշխանություն եւ անսպառ քանակությամբ ֆինանսներ, ինչո՞ւ մաս չդառնալ այդ բուրգին: Մեզ պետք է մարդ, որը ոչ այս ծայրահեղության մեջ ընկնի, ոչ էլ` այն»: Թեկնածու Մանուկյանի ասելով` հեռուստատեսությունը, մամուլը, DVD-ները, կարեւորագույն շերտերի հետ փոքր հանդիպումներն այժմ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մեծ հանրահավաքները մարզերում: