Բանավեճի կարիք կա

23/01/2008

Երեկ` նախընտրական քարոզարշավի առաջին օրը, «Հայելի» ակումբ հրավիրված մտավորականները հույս են հայտնել, որ երկրում կստեղծվի քաղաքակիրթ բանավեճի մթնոլորտ, որն էլ թույլ կտա ճիշտ կողմնորոշվել ընտրության հարցում: ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ ակնկալում է քաղաքակիրթ քարոզարշավ, իսկ նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Ժամանակին աշխատել եմ առաջին նախագահի աշխատակազմում, բայց դա ինձ չի խանգարում այսօր իմ ձայնը տալ Սերժ Սարգսյանին: Հայաստանում ստեղծված իրադրությունը բավական բարդ գործընթացների արդյունք է. հանրապետությունում տեղի է ունենում նոր դասակարգի ձեւավորում, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել իշխանությունը: Փաստորեն` այդ իշխող դասակարգի ձեռքում գտնվում են տնտեսական եւ քաղաքական իշխանությունը, սա նորմալ երեւույթ է նման տիպի պետություններում, եթե նայենք պատմությունը, կտեսնենք, որ պետության կայացումը տեղի է ունենում այդպես, ի տարբերություն մյուս երկրների` Հայաստանում ավելի արագ զարգացան սոցիալական գործընթացները»,- ասել է նա:

Ռ. Սաֆրաստյանն ավելացրել է, որ սոցիալական գործընթացները հուշում են, որ ներկա իշխանությունները պետք է շարունակեն ղեկավարել հանրապետությունը, որն էլ առաջընթաց արձանագրելու հիմք կդառնա, իսկ «իշխանությունների փոփոխությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»: ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը նույնպես հույս է հայտնել, որ երկրում կստեղծվի քաղաքակիրթ բանավեճի մթնոլորտ. «Նման բանավեճը մեզ համար շատ օգտակար կարող է լինել, հնարավոր կլինի կողմնորոշվել, այլ ոչ թե ամեն ինչ ուղղել մեկի դեմ կամ մյուսի օգտին»,- նկատել է նա: Ա. Եղիազարյանը թեեւ չի նշել, թե ում է տալու իր ձայնը նախագահական ընտրություններում, բայցեւ ասել է. «Սերժ Սարգսյանը ցանկանում է շփվել բոլոր շերտերի հետ եւ կոնկրետ գործեր անել, դա, անշուշտ, ավելի լավ է, քան լոզունգներով հանդես գալը: Կոռուպցիայի դեմ պայքարը հեշտ գործընթաց չէ, այստեղ անհրաժեշտ են շատ լուրջ փոփոխություններ, եթե ներկայիս վարչապետը կարողանա բարոյական մթնոլորտ ստեղծել, դրան գումարած՝ վերջին մի քանի ամսվա նրա կատարած աշխատանքը, ես կլինեմ նրա կողմնակիցը»,- ասաց նա: Իսկ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը նշել է, որ իր ձայնը տալու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նրան տեսնում է որպես երկրի գրագետ ղեկավար: