Երեկ պաշտոնապես մեկնարկեց ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը: ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավը սկսեց Արագածոտնի եւ Շիրակի մարզի որոշ բնակավայրեր այցելելով: Նրա երեկվա երթի առաջին կանգառը Պեմզաշեն գյուղում էր, որտեղ վաղ առավոտյան հավաքվել էին մոտ 200 գյուղացիներ: Լ. Տեր-Պետրոսյանը գյուղացիներին ասաց, որ իշխանության հույսն ընտրակեղծիքները, վարչական ռեսուրսն ու ընտրակաշառքն է, սակայն այս անգամ դա էլ չի նրանց փրկի: Ի դեպ, ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր հանդիպումների ժամանակ քաղաքացիներից շատերը վախենում էին ձայնագրիչի առաջ խոսել, առավելեւս՝ ներկայանալ: Միայն տեղեկացնում էին, որ իրենց վախեցնում են, որ քաղաքապետարանի կամ գյուղապետարանի աշխատակիցներն արդեն առավոտից Ոստիկանության հետ միասին ձեռնամուխ են եղել Տեր-Պետրոսյանի քարոզչական պաստառների պոկման գործին, եւ այլն: Բոլոր տեղերում մարդիկ, մեղմ ասած, տհաճությամբ (ոչ հրապարակման ենթակա բառերով) էին արտահայտվում որոշ «ընդդիմադիրների», մասնավորապես՝ Արտաշես Գեղամյանի մասին: Պեմզաշենից հետո ՀՀ առաջին նախագահի հաջորդ կանգառն Արթիկ քաղաքում էր: Քաղաքի հրապարակում կայացած հանրահավաքին մասնակցում էր մոտ 2 հազար մարդ: Այստեղ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե փոփոխությունների, հաղթանակի հասնելու համար պետք է համախմբվել, ինչն էլ արել են մոտ 20 կուսակցություններ եւ մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ՝ առաջիկա նախագահական ընտրություններում հանդես գալով միասնական թեկնածուով՝ պաշտպանելով Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Ս. Դեմիրճյանը նկատեց, որ Լ. Տեր-Պետրոսյանը նախագահի միակ թեկնածուն է, ով իր ծրագրում նշել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտման անհրաժեշտության մասին: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանն էլ իր ելույթում ասաց, թե ակնհայտ է, որ պայքարն ընթանում է երկու թեկնածուի միջեւ, որոնցից մեկն, ըստ նրա, ժողովրդի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Ժողովրդական ասացվածքն ասում է. եթե քեզ մի անգամ խաբում են, մեղավոր է նա, ով քեզ խաբել է: Բայց երբ նույն մարդը քեզ խաբում է 2-րդ, 3-րդ անգամ, մեղավորը դու ես, որ թույլ ես տալիս քեզ խաբեն»,- նկատեց Ա. Սարգսյանը: Հանրահավաքը եզրափակվեց առաջին նախագահի ելույթով: «Ես գիտեմ, իմ նախագահության օրոք ես չեմ արդարացրել ձեր բոլոր հույսերը. եղել են հիասթափություններ, եղել են դժգոհություններ, եղել են շատ ճիշտ քննադատություններ: Ես այդ ամենն ընդունում եմ, եւ եթե դուք կարծում եք, որ այդտեղ ես մեղք ունեմ, ես ներողություն եմ խնդրում այդ մեղքի համար»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը: «Գողը համարձակ է, երբ նրան վտանգ չի սպառնում, բայց երբ զգում է, որ շուտով կանգնելու է ժողովրդի դատաստանի առջեւ, նա ամենաթույլ իշխանությունն է: Մի հավատացեք նրանց ուժային համակարգերի հավատարմությանը: Ոստիկանության, անվտանգության ծառայության անդամների 90%-ը մեր ժողովրդի հարազատ զավակներն են, եւ նրանք, եթե այսօր չեն արտահայտվում, հոգով մեզ հետ են»,- վստահեցրեց նա՝ նախապես շնորհավորելով հավաքվածներին՝ փետրվարի 19-ի հաղթանակի կապակցությամբ: Լ. Տեր-Պետրոսյանը երեկ եղավ նաեւ Մեծ Մանթաշ, Ծաղկահովիտ, Ալագյազ, Քուչակ, Շենավան, Ափնագյուղ եւ Օհանավան գյուղերում: Այս գյուղերում նրան ուղեկցող մոտ 40 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյանը գյուղի մուտքի մոտ դիմավորում էին ձիավոր դրոշակակիրներ, ովքեր շարասյունն ուղեկցում էին դեպի գյուղի կենտրոն, որտեղ հավաքված էին 3-400 գյուղացիներ: Ծաղկահովիտ գյուղում տեղեկացրեցին, որ հենց քարոզարշավի մեկնարկի օրը հարկադրաբար փակել են Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը: Գյուղացիներից մեկը՝ Ռոմիկ Հակոբյանը, մեր հարցին, թե՝ ո՞ւմ եք ընտրելու՝ պատասխանեց՝ Լ. Տեր-Պետրոսյանին՝ դա հիմնավորելով այն փաստով, որ նա երկրի հիմնադիրներից է, գիտնական, ներկայանալի եւ հպարտություն ներշնչող: «Բացի նախագահից, այսօր ոչ մեկը չի կարող էս երկիրն էս վիճակից հանել»,- գտնում էր մեր զրուցակիցը: Վերոնշյալ գյուղերից շատերում կանգառներ նախատեսված չէին, սակայն հարյուրավոր գյուղացիներ գյուղի մուտքի մոտ հավաքվել եւ սպասում էին: Չնախատեսված նման մի կանգառում՝ Ափնագյուղում, Լ. Տեր-Պետրոսյանի ոտքերի տակ ոչխար մորթեցին: Պարզվեց նաեւ, որ նախագահի թեկնածուի ժամանումից րոպեներ առաջ գյուղում հայտնվել են «Վիլիս» մեքենայով ինչ-որ մարդիկ, ովքեր ծեծել են երկու կնոջ, ու գյուղացիներին սպառնացել, որ նրանք չմասնակցեն հանդիպմանը: Ու, չնայած սրան, գյուղում մոտ 200 մարդ էր հավաքվել: Լ. Տեր-Պետրոսյանը ծեծի ենթարկված կանանցից մեկից հետաքրքրվեց, թե ովքեր էին այդ ծեծողները, այնուհետեւ նրա կողմնակիցներից ոմանք փորձեցին պարզել վերոնշյալ մեքենայի համարը: Սակայն Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումներին խոչընդոտելու գործով երեկ առաջատարը գլխավոր դատախազի ծննդավայր Ապարանն էր, որտեղ առաջին նախագահին դիմավորեցին աղուհացով: Տեղի ունեցած հանրահավաքի մոտ 800-1000 մասնակիցներից շատերը պարզապես ձայնագրիչ տեսնելիս շրջվում էին ու արագ-արագ հեռանում: Իսկ մի քանիսը, ովքեր համարձակվում էին խոսել, բայց առանց ներկայանալու, ասում էին, որ բնակիչներին զգուշացրել են, որպեսզի նրանք չգան հանրահավաքի: Այստեղ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում նկատեց, որ այն ամենը, ինչում մեղադրում են նախորդ իշխանություններին, վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին, ով այդ իշխանության ժամանակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Լ. Տեր-Պետրոսյանը նշեց նաեւ, որ բացի նախորդ իշխանություններին վերագրվող մեղքերում իր մասնաբաժինն ունենալուց, Ս. Սարգսյանը կրում է նաեւ «այս վերջին 10 տարվա հանցավոր իշխանության բեռը, եւ կոնկրետ պատասխանատու է ամենաաղաղակող հանցագործությունների, մասնավորապես՝ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության համար՝ գումարած այն ամբողջ թալանը, այն ամբողջ հարստահարումը, որը տեղի է ունեցել այս 10 տարվա ընթացքում»: «Ես մենակ չեմ գալիս: Ես գալիս եմ հաղթած նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, ես գալիս եմ հաղթած վարչապետ Արամ Սարգսյանի հետ, ավելին՝ ես գալիս եմ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հետ»,- հայտարարեց նա: Վերջին կանգառը Աշտարակ քաղաքն էր, որտեղ կայացած հանրահավաքին մասնակցում էր մոտ 2-2,5 հազար մարդ: Ամբողջ քաղաքը ողողված էր Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառներով: Տեղացիները փոխանցեցին, որ առավոտից քաղաքապետարանի աշխատակիցները զբաղված են Լ. Տեր-Պետրոսյանի քարոզչական պաստառները պոկելով: Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, թե այս ընտրություններով փարատվելու է այն վիրավորանքը, որը կար 1998-ին, 2003-ին, երբ մարդիկ ընտրեցին Կարեն եւ Ստեփան Դեմիրճյաններին, սակայն նրանց ձայնը հաշվի չառան: